ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն երկրներից, որտեղ վերջին շրջանում արձանագրվել են «խոզերի աֆրիկյան ժանտախտ» (Ռուսաստանի Դաշնություն) եւ «թռչնագրիպ» (Չինաստան) հիվանդությունները, արգելվել են բոլոր տեսակի կենդանական ծագմամբ հումքի ներկրումները Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյանը :
Հանրապետությունում անասնաբուժական հակահամաճարակային կայուն իրավիճակն ապահովելու, ինչպես նաեւ կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխարգելելու նպատակով մարզերում եւ հսկիչ սահմանային կետերում առավել ուժեղացվել են անասնաբուժական կարանտին ծառայության վերահսկողական աշխատանքները: Սահմանային հսկիչ կետերում շարունակաբար ախտահարվում են հանրապետություն մտնող բոլոր տեսակի ավտոմեքենաները, կանխարգելվում են կասկածելի ծագմամբ կամ առանց համապատասխան փաստաթղթերի գյուղատնտեսական հումքի ներկրումները:
Ըստ Գ. Թովմասյանի` «խոզերի աֆրիկյան ժանտախտ» հիվանդության վերջին դեպքը հանրապետությունում արձանագրվել է 2008 թվականի մայիսի սկզբին` «Շիկահող» արգելոցում (Սյունիքի մարզ): Հայտնաբերված երկու վարազների դիերը, որոնք ունեցել են հիվանդության նախանշաններ, լաբորատոր փորձաքննությունից հետո ոչնչացվել են: Իսկ թռչնագրիպի դեպք հանրապետությունում ընդհանրապես չի արձանագրվել:
Գ. Թովմասյանի հավաստիացմամբ` ինչպես նշված տեղանքում, այնպես էլ հանրապետությունում հակահամաճարակային վիճակը ներկայումս կայուն է: