«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2009-01-17 | #6, 2009-01-20 | #7, 2009-01-21


ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ՄՐՑԱՎԵՃՆ ԷԼ ՍԿՍՎԵՑ

Իրենց մրցավեճը սկսեցին նաեւ շախմատի Հայաստանի կանանց 64-րդ առաջնության պարգեւները վիճարկող շախմատիստուհիները: Մրցավեճի են բռնվել 10 շախմատիստուհիներ, որոնց մեջ ամենափորձառուներն են օլիմպիադայում հանդես եկած միջազգային վարպետներ Լիլիթ Գալոյանն ու Սիրանուշ Անդրեասյանը, ինչպես նաեւ գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը: Մրցաշարին չեն մասնակցում նրանց խաղընկերուհիներ Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը, իսկ Էլինա Դանիելյանն այս տարի նախընտրել է հանդես գալ տղամարդկանց մրցավեճում:

Մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Լիլիթ Գալոյանը (2316): Նա բավական հաջող սկսեց առաջնությունը` գլխավորելով աղյուսակը, 4 հնարավորից վաստակելով 3,5 միավոր: Լիլիթը ոչ-ոքի խաղաց Անի Խանամիրյանի հետ, ապա հաղթեց Նաիրա Մովսիսյանին, Նարինե Գասպարյանին եւ Մարիանա Գասպարյանին: Անի Խանամիրյանը, որ հաղթել էր Անահիտ Խառատյանին եւ Սյուզան Չաքրյանին, 4-րդ տուրում անդրանիկ պարտությունը կրեց` զիջելով Լիա Մարտիրոսյանին:

Մեկնարկային երեք տուրերում 100 տոկոսանոց արդյունքի էր հասել Աննա Հայրապետյանը` հաղթելով Անահիտ Խառատյանին, Սյուզան Չաքրյանին եւ Լիա Մարտիրոսյանին: 4-րդ տուրում նրա հաղթարշավը կանգնեցրեց Սիրանուշ Անդրեասյանը, որը մինչ այդ հաղթել էր նաեւ Մարիանա Գասպարյանին, ոչ-ոքի էր խաղացել Սյուզան Չաքրյանի հետ եւ պարտվել էր Լիա Մարտիրոսյանին: Անդրեասյանը Անի Խանամիրյանի եւ Նարինե Գասպարյանի հետ 2,5 միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը:

Ընդհանրապես կանանց առաջնությունն աչքի է ընկնում պարտիաների արդյունավետությամբ: Կայացած 20 մրցախաղերից միայն 4-ն է խաղաղ ելք ունեցել: 4-րդ տուրում հաշտություն կնքեցին Նարինե Գասպարյանն ու Անահիտ Խառատյանը, Նաիրա Մովսիսյանն ու Սյուզան Չաքրյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4