Ինչպես եւ սպասվում էր, շախմատի Հայաստանի գործող չեմպիոնուհի Լիլիթ Գալոյանը պահպանեց իր տիտղոսը: 10 շախմատիստուհիների մրցավեճում Գալոյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ երկրորդ տարին անընդմեջ արժանիորեն նվաճեց ուժեղագույնի տիտղոսը: Լիլիթը մասնակիցներից միակն էր, որ պարտություն չկրեց:
7-րդ տուրում հաղթելով Լիա Մարտիրոսյանին, Լիլիթ Գալոյանն ավարտական երկու տուրերում ուժերը չափեց իր հիմնական հակառակորդներիՙ Սիրանուշ Անդրեասյանի եւ Աննա Հայրապետյանի հետ: Երկու պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Հայրապետյանն ու Անդրեասյանը վաստակեցին հավասարՙ 7-ական միավոր: Հայրապետյանը մինչ այդ հաղթել էր Նաիրա Մովսիսյանին եւ Նարինե Գասպարյանին, Անդրեասյանը պարտության մատնեց Նարինե Գասպարյանին ու Անահիտ Խառատյանին: Արծաթե մրցանակակիր դարձավ Սիրանուշ Անդրեասյանը, որը գործակիցներով գերազանցեց Աննա Հայրապետյանին: Ավելացնենք նաեւ, որ նրանց միջեւ կայացած մրցավեճում հաղթող էր ճանաչվել Անդրեասյանը:
Առաջնության մրցանակակիրները զգալիորեն առաջ անցան մյուս մասնակիցներից: Բավական է նշել, որ 4-րդ եւ 5-րդ տեղերը զբաղեցրած միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը եւ գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներից հետ մնացին 2,5 միավորով: 3,5-ական միավորով 6-րդ եւ 7-րդ տեղերը զբաղեցրին Անի Խանամիրյանն ու Սյուզան Չաքրյանը: Հաջորդ տեղերը գրավեցին Լիա Մարտիրոսյանն ու Մարիանա Գասպարյանը (3): Աղյուսակը 1,5 միավորով եզրափակեց Անահիտ Խառատյանը:
Լիլիթ Գալոյանն իրավունք ստացավ հանդես գալու մարտին կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ