Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարում Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հունվարի 18-ին եւ 19-ին նշեց Սուրբ Ծնունդը: Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ հայր Թեոդորոսից երեկ հեռախոսով տեղեկացանք, որ եկեղեցական արարողություններն անցել են հանգիստ ու խաղաղ, հույն հոգեւորականների հետ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: «Ամեն ինչ լավ էր, փառք Աստծո, բոլոր արարողությունները կատարեցինք, բացի դրսի շքերթներից: Հունվարի 18-ին Բեթղեհեմում մեզ դիմավորեցին տաճարի մուտքի մոտ Պաղեստինի մշակույթի նախարարը, Բեթղեհեմի կառավարիչն ու քաղաքապետը, ոստիկանապետը: Նրանցից քրիստոնյա է միայն Բեթղեհեմի քաղաքապետը, սակայն կեսգիշերին բոլորը եկան մասնակցելու մեր եկեղեցական արարողության», ասաց հայր Թեոդորոսը: Սբ Ծննդյան տաճարում անցկացված տոնական արարողություններին ներկա են եղել նաեւ Հայաստանից, Մ. Նահանգներից մեկնած հոգեւոր հայրեր ու ավելի քան 100 ուխտավորներ:
Ռ. Պ.