Որո՞նք են օբյեկտիվ ու կիրառման ենթակա եւ որոնքՙ անարդար ու չհիմնավորված
Երկու օր կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց էին անցկացնում մայրաքաղաքիՙ հիմնականում «Մալաթիա» տոնավաճառի մոտավորապես 300-400 առեւտրականներ, բողոքելով հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) տեղադրումից, ինչպես նաեւ իրենց աշխատանքային պայմաններից: Կառավարությանը ներկայացվեց դիմում, որտեղ առեւտրականները փորձել են ձեւակերպել իրենց դժգոհություններն ու առաջարկները:
Տոնավաճառների առեւտրականները նախ նշում են, որ իրենք չունեն նորմալ աշխատանքային պայմաններ, որ որեւէ հարցով դիմելիս ստանում են «Ձեռ չի տալիս, մի աշխատի» պատասխանը (ամենայն հավանականությամբՙ տոնավաճառների սեփականատերերից), չկա բուժկետ, հիվանդանալու դեպքում «տեղի փողը չի հանվում», «երկար տարիներ մուծելով մեծ գումարՙ չունեն աշխատանքային ստաժի իրավունք» եւ չունեն կազմակերպություն, որ պաշտպանի իրենց շահերը:
Վերոնշյալ պահանջները հիմնականում արդարացված են: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գոյություն ունի աշխատանքի պետական տեսչություն, որի պարտավորությունն է զբաղվել այսպիսի հարցերով եւ պարտադրել տոնավաճառների սեփականատերերին կյանքի կոչել առեւտուր անողների կամ աշխատակիցների պահանջներըՙ կապված աշխատանքային ստաժի գրանցման, բուժօգնության ապահովման, աշխատանքային պայմանների բարելավման հետ: Սակայն առեւտրականները նույնպես պետք է ակտիվ լինեն եւ իրենք, այլ ոչ ինչ-որ մեկը, պետք է ստեղծեն կազմակերպություն (արհմիություն), որը կպաշտպանի իրենց հավաքական շահերը:
Պահանջների երկրորդ մասը վերաբերում է ՀԴՄ-ների տեղադրումից հրաժարվելուն, պատճառաբանելով, թե շատերը չունեն կրթություն եւ չեն կարող օգտվել ՀԴՄ-ներից, որ պետք է սահմանել հաստատագրված վճար, որ տոնավաճառների առեւտրականները կսնանկանան եւ կդառնան գործազուրկ եւ այլն: Ընդ որում, այդ պատճառաբանությունները գրեթե նույնությամբ կրկնվում էին ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ հիմա եւ հավանաբար կբերվեն նաեւ 10 տարի հետո:
Ակնհայտ է, որ ՀԴՄ-ներից հրաժարվելու պահանջները հիմնավորված չեն: Դրանց տեղադրումը տոնավաճառներում ոչ միայն անհրաժեշտ է առեւտրաշրջանառության իրական ծավալները պարզելու եւ ստվերի դեմ իրական պայքար տանելու համար, այլեւ արդարացվածՙ տոնավաճառներից դուրս գտնվող մյուս առեւտրային օբյեկտների հետ հավասար մրցակցային դաշտ ստեղծելու եւ մեր բոլորիսՙ սպառողների իրավունքները պաշտպանելու առումով: Ի վերջո, տոնավաճառներում առեւտուր անողները պետք է հրաժարվեն իրենց շահերը պետության եւ բնակչության մնացած մասի շահերից վեր դասելուց:
Այժմ ըստ էության անդրադառնանք նրանց պատճառաբանություններին: Նախՙ դրանց մի մասն արդեն իսկ ավելորդ է, քանի որ, անկախ ՀԴՄ-ների տեղադրումից, մինչեւ 7 քմ տարածք ունեցող առեւտրականները տոնավաճառներում 2009-ին շարունակելու են հարկվել հաստատագրված վճարով եւ այդ 1 տարում, անկախ ստացած կրթությունից, հավանաբար կկարողանան սովորել օգտվել ՀԴՄ-ից: Ի դեպ, խանութների աշխատակիցները կարողանում են դա անել մի քանի օրում, եւ դժվար է հավատալ, որ փողի եւ հաշվարկների հետ մշտապես գործ ունեցող տոնավաճառների առեւտրականները չեն կարող սովորել ՀԴՄ կիրառելը 1 տարվա ընթացքում:
Հաստատագրված վճար սահմանելու պատճառաբանությունը: Մինչեւ 7 քմ տարածք ունեցողները այժմ ամսական վճարում են միջինը 14 հազար դրամ հաստատագրված վճար: Շատ է դա, թե՞ քիչ: Անկասկած է, որ այս հարցին պատասխաններն արմատապես տարբեր կարող են լինել: Եթե նկատի ունենանք, որ այդ տարածքի առեւտրականը նվազագույնը մի քանի միլիոն դրամի շրջանառություն է ունենում եւ ստանում մի քանի հարյուր հազար դրամ շահույթ, ապա, իհարկե, քիչ է: Դրան առեւտրականները կարող են պատասխանել, որ իրենց շրջանառությունը ոչ թե մի քանի միլիոն դրամ է, այլ մի քանի հարյուր հազար դրամ եւ 14 հազար դրամը փոքր գումար չէ: Ուրեմն, ի՞նչ անել, ինչպե՞ս պարզել, թե ո՞րն է ճիշտ, որըՙ սխալ: Աշխարհում այլ բան չեն գտել, քան ՀԴՄ-ներ կիրառելը, եւ միայն Հայաստանում է դրանց տեղադրումը դարձել համազգային քննարկման հարց: ՀԴՄ-ները ցույց կտան իրական շրջանառությունը, եւ եթե առեւտրականները պնդում են, որ իրենց շրջանառությունը մեծ չէ, ապա ինչո՞ւ չեն ցանկանում, որ դա երեւա: Ակնհայտ է, որ չցանկանալու պատճառն այլ էՙ շարունակել աշխատել ստվերում եւ ստանալ գերշահույթներ:
Սնանկանալու եւ գործազուրկ դառնալու մտավախությունը արդարացված կլիներ, եթե ՀԴՄ-ների կիրառման դեպքում հարկային բեռը մեծ լիներ: Մինչդեռ այդպես չէ: Եթե անգամ շրջանառության արձանագրման դեպքում պետբյուջե վճարվող գումարը որոշ չափով մեծանա, ապա դա չի կարող այնքան լինել, որ սնանկացնի առեւտրականներին: Չգիտես ինչու, տարիներ շարունակ տոնավաճառների սեփականատերերին տասնապատիկ բարձր վճար վճարելով առեւտրականները չեն սնանկացել, անգամ անկախ այն բանից, որ այդ «տեղի փողերը» անընդհատ բարձրացել են:
Այդուհանդերձ, վերջում անդրադառնանք նաեւ առեւտրականների բարձրացրածՙ ավելորդ թղթաբանության ու հաշվապահ պահելու հարցերին: Այստեղ նրանք իրավացի են, եւ պետք է առաջարկել հաշվապահական հաշվետվությունների այնպիսի ձեւեր, որոնք լինեն պարզ եւ հասկանալի, ավելորդ թղթաբանություն չառաջացնեն, որպեսզի կամ հաշվապահ ունենալու անհրաժեշտություն չլինի, կամ այդ ծառայության մատուցման հարցում աջակցի պետությունը, կամ տոնավաճառների սեփականատերերը ֆինանսավորեն իրենց առեւտրականների հաշվապահությունը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ