«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2009-01-21 | #8, 2009-01-22 | #9, 2009-01-23


ՈՒՌՃԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԹՎԵՐԸ

«Լանսետ» ամսագրի բացահայտումները. կեղծ զեկուցագրեր ներկայացնող երկրների թվում նշվում է նաեւ Հայաստանը

«Տասնյակ զարգացող երկրներ դիտավորյալ ուռճացնում են մահացու հիվանդությունների դեմ պատվաստումներ ստացած երեխաների թիվը, որպեսզի ՄԱԿ-ի հովանավորած ծրագրերից ավելի շատ փող կարողանան կորզել», գրում է «Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալության լոնդոնյան թղթակից Մարիա Չենգը, հենվելով «Լանսետ» (նշտար) բժշկական ամսագրի տվյալների վրա:

Ամսագրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ երկրների ներկայացրած թվերից միայն կեսին են հասել պատվաստումներ:

«Աննախադեպ մեծ գումարներ են հատկացվել միջազգային հասարակության կողմից, հուսով ենք, որ այդ միլիարդները չեն հանգրվանել շվեյցարական բանկերում», մեկնաբանել է երեւույթը լոնդոնյան միջազգային քաղաքականության համացանցի աշխատակիցներից Ֆիլիպ Սթիվենսը:

Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են հատկապես աղքատ եւ զարգացող երկրներին տրվող օգնության տվյալները, համեմատել այդ երկրներից ստացված պաշտոնական տեղեկությունները ոչ կառավարական, անկախ խմբավորումների հայթայթած թվերի հետ:

Ըստ նրանց, ՄԱԿ-ին ներկայացված պաշտոնական զեկույցներում նշվում է, որ 1986-2005 թվերին 14 միլիոն երեխաներ պատվաստվել են համապատասխան ծրագրերն իրականացնելիս, մինչդեռ ոչ կառավարական աղբյուրներով այդ թիվը կազմում է ընդամենը 7 միլիոն:

«Տարբերությունը չափազանց մեծ է», նշել է Վաշինգտոն համալսարանի առողջապահության ինստիտուտի տնօրեն Քրիստոֆեր Մուրեյը, որի գործընկերների հաշվարկներով ՄԱԿ-ի ծրագրերից օգտվող 51 երկրներից առնվազն 32-ը կեղծ զեկուցագիր է ներկայացնում կապույտ հազի, տիֆի եւ այլ հիվանդությունների դեմ պատվաստվածների վերաբերյալ:

Այդ երկրների թվում են Սոմալին, Զիմբաբվեն, Մյանման, Հայաստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Լիբերիան, Զամբիան, Տոգոն, Լեսոտոն, Կոնգոն, Փղոսկրյա ափը, Նիգերը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Գվինեան, Ինդոնեզիան, Չադը, Գամբիան, Հյուսիսային Կորեան եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:

Իսկ 50 տոկոսի չափով սխալ եւ ուռճացված տվյալներ են ներկայացրել Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Մալին, Սուդանը, Ուգանդան, Տանզանիան, Եթովպիան, Ռուանդան, Գանան, Ադրբեջանը, Կամերունը եւ Նեպալը:

Չնայած «Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամի հովանավորած «Լանսետ» ամսագրի ուսումնասիրությունը որոշ մասնագետներ համարում են չափազանցված, այդուհանդերձ, գլոբալ պատվաստումների պատասխանատու Ջուլիան Լոբոլհիտը խոստացել է ժամանակավորապես դադարեցնել նյութական օժանդակությունները մինչեւ պարզաբանումներ չստանա այդ երկրներից:

Հ. Ծ., «Արմինյն միրոր սփեքթեյթրից»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4