33-րդ թաղամասի բնակիչների սեփականության հարկադիր օտարման ՀՀ կառավարության 3-րդ որոշումը եւ 7-րդ տարինՙ իրացման սպառնալիքի տակ
Երկար տարիներ չինովնիկների կողմից արհամարհված եւ խաբված քաղաքացիներից իշխանությունները հավանաբար չէին սպասում այնպիսի համախմբված, հետեւողական եւ օրինական պայքար, ինչպիսին ցուցաբերեցին 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի բնակիչները: Ինչպես ասում ենՙ «դանակը ոսկորին է հասել»:
«Ազգ» -ը բազմիցս գրել է, որ մինչեւ վերջ հետամուտ է լինելու 33-րդ թաղամասի բնակիչների խնդիրներին: Ինչպես արդեն տեղեկացրել է թերթը, թաղամասի 71 սեփականատեր ՀՀ դատարաններում վիճարկել են ՀՀ ԱԺ-ում մեծ դիմադրությամբ անցկացված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ կառավարության 25. 0. 2007 թիվ 108 -Ն որոշումը:
«Մենք համարում ենք, որ տվյալ որոշումը հակասում է ՀՀ սահմանադրության 31 հոդվածին, համաձայն որի սեփականության հարկադիր օտարումը կարող է տեղի ունենալ միայն բացառիկՙ գերակա հանրային շահերի դեպքերում հասարակության եւ պետության կարիքների համար, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Մինչեւ օրս մեզ հայտնի չէ, թե ինչ է կառուցվելու մեր օտարվող սեփականության տեղում, հասարակության եւ պետության ո՞ր կարիքների եւ ի՞նչ գերակա հանրային շահերի համար են քանդվում մեր տները: Դա պարզել մեզ չի հաջողվել մինչեւ անգամ դատական ատյաններում:
Չհասնելով արդարադատության հարազատ երկրում, ցավալի է, որ մենք ստիպված եղանք մեր սեփականության իրավունքը պաշտպանելու հույսերը կապել Եվրոդատարանի հետ», ասաց թաղամասի բնակիչների վստահված անձ Անժելա Աղաջանյանը:
Վերջերս թաղամասի 40 սեփականատերեր մի այլ միասնական հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, խնդրելով իրենց պատկանող սեփականության մասով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 25. 01. 2007 թ. թիվ 108-Ն որոշումը: Դիմումի հիմքում այն փաստն է, որ օրենքով սահմանվածՙ մինչեւ սեփականության օտարումը սկսելու վերջնական ժամկետըՙ 2008 թվականի հունվարի 1-ը, նրանց չեն ուղարկվել օտարման պայմանագրերի նախագծեր, ինչի հետեւանքով օրենքի ուժով իրենց սեփականության մասով բացառիկՙ գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության 25. 01. 2007 թիվ 108-Ն որոշումը համարվում է անվավեր:
Սեփականատերերը բողոքում են, որ ՀՀ վարչական դատարանը, ի դեմս դատավոր Ա. Սարգսյանի, երկու անգամ ակնհայտ ձեւական պատճառաբանություններով վերադարձրել է հայցադիմումը եւ այն երրորդ անգամ ներկայացնելուց հետո միայնՙ 13.10. 2008 թ. ընդունել վարույթ: Այնուհետեւ գործով նախնական դատական նիստը նշանակվել է երկու ամիս անց միայնՙ 15. 12. 2008 թ.:
2008-ի նոյեմբերի 20-ին նշված հայցադիմումը ՀՀ վարչական դատարանի վարույթ ընդունելուց մեկ ամիս եւ յոթ օր հետո, ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 1405-Ն որոշումը, որով սեփականատեր-հայցվորների գույքի օտարումը վերստին ճանաչվել է բացառիկՙ գերակա հանրային շահ հօգուտ նույն ձեռքբերողի, եւ սահմանվել է սեփականության օտարումը սկսելու նոր վերջնաժամկետՙ 2010 թվականի հունվարի 1-ը:
Սեփականատեր-հայցվորները գտնում են, որ 2008 թ. նոյեմբերի 20-ի թիվ 1405-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը նպատակ է հետապնդել ձախողելու ՀՀ վարչական դատարանի վարույթ ընդունված իրենց հայցի լուծումը: Իսկ ՀՀ վարչական դատարանն իր հերթին այդ նպատակի համար շռայլորեն տրամադրել է ավելի քան բավարար ժամանակամիջոց:
Նշված փաստը սեփականատերերը ներկայացնում են որպես գործադիր իշխանության բացահայտ միջամտություն դատական գործի լուծմանը, ինչը անհամատեղելի է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների հետ: Նրանք համարում են, որ 2008-ի նոյեմբերի 20-ի թիվ 1405-Ն որոշման հետեւանքով ոտնահարվել է իրենցՙ ՀՀ սահմանադրության 8-րդ եւ 31-րդ հոդվածներով, ինչպես նաեւ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը:
2008 թ. դեկտեմբերի 15-ին նախնական դատական նիստում սեփականատերերի շահերի պաշտպան փաստաբան Արթուր Գրիգորյանը դիմում է ներկայացրել հայցի հիմքն ու առարկան լրացնելու մասին, որով խնդրել է կիրառել առ ոչինչ ՀՀ կառավարության 20.11. 2008 թ. թիվ 1405-Ն որոշման իրավական հետեւանքները, կամ այն, որպես անօրինական որոշում, ճանաչել անվավեր:
Նույն օրը ՀՀ վարչական դատարանը մերժել է դիմումի ընդունումը, պատճառաբանելով, որ «այն չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85 հոդվածի պահանջներից»: Թե ինչու նշված դիմումը «պետք է բխեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 85 հոդվածի պահանջներից», դատարանը ոչինչ չի ասել:
Այնուհետեւՙ 2008-ի դեկտեմբերի 27-ին հայցի հիմքն ու առարկան լրացնելու մասին դիմումի ընդունման մերժումը բողոքարկվել է ՀՀ վարչական դատարանում: Բողոքը մերժվել է, այս անգամ 3 դատավորի կազմով, սեփականատերերի պնդմամբՙ կրկին ձեւական հիմնավորմամբ:
Սեփականատերերը համաձայն չեն դատարանի որոշմանը եւ 9.01.2009 թ. բողոքարկել են այն ՀՀ վճռաբեկ դատարանում: Նրանք միանգամայն համոզված են, որ ՀՀ վարչական դատարանը միտումնավոր եւ առանց որեւէ իրավական հիմքի զրկում է նրանց ապօրինի որոշումը վիճարկելու հնարավորությունից:
Ա. Ա.
Խմբ. կողմից. - Միանգամայն պարզ է, որ եթե իրացման գործընթացը նախատեսված լիներ արդարացի ձեւովՙ նախնական համարժեք փոխհատուցմամբ, ապա չէին լինի Երեւանի կենտրոնի բնակիչների այդպիսի զանգվածային բողոքներ, ինչին մենք ականատես եղանք: