Մոսկվայում կայացած «գազի գագաթաժողովին» մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի ղեկավարի աշխատանքային այցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերի շնորհիվ: Բացի հանդիպման հյուրընկալողից, Սերժ Սարգսյանը միակ պետության ղեկավարն էր, որը մասնակցել է միջազգային խորհրդաժողովին: Մնացած երկրները ներկայացված են եղել հիմնականում նախարարների կամ վարչապետների մակարդակով:
Հայաստանի նախագահի մասնակցությունը «գազի գագաթաժողովին» կարելի է գնահատել որոշակիորեն նշանավոր: Թվում է, թե ի՞նչ կապ ունի Մոսկվայի ու Կիեւի «գազի պատերազմի» հետ Հայաստանըՙ ռուսական գազի երկրորդական (ըստ ծավալների) սպառողը: Այդ հարցի պատասխանը պարզ է դառնում, եթե հիշենք, որ առաջիկա տասնամյակներում Հարավային Կովկասը կարող է դառնալ Եվրոպա գազի մատակարարման կարեւորագույն տարանցումային տարածք: Հանգամանքների որոշակի բերումով, Հայաստանը երկրորդական սպառողից կարող է վերածվել նշանակալի տարանցումային երկրի:
Այսօր «երկնագույն վառելիքը» Հայաստան է փոխադրվում երկու ուղիներովՙ Ռուսաստանից եւ Իրանից: Հյուսիսից ձգվող 1000 միլիմետրանոց խողովակաշարով Ռուսաստանից «երկնագույն վառելիքը» հոսում է հանրապետություն Վրաստանի տարածքով: Հայաստան ռուսական գազի մատակարարման մենաշնորհը պատկանում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերը «Գազպրոմն» է: Ռուսական գազի մատակարարման ծավալները կազմում են օրական 6.5 միլիոն խորանարդ մետր:
2008 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Իրան-Հայաստան» գազատարի «Քաջարան-Արարատ» գծային հատվածի կառուցման ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում: Գազատարի շինարարությունը նշված հատվածում իրականացրել է «Հայռուսգազարդը»: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 130 միլիոն դոլար: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին «Գազպրոմի» ու Հայաստանի կառավարության միջեւ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետոՙ 2007 թվականին եւ ավարտվել ռեկորդային կարճ ժամկետում: Սկզբնական փուլում Հայաստանը կարող է Իրանից ներմուծել 1.1, իսկ 2019 թվականիցՙ 2.3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Առաջին հայացքից թվում է, թե Իրանից Հայաստան գազատարը տեղական նշանակության նախագիծ է: Դա ընդամենը առաջին հայացքից: Այն, որ 711 միլիմետր տրամագծով խողովակաշարի կառուցումը «մարտական հետախուզում» էր տարածաշրջանում, պարզ է դարձել ծրագրի իրականացման առաջին իսկ քայլերից: Այդ շինարարությանը Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտության մասին 2005 թվականին Դաշնության խորհրդի հանձնաժողովի նիստում սենատորներին համոզել էր «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: «Եթե «Գազպրոմ»-ը չմասնակցի «Իրան-Հայաստան» գազատարի կառուցմանը, ապա հայտնի չէ, թե ուր է գնալու այդ գազը, այն կարող է դառնալ Թուրքիայում «Երկնագույն հոսքի» մրցակիցը», այդ ժամանակ հայտարարել էր «Գազպրոմի» վարչության փոխնախագահը: Հարավային Կովկասում ռուսական գազի հոլդինգի ներկայությունը հատկապես կարեւոր է այն պայմաններում, երբ Եվրոպան (զանազանեցման նպատակով) ակտիվ քննարկում է Կենտրոնական Ասիայից գազի մատակարարման նախագծերը: Այդ նախագծերից ամենահայտնինՙ «Նաբուկկոն» է, որի միջոցով Ղազախստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից, նաեւ Իրանից ու Ռուսաստանից «երկնագույն վառելիքը» Թուրքիայի տարածքով կարող է մատակարարվել եվրոպացի սպառողներին: Շինարարության համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2007 թվականին: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 7.9 միլիարդ եվրո: Նախատեսվող մայրուղով գազը կարող է փոխադրվել ամենաշուտը 2013 թվականին: Խողովակաշարի երկարությունը կազմելու է 3300 կիլոմետր, հզորությունըՙ տարեկան 30 միլիարդ խմ:
Ռուս-ուկրաինական գազային հակամարտության կապակցությամբ ակտիվացել են խոսակցությունները դեպի Եվրոպա գազատարերի շուրջը` շրջանցելով Ռուսաստանը: Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկի հետ հանդիպման ընթացքում ադրբեջանցի նախագահ Իլհամ Ալիեւը հիշեցրել էր «ամեն օր լրատվությամբ ներկայացվող վերջին իրադարձությունների» մասին: Ընդ որում, նա նշել է, թե «չի եղել դեպք», երբ ադրբեջանական գազի արտահանման գործարքների կապակցությամբ «սպառողները խնդիրներ ունենան»: Այսպիսով, եզրակացրել է Ադրբեջանի նախագահը, «էներգամատակարարման զանազանեցման» անհրաժեշտությունը միայն ավելանալու է:
Սակայն Ասիայից Եվրոպա գազի ուղիների հարցում ամեն ինչ այդքան հարթ չէ: Ամենից առաջ, դեռ պարզ չէ, թե որ երկրների տարածքով են անցնելու խողովակները: Օրակարգային է Իրանի մասնակցության հարցը: Խողովակաշարը կարող է անցնել իրանական տարածքով կամ էլ Կասպից ծովի հատակով: Այսինքն, Միջին Ասիայից անմիջապես դեպի Ադրբեջան: Ընդ որում, Իրանն առաջարկում է Եվրոպա գազի փոխադրման սեփական նախագծեր, որոնցից մեկը Persian Pipeline խողովակաշարն է: Դեպի Թուրքիա գազի մայրուղի կառուցելու մտադրության մասին 2008 թվականի դեկտեմբերի սկզբին հայտարարել էր Իրանի նավթի փոխնախարար Աքբար Թուրքանը:
Կան տարբերակներ, համաձայն որոնց, գազատարը հատելու է իրանա-թուրքական սահմանը եւ, անցնելով Թուրքիան, ձգվելու է Եվրոպա: Ի դեպ, Իրանն ու Թուրքիան միացնող, սակայն ավելի ցածր թողունակությամբ գազի նման մայրուղի գոյություն ունի: Բայց 30 միլիարդ խմ հզորությամբ կարեւոր խողովակաշար «ահաբեկչական ակտիվության» գոտիով անցկացնելու գաղափարն այնքան էլ խելամիտ չէ: 2008 թվականի փետրվարին «Անվտանգության տեխնոլոգիաներ» 13-րդ միջազգային համաժողովում ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը փաստել էր. «Նաբուկկո» խողովակաշարը, ընդ որում իր ամբողջ երկայնքով, կարող է համարվել առաջիկա տասնամյակների ահաբեկչական սպառնալիքների ցուցակում առաջին հորիզոնականները զբաղեցնող նախագծերից»: Կարծես ի հաստատումն այդ խոսքերի, օգոստոսի 6-ին քուրդ ապստամբները պայթեցրին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի թուրքական հատվածը, ցուցադրելով իրենց հնարավորությունները: Իսկ եթե նախագծվող գազատարը ձգվի դեպի Թուրքիա, շրջադարձ կատարելով դեպի Անդրկովկաս, ապա հարց է առաջանում, թե ո՞ր երկրներով: Տարբերակներից մեկով նախատեսվում է, որ «երկնագույն վառելիքով» խողովակն անցնելու է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով: Սակայն Վրաստանի տարբերակը լավագույններից չէ, հաշվի առնելով այդ պետության անկայունությունը: Հարավային Օսիայի դեմ վրացական բանակի ռազմարշավի նպատակըՙ անջատված հանրապետությունն ուժային տարբերակով վերադարձնելն էր: Թբիլիսին ցանկանում էր «կարգ ու կանոն հաստատել» արվարձաններում, միաժամանակ ցուցադրել, որ վրացական տարածքը պիտանի է տարանցումային նախագծերի համար: Սակայն, վրացական իշխանությունների «երկնագույն երազանքները» տապալվեցին: «Հնգօրյա պատերազմի» արդյունքում վրացական հողն ավելի անհրապույր դարձավ ներդնողների համար: Զարմանալի չէ, որ հնչել են գազատարը ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով անցկացնելու առաջարկներ: Իսկ նախաձեռնությունների հեղինակն Անկարան էր: 2008 թվականի սեպտեմբերին Reuters գործակալությունը հրապարակել էր Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հարցազրույցը: «Հայաստանը կարող էր այլընտրանք լինել գազատարի այն մայրուղուն, որը Կասպից ծովից գնում է դեպի Արեւմուտքՙ Ռուսաստանի ներխուժումից հետո անվստահելի դարձած Վրաստանի տարածքով», ընդգծել էր ԱԳՆ ղեկավարը: Դիտորդների գնահատմամբ, քանի որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում, ապա Թուրքիայի նախաձեռնությունը նվազեցնում է Մոսկվայի կողմից գազատարի նախագիծը բացասաբար ընդունելու սպառնալիքը: Այսպիսով, առաջարկ անելով Երեւանին, Անկարան միաժամանակ դաշինք է առաջարկում Մոսկվային: Իրադարձությունների զարգացման նման սցենարն առաջացրել է Բաքվի ցավոտ արձագանքը: «Նաբուկկո»-ի մայրուղին արդեն որոշված է: Նախատեսված է, որ գազատարն անցնելու է Ադրբեջանից Վրաստան, այնտեղից Թուրքիա, այնուհետեւ Հունաստան եւ Իտալիա: Քանի դեռ Հայաստանը չի ազատել օկուպացված հողերը եւ Հարավային Կովկասում խաղաղություն չի հաստատվել, անդրազգային նախագծերի իրականացման հարցում Ադրբեջանը Հայաստանի հետ չի համագործակցելու», սեպտեմբերի 24-ին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալի Հասանովը: Բացի այդ, «Վրաստանի հակամարտածին չսպառված ներուժի» հարցը քննարկվել է Թուրքմենբաշի քաղաքում նոյեմբերի 29-ի գագաթաժողովում, որին մասնակցել են Թուրքմենիայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները: Դռնփակ հանդիպման մասին, այնուամենայնիվ, որոշակի տեղեկություններ եղել են: Օրինակ, քննարկվել է Հայաստանի տարածքով խողովակաշար կառուցելու հարցը: Դա, իհարկե, պահուստային տարբերակ է: «Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը շարունակի համառորեն պնդել, թե չի ցանկանում, որ Հայաստանը մասնակցի Եվրոպա գազի փոխադրմանը», հարցնում են փորձագետները: Այդ դեպքում կարող է իրականացվել Բաքվի համար ամենաանընդունելի տարբերակը: Այն էՙ Իրանից գազատարը կարող է անցնել Հայաստանով դեպի Թուրքիա, շրջանցելով Ադրբեջանը: Այս տարբերակը փորձագետները չեն բացառում: «Անվտանգության տեխնոլոգիաներ» համաժողովի ընթացքում ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը հիշեցրել էր, որ քուրդ անջատականները խոստացել են որոշակի պայմանների դեպքում դիվերսիոն գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում: Մինչդեռ Հայաստանում աճող հետաքրքրությամբ են հետեւում գազի մայրուղիների կառուցման քննարկումներին: «Այսօր Հայաստանը տարածաշրջանում էներգետիկ նոր իրավիճակը գնահատում է որպես դրական փաստ եւ գիտակցում է տարածաշրջանային էներգետիկ խոշոր նախագծերում ներգրավված լինելու իրական հնարավորությունը, եւ որպես առանցքային մասնակից, մեր երկիրը կարող է դառնալ Հարավային Կովկասի էներգետիկ դաշտի հանգուցային խաղացողներից մեկը», անցած տարվա դեկտեմբերին «Տեղեկատվական պատերազմներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Էներգետիկ նախագծերի իրականացման գործում խոչընդոտը, ըստ ընկերության գլխավոր տնօրենի, քաղաքական մրցակցությունն է, «էներգետիկ ծանրքաշայինների» մրցավազքը հանքավայրերին, հանքահորերին եւ խողովակաշարերին հասնելու համար:
Այսպիսով, եթե ինչ-որ մեկը մտածում է, թե Կենտրոնական Ասիայից Եվրոպա գազատարի կառուցումն անպայման իրականացվելու է «Ռուսաստանը շրջանցելով», ապա չարաչար սխալվում է: Ռուսաստանն այսօր ներկա է գազի արդյունահանման վայրերումՙ Թուրքմենստանում, ի դեմս «Գազպրոմի»: Ռուսաստանը ներկա է նաեւ գազի տարանցման հնարավոր ճանապարհինՙ ի դեմս «Հայռուսգազարդի»:
Այնպես որ, Մեդվեդեւն ու Սարգսյանը «գազի գագաթաժողովի» ընթացքում քննարկման թեմաներ ունեցել են:
ԴՄԻՏՐԻ ՌԵՄԻԶՈՎ, ՌՈՍԲԱԼՏ-20.01.09