«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2009-01-17 | #6, 2009-01-20 | #7, 2009-01-21


ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԵՅՈ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՊԱՏՎՈՒՄ Է ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Իր հիմնադրման 150-ամյակի առթիվ անցած տարեվերջին կայացած պաշտոնական հանդիսությունների ժամանակ Ճապոնիայի Կեյո համալսարանը, խախտելով ավանդույթը, մեկի փոխարեն 2 պատվավոր դոկտորի աստիճան է շնորհել իր միջազգային խորհրդատուներին, որոնցից մեկը «Կարնեգի» կորպորացիայի (Նյու Յորք) նախագահ Վարդան Գրիգորյանն է, մյուսըՙ Դաունինգ քոլեջի (Քեմբրիջ) փոխկանցլեր եւ նախկին դաստիարակ Պիտեր Մաթիասը, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 20-ի համարը:

Դոկտ. Գրիգորյանը, որը 1988-1997 եղել է Բրաուն համալսարանի (Մ. Նահանգներ) նախագահը, պատվի է արժանացել ոչ միայն Կեյոյին աջակցելու, այլեւ ընդհանրապես բարձրագույն կրթության բնագավառում իր անգնահատելի ներդրումների եւ բարեգործական-մարդասիրական աշխատանքների համար:

Կեյո համալսարանն առաջին մասնավոր եւ առաջադիմական գաղափարների ջատագով կրթօջախն է Ճապոնիայում: Ըստ հաղորդագրության, հիմնադրվել է 1858-ին Ճապոնիայի առաջին պետական գործիչ Յուկիչի Ֆուկուզավայի կողմից, որը ոգեշնչված է եղել Բրաուն համալսարանի 4-րդ նախագահ Ֆրենսիս Ուեյլենդի ռեֆորմիստական նյութերից: Վերջինս գիտության եւ տեխնոլոգիական բնագավառների առարկաներն ընդգրկել է ուսումնական ծրագրերի մեջ, հիմնել լեզուների եւ գրականության դասընթացներ եւ թույլատրել ուսանողներին ընտրել իրենց նախասիրած առարկաները: Ֆրենսիս Ուեյլենդի օրն ամեն տարի նշվում է Կեյո համալսարանում մայիսի 15-ին:

150-ամյակի հանդիսություններին, որոնք տեւել են 3 օր, ներկա է գտնվել Սկիհիտո կայսրն ու նրա կինըՙ Միչիկոն, մասնակցել են ավելի քան 12 հազար ուսանողներ, նախկին շրջանավարտներ եւ դասախոսներ: Պաշտոնական արարողությունից բացի, ներկայացվել է նաեւ ճապոնական դասական «Նոհ» պիեսը, հրատարակվել է հիշատակի դրոշմաթուղթ եւ տեղի է ունեցել սիմպոզիումՙ նվիրված Ասիայի ապագային:

Պատվո աստիճանը Վարդան Գրիգորյանին եւ Պիտեր Մաթիասին է շնորհել Կեյոյի ներկա նախագահ Յուիչիրո Անզային:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4