Մայրաքաղաքի «Կիլիկիա» մարզասրահում իրենց մրցավեճն ավարտեցին հունահռոմեական ոճի Հայաստանի առաջնության պարգեւները վիճարկող ըմբիշները: Դա մեր ըմբիշների համար ուժերի լավ ստուգատես էր առաջիկա միջազգային մրցումներից առաջ:
Մեր առաջատար ըմբիշներն իրենց բարձրության վրա էին: Մինչեւ 60 կգ քաշային կարգում իր հավասարը չուներ օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Ռոման Ամոյանը` հռչակվելով ՀՀ չեմպիոն: Մինչեւ 74 կգ քաշային կարգում էլ ոսկե մեդալի արժանացավ Արսեն Ջուլֆալակյանը: Մինչեւ 96 կգ քաշայինների մրցավեճում հաջողությունն ուղեկցեց ախուրյանցի Արման Գեղամյանին: Ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 55 կգ) հաղթող ճանաչվեց գյումրեցի Շավիղ Գեւորգյանը: Էջմիածնեցի Արթուր Շահինյանը հաղթեց մինչեւ 84 կգ քաշայինների մրցավեճում, իսկ գերծանրքաշայինների պայքարում առաջին տեղը զբաղեցրեց երեւանցի Վաչիկ Եղիազարյանը:
Արտասովոր դեպք գրանցվեց 66 կգ քաշայինների մրցավեճում: Եզրափակիչում գոտեմարտում էին երեւանցի Սասուն Ղամբարյանն ու գյումրեցի Խոսրով Մելիքյանը: Մրցավարները չկարողացան որոշել ուժեղագույնին եւ... երկու ըմբիշներին էլ հռչակեցին Հայաստանի չեմպիոն:
Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի հավաքականը, որը փետրվարին մասնակցելու է 8 ուժեղագույն ընտրանիների մասնակցությամբ կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Ֆրանսիայում կայանալիք մրցաշարում մեր հավաքականի մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Կուբան, Ղազախստանը, Հունգարիան եւ Ադրբեջանը: Պատասխանատու այդ մրցաշարին մեր ըմբիշները Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ կնախապատրաստվեն Երեւանում: Հայաստանի առաջնությանը չմասնակցեց գերծանրքաշային ռուսաստանցի ըմբիշ, Պեկինի օլիմպիադայի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Յուր Պատրիկեեւը: Ըստ մարզիչների, նա Հայաստանում մրցակից չունի, ուստի անհատական ծրագրով է մարզվում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ