Ինչպես եւ ֆուտբոլում, ֆուտզալում էլ եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուն պարգեւատրվում է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակով: Վերջին տարիներին ֆուտզալում էլ մրցանակի դափնեկիրներին որոշելիս հաշվի է առնվում տվյալ առաջնության գործակիցը, որով բազմապատկվում է ֆուտբոլիստի խփած գոլերի քանակը: Եվրոպական առաջնությունները բաժանված են 6 խմբի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գործակիցը, ինչը պայմանավորված է թիմերի խաղամակարդակով: Ամենաբարձրՙ 2 գործակիցն ունեն Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի առաջնությունները, իսկ ահա Հայաստանի առաջնության գործակիցն ամենացածրն էՙ 1: Թեեւ Հայաստանի ֆուտզալի առաջնությունում արդյունավետությունը շատ բարձր է, սակայն ցածր գործակցի պայմաններում մեր ֆուտբոլիստներին դժվար է արժանանալ «Ոսկե խաղակոշիկին»: Ճիշտ է, երեք անգամ (2004, 2005, 2007-ին) մրցանակին արժանացել է Արմեն Գուլամբարյանը, սակայն այն ժամանակ հաշվի էին առնվում միայն խփած գնդակները:
Անցած մրցաշրջանում բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ Երեւանի «Պոլիտեխնիկի» հարձակվող Կարեն Միքայելյանըՙ խփելով 107 գոլ: Հայաստանի 1 գործակցի պայմաններում նա վաստակեց 107 միավոր եւ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակի հավակնորդների ցանկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Իսկ մրցանակին արժանացավ Ռուսաստանի «ՏՏԳ-Յավա» թիմի բրազիլացի ֆուտբոլիստ Էդեր Լիման: Նա խփել է 73 գնդակ եւ 1,6 գործակցի շնորհիվ վաստակեց 116,8 միավոր ու դարձավ մրցանակի դափնեկիր:
Ներկայացնում ենք «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների լավագույն տասնյակի ցուցանիշները:
Գոլ | Գործ. | Մ | |||
1. Էդեր Լիմա | «ՏՏԳ-Յավա» | Ռուսաստան | 73 | 1,6 | 116,8 |
2. Կարեն Միքայելյան | «Պոլիտեխնիկ» | Հայաստան | 107 | 1 | 107 |
3. Բետինյո | «Շառլերուա» | Բելգիա | 58 | 1,8 | 104,4 |
4. Բալի | «Թոփսպորտ» | Բելգիա | 55 | 1,8 | 99 |
5. Ռիկարդինյո | «Պարասկե» | Բելգիա | 52 | 1,8 | 93,6 |
6. Կոեն | «Ասա» | Իսրայել | 62 | 1,4 | 86,8 |
7. Շայախմետով | «ՎԻԶ-Սինարա» | Ռուսաստան | 54 | 1,6 | 86,4 |
8. Սիրիլո | «Դինամո» | Ռուսաստան | 52 | 1,6 | 83,2 |
9. Տուզանի | ԴԶՍ | Հոլանդիա | 52 | 1,6 | 83,2 |
10. Արմեն Սանամյան | «Եվրոպա» | Հայաստան | 83 | 1 | 83 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ