Հայ լեգեոնականների մեծամասնությունը վերադարձել է հայրենիք
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը նոր մրցաշրջանում հանդես կգա Հունաստանի Սալոնիկ քաղաքի ՊԱՕԿ թիմում: 2007-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը, որ անցած տուրի 4 տարվա պայմանագիր էր կնքել Շվեդիայի ԳԱԻՍ-ի հետ, ՊԱՕԿ-ում հանդես կգա վարձավճարով, որի ժամկետն առայժմ կես տարի է:
Ընդհանուր առմամբ Լեւոն Փաչաջյանն իրեն վատ չդրսեւորեց ԳԱԻՍ-ում, որը Շվեդիայի առաջնությունում անհաջող հանդես եկավ: Մրցաշրջանի ավարտին Փաչաջյանը հայտարարել էր, որ ցանկանում է այլ թիմ տեղափոխվել: Ըստ լրատվամիջոցների, Փաչաջյանի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք եվրոպական թիմեր, որոնց թվում էին հոլանդական «Ֆեենորդը» եւ նորվեգական «Տրոմսեն»:
ՊԱՕԿ-ը Հունաստանի առաջատար ակումբներից է եւ պայքարում է առաջնության պարգեւների համար: 18 խաղում թիմը վաստակել է 36 միավոր եւ ընթանում է 2-րդ տեղումՙ 9 միավորով հետ մնալով «Օլիմպիակոսից»: Հունվարին ՊԱՕԿ-ի ֆուտբոլիստներն անցկացրել են 3 խաղ: Դրանցից երկուսում թիմը միեւնույն 2-0 հաշվով հաղթել է ՕՖԻ-ին եւ «Պանտրակիկոսին», պարտվել ԱԵԿ-ին (0-1): ՊԱՕԿ-ը գլխավորում է պորտուգալացի հայտնի մասնագետ Ֆեռնանդո Սանթոսը, որը նախկինում մարզել է «Բենֆիկան», «Սպորտինգը», «Պորտոն» եւ «Պանատինաիկոսը»:
2007-ի մրցաշրջանը հայ ֆուտբոլիստների համար ընդհանուր առմամբ հաջող էր, քանի որ հավաքականի մի խումբ խաղացողներ մեկնեցին արտերկիր եւ պայմանագրեր կնքեցին տարբեր ակումբների հետ: Սակայն նրանք ընդամենը մեկ մրցաշրջան մնացին այդ թիմերում: Նրանցից շատերին այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել նոր թիմերում: Եվ ահա 2008-ի մրցաշրջանի ավարտից հետո նրանց մեծամասնությունը վերադարձավ տուն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայրենիք են վերադարձել Աղվան Մկրտչյանն ու Արա Հակոբյանը, որոնք նոր մրցաշրջանին նախապատրաստվում են «Միկայի» կազմում: Բելառուսից վերադարձել է նաեւ Արթուր Ոսկանյանըՙ պայմանագիր կնքելով «Բանանցի» հետ: Օրերս էլ Բելառուսի «Վիտեբսկի» հետ պայմանագիրը խզել է «Փյունիկի» նախկին պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը, որը վերադառնալով հայրենիք, ներկայում մարզվում է «Միկայում»: Ավելի վաղ Հայաստան էին վերադարձել Կարեն Ալեքսանյանն ու Արմեն Տիգրանյանը, որոնք արդեն պայմանագիր են կնքել «Ուլիսի» հետ, ինչպես նաեւ Գալուստ Պետրոսյանը, որը մարզվում էր «Արարատում», սակայն հնարավոր է մեկնի Իրան:
Հայրենիք վերադարձած հայ լեգեոնականների շարքը օրերս համալրեց «Բանանցի» եւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը: Նա անցած մրցաշրջանի շեմին իր խաղընկեր Արարատ Առաքելյանի հետ մեկնել էր Դոնեցկի «Մետալուրգ», որը մարզում է «Բանանցի» նախկին մարզիչ, բուլղարացի Նիկոլայ Կոստովը: Թեեւ վերջինս քաջ ծանոթ էր իր նախկին սաների խաղային հնարավորություններին, սակայն թե՛ Առաքելյանը, թե՛ Մելքոնյանը չկարողացան իրենց դրսեւորել նոր թիմում: Նրանք հազվադեպ էին խաղադաշտ դուրս գալիս, ինչը չէր կարող չազդել նրանց մարզավիճակի վրա: Ուստի Մելքոնյանը որոշեց վերադառնալ «Բանանց»: Բացառված չէ, որ նրա օրինակին հետագայում հետեւի նաեւ Արարատ Առաքելյանը: Փաստորեն մեկ տարի առաջ արտերկրից մեկնած հայ ֆուտբոլիստներից այսօր միայն երեքըՙ Ռոբերտ Արզումանյանը, Լեւոն Փաչաջյանն ու Արարատ Առաքելյանն են մնացել օտար հողում: Թե ինչպե՞ս կդասավորվի նրանց հետագա ճակատագիրը, ցույց կտա ժամանակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ