30 լուսանկարիչ, ավելի քան 60 լուսանկար եւ ամենատարբեր պատմություններ ... Այսպիսին են Հայաստանի Թեքեյան մշակութային միության (ՀԹՄՄ) «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության 11 անվանակարգերից գեղարվեստական լուսանկարչության շրջանակներում երեկ բացված ցուցահանդեսի թվային տվյալները: Իսկ տպավորությունը հաճելիորեն նոր ու ակնկալիքներ ծնող. «Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի մրցանակաբաշխության ներկայացված գործերը շատ ավելի լավն են: Նախՙ հեղինակները սեփական ընտրությամբ ներկայացրեցին իրենց գործերը, ապա ժյուրիի կազմը ներկայացվածից բավական դժվարությամբ ընտրեցՙ քիչ էին ցուցադրման ոչ արժանի գործերը, չնայած եղան նաեւ արժանի, բայց տարածքի փոքրության պատճառով չցուցադրված լուսանկարներ նույնպես», վստահեցրեց մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Զավեն Սարգսյանը : Նա նաեւ ընդգծեց, որ ցուցահանդեսում շատ ավելի են երիտասարդ լուսանկարիչների գործերը, քանի որ նպատակը նրանց խրախուսելն ու բացահայտելն է, ինչում մեծապես օգնում է վաստակաշատ լուսանկարիչների մասնակցությունը. «Երիտասարդի համար, իհարկե ե՛ւ պատիվ է, ե՛ւ պատասխանատվություն հայտնի լուսանկարիչների գործերի հետ իրենցը ցուցադրելը»:
Իրենքՙ վաստակաշատ լուսանկարիչները մրցանակաբաշխությանն ու ցուցահանդեսին իրենց մասնակցությունն այլ կերպ բացատրեցին. «Ցուցահանդեսից շատ տպավորված եմ: Իհարկե տպավորված եմ այսչափ տաղանդավոր երիտասարդների ոլորտում լինելուց եւ լուսանկարչությունում արդեն սեփական ձեռագիր, մտածողություն ներկայացնելուց: Ինքս էլ մասնակցում եմՙ ի վերջո երիտասարդներն էլ պետք է իմանան, որ չենք վախենում իրենց կողքին լինելուց, իրենց ժամանակում լինելուց», ասաց լուսանկարիչ Մարտին Շահբազյանը , որը երկար տարիներ ՀՀ նախագահի լուսանկարիչը լինելով, անհամար առիթներ է ունեցել տարբեր երկրների պաշտոնյաներին, առաջին դեմքերին լուսանկարելու եւ իրենց իսկ նրանց մասին նորը ցույց տալու. հազիվ թե Ժակ Շիրակն այլ կերպ իմանար, որ Արարատը տեսնելիս հիացմունքն ու զգացումների մի ամբողջ փունջ դաջվելու են դեմքին կամ, որ թոնրից վայրկյան առաջ հանված լավաշը զարմանալի տարբեր է լինելու իր երբեւէ համտեսած հացերից: Հենց այդ լուսանկարներն է Մարտին Շահբազյանը ներկայացրել ցուցահանդեսում:
Լուսանկարչությունում բազմամյա վաստակ ունեցող Պողոս Պողոսյանի գործերն էլ Վիլյամ Սարոյանի, ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մասին են պատմում ու բացահայտում, որ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրի եզրափակիչ կառույցըՙ հացատունը բացառիկ է ոչ միայն հայոց եկեղեցաշինության կանոններով կատարմամբ եւ ներսում եկեղեցի լինելով, այլեւ արտաքինից Արարատի տեսքը ունենալով: Պողոս Պողոսյանը գտնում է, որ ներկայացված ցուցահանդեսում ոգեւորող գործեր կան նաեւ երիտասարդների հեղինակածների մեջ:
Այնուամենայնիվ դժգոհություններ էլ հայտնեցին լուսանկարիչները պնդելով, որ երկու-երեք գործով հանդես գալը, ժանրերով գործերը չտարբերակելը կրճատում է մասնագիտական նրբությունները գնահատելու ժյուրիի հնարավորությունները:
Երիտասարդներն էլ դեմ չէին 3-ից ավելի գործ ներկայացնելուն, բայց եւ գոհունակություն հայտնեցին ցուցահանդեսի եւ մրցանակաբաշխության լինելիության համար: Յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն է ներկայացնումՙ անհատի, երկրի ... ու ամբողջը Հայաստանը ճանաչելու հնարավորություն է տալիս: ՀԹՄ մրցանակաբաշխության արդյունքները հայտնի կդառնան երկուշաբթիՙ հունվարի 26-ին:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ