«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2009-01-23 | #10, 2009-01-24 | #11, 2009-01-27


15 ՏԱՐՎԱ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Իրան-Հայաստան բարեկամության միությունը (ԻՀԲՄ), որն արդեն երկու տարի գործունեություն է ծավալում Իրանում, հունվարի 10-ին Թեհրանի «Արասբարան» (հոնար) մշակութային կենտրոնում կազմակերպել էր Իրան-Հայաստան 15-ամյա բարեկամական գործունեությանը նվիրված ձեռնարկում:

Երկու հանրապետությունների ազգային օրհներգերից եւ ԻՀԲ միության նախագահ Լեւոն Ահարոնյանի ողջույնի խոսքից հետո զեկույցներ ունեցան ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մ. Ֆ. Քոլեյնին , Իրանում ՀՀ դեսպանության լիազոր նախարար եւ արտակարգ դեսպանորդ Գրիգոր Առաքելյանը եւ Թեհրանի համալսարանի դասախոս Էմիլիա Ներսիսյանը , որոնք վերջում երկու երկրների հարաբերություններում իրենց ակտիվ գործունեության համար պարգեւատրվեցինՙ Իրանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի , ԻՀԲ միության նախագահ Լեւոն Ահարոնյանի, ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կից մշակութային կենտրոնի նախկին տնօրեն Աբութալեբիի եւ Իսլամական խորհրդարանի նախկին հայ պատգամավոր Վարդան Վարդանյանի միջոցով: Վերջիններս նույնպես արտահայտվեցին օրվա առիթով: Ընթացքում ցուցադրվում էին երկու երկրների տեսարժան վայրերին եւ մշակույթներին առնչվող խնամքով համադրված տեսապատկերներ:

Մ. Ֆ. Քոլեյնին, որը համարվում է նաեւ Իրան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների կարգավորողներից մեկը, իր խոսքում անդրադարձավ, թե ինչպիսի դժվարին պայմաններում եւ չնչին հնարավորություններով սկսվեցին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները: Հիշեց այն տարիները, երբ անգամ պաշտոնական նամակագրությունները ձեռագրով էին արվում, կային բազում խնդիրներ ու անելիքներ: Վերջում իր խորին շնորհակալությունը հայտնեց թե՛ պարսիկ, թե՛ հայ գործընկերներին, հատկապես Գ. Առաքելյանին եւ բոլոր նրանց, ում ջանքերով այդ հարաբերությունները կայացան ու ամրացան, ապա կարեւորեց ստեղծված հարաբերությունների բարոյական մեծ արժեքը:

Գրիգոր Առաքելյանը, որը ճանաչվում է որպես Իրան-Հայաստան հարաբերությունները ձեւավորող, նշեց, որ 17 տարի առաջ Իրանը որպես հայաստանցիների համար չճանաչված երկիր, իր դռները բացեց Հայաստանի համար, եւ հայաստանցիները նկատեցին այն իրականությունը, որ Իրանը թե՛ տարածքի եւ թե՛ բնակչության տեսակետից Հայաստանի ամենամեծ հարեւանն է, որտեղ հայերը ամենալայն հնարավորությունն են ունեցել իրենց ինքնուրույնությունը, մշակույթը եւ կրոնը պահպանելու: Իրանն ու Հայաստանը, շրջակա երկրների հետ համեմատած, իրար հետ ամենափոքր սահմանն ունեն, սակայն ունեն պատմական եւ մշակութային լայն ընդհանրություններ: Այս 15 տարիներին այնքան են սերտացել Իրան-Հայաստան հարաբերությունները, որ, կարելի է ասել, այդ հարաբերությունները անդարձելի են: Նա կարեւորեց նաեւ Իրանի ձեռքբերումներն ու զարգացումը տարբեր բնագավառներում:

Զեկուցողներից դոկտոր Էմիլիա Ներսիսյանը իր ամուսնուՙ Կարո Լուկասի հետ կազմակերպել է տարբեր սեմինարներ երկու երկրների գիտնականների մասնակցությամբՙ հատկապես գեոՖիզիկայի եւ ինՖորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում:

Իրանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը շնորհակալանքի եւ գոհունակության խոսքեր ասաց ձեռնարկի կապակցությամբ եւ ողջունեց Իրան-Հայաստան բարեկամության միության գործունեությունը, կարեւորելով հատկապես ինՖորմացիոն տեխնոլոգիաների բնագավառըՙ գնահատանքի խոսքեր հղեց երեք զեկուցողներին:

Միջոցառման հաղորդավարն էր Նարեկ Ամիրխանյանը, որն իր խոսքն սկսել էր պարսկերենով թարգմանված Պ. Սեւակի «Բարեւ»-ի մի հատվածով, իսկ վերջում բոլորին հրավիրեց միության համեստ հյուրասիրությանը մասնակցելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4