Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում էլ Լեւոն Արոնյանը հաշտություն կնքեց հոլանդացի գրոսմայստեր Դանիել Սթելվագենի հետ: Մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին 22-րդ քայլին: Սերգեյ Մովսիսյանը սեւերով խաղում էր Մագնուս Կառլսենի հետ: Այստեղ էլ մրցակիցները հաշտություն կնքեցին 39-րդ քայլում:
3-րդ տուրը հարուստ էր ոչ-ոքիներով: Միավորը բաժանեցին նաեւ Կարյակինն ու վան Յուեն, վան Վելին ու Սմիթսը, Ադամսն ու Դոմինգուեսը: Արդյունավետ ելք ունեցան միայն Մորոզեւիչի եւ Իվանչուկի մասնակցությամբ հանդիպումները: Նախորդ տուրում երկուսն էլ հաջողության էին հասել մեկնարկում կրած պարտություններից հետո: 3-րդ տուրը նրանց համար անհաջող դասավորվեց: Իվանչուկը սպիտակներով զիջեց Թեյմուր Ռաջաբովին, իսկ Մորոզեւիչը սեւերով պարտություն կրեց Գատա Կամսկու հետ պարտիայում:
3 տուրից հետո միանգամից 5 շախմատիստներ` Սերգեյ Կարյակինը, Գատա Կամսկին, Յան Սմիթսը, Թեյմուր Ռաջաբովն ու Սերգեյ Մովսիսյանը 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Լեւոն Արոնյանը, Դանիել Սթելվագենը, Մագնուս Կառլսենը եւ Լենյեր Դոմինգուեսը վաստակել են 1,5-ական միավոր: 4-րդ տուրում Արոնյանը սեւերով խաղալու է Մագնուս Կառլսենի հետ, իսկ Մովսիսյանի մրցակիցը կլինի Դոմինգուեսը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ