Պետեկամուտների կոմիտեն երեկ «Ազգում» հրապարակեց 2008-ի 12 ամիսների առաջին 300 խոշոր հարկատուների ցանկը եւ նրանց վճարած հարկերի չափը: Առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունն այդ ցանկի վրա, քանի որ հանքարդյունաբերության ոլորտի եւ մի շարք այլ խոշոր ընկերությունների վճարած հարկերը նվազել են: Սակայն մյուսների մոտ էլ հարկային մուտքերի նկատելի ավելացում է արձանագրվել: Փոփոխություններ են կատարվել նաեւ առաջատարների ցանկում:
Տարվա արդյունքներով Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Ղ-Տելեկոմ» («Վիվասել-ՄՏՍ») ընկերությունն էՙ 30,7 մլրդ դրամ վճարած հարկերով: Արժե ընդգծել, որ նախորդ 2007-ի (15,5 մլրդ դրամ) համեմատ, «Ղ-Տելեկոմի» վճարած հարկերը կրկնապատկվել են, իսկ ընկերությունը 2007-ի 4-րդ տեղից բարձրացել է առաջին տեղ: Այս ընկերությունը փայլուն ապացույց է, թե ինչպես կարելի է աշխատել օրինական դաշտում, հաջողությամբ մրցակցել, միաժամանակ իրականացնելով մեծածավալ բարեգործական ծրագրեր: Դա մեծապես պայմանավորված է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի պրոֆեսիոնալ եւ մարդկային հատկություններով:
Երկրորդ խոշոր հարկատուն 2008-ին «Հայռուսգազարդն է», որը վճարել է 17,8 մլրդ դրամ: Այս ընկերության վճարած հարկերը մոտ 2 մլրդ դրամով պակաս են նախորդ տարվա ցուցանիշից: 2007-ին երրորդն էր 300-ի ցանկում: 2008-ին երրորդ տեղում «Արմենտելն» էՙ 15,1 մլրդ դրամ վճարած հարկերով: 2007-ին այս ընկերությունը երկրորդն էր եւ նրա հարկերի ցուցանիշը նույնպես նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 5 մլրդ դրամով:
Երկար տարիներ, այդ թվում նաեւ 2007-ին, Հայաստանի թիվ 1 խոշոր հարկատու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս անգամ 4-րդն է եւ վճարել է 14,3 մլրդ դրամ: Հասկանալի պատճառներով այս ընկերության վճարած հարկերն ավելի քան կրկնակի նվազել են անցյալ տարվա (33,6 մլրդ դրամ) նկատմամբ: 5-րդը «Ալեքս գրիգ» ընկերությունն է: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերությունը վճարել է 12,5 մլրդ դրամ: Նշենք, որ նրան պատկանող մեկ այլՙ «Սալեքս գրուպ» ընկերությունը վճարել է 1,8 մլրդ դրամ: Փաստորեն, եթե համեմատենք այս ցուցանիշները «Սալեքս գրուպի» 2007-ին («Ալեքս գրիգը» դեռ չէր ստեղծվել) վճարած 9,1 մլրդ դրամի հետ, ապա 2008-ին Սամվել Ալեքսանյանի վճարած հարկերն ավելացել են ավելի քան 5 մլրդ դրամով: Միաժամանակ, հարկ է ընդգծել նույն «Ալեքս գրիգի» վճարած շահութահարկի չնչին լինելըՙ 21 մլն դրամ: Դա պայմանավորված է օրենքի ընձեռած շահութահարկի արտոնությունից (տրված 1 մլն դոլար եւ ավելի օտարերկրյա ներդրում ունեցող ընկերություններին), որի ժամկետը, բարեբախտաբար, անցյալ տարի ավարտվեց: Այսինքն, այս տարի որեւէ ընկերություն այլեւս չի կարող օգտվել օրենքի սողանցքից եւ խուսափել շահութահարկ վճարելուց:
Վառելիք ներմուծող խոշոր ընկերություններըՙ «Քաղպետրոլսերվիսը» եւ «Ֆլեշը» զբաղեցնում են 6-րդ եւ 7-րդ տեղերը: Առաջինը վճարել է 11,4 մլրդ դրամ, երկրորդըՙ 10,4 մլրդ դրամ: Երկու ընկերությունների վճարած հարկերն էլ ավելացել ենՙ «Քաղպետրոլսերվիսինը» 1,4 մլրդ դրամով, «Ֆլեշինը»ՙ 800 մլն դրամով: «Հայկական երկաթուղին», որը նախորդ տարի բացակայում էր խոշոր հարկատուների առաջին տասնյակում, այժմ 8-րդն է եւ վճարել է 5,8 մլրդ դրամ: Եվս 2,7 մլրդ դրամ էլ վճարել է տարվա ընթացքում վերափոխված ու այլ անվանում ստացած նույն ընկերությունըՙ «Հարավկովկասյան երկաթուղին»: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 9-րդն էՙ 5,2 մլրդ դրամով:
Առաջին տասնյակը եզրափակում է «Գրանդ տոբակոն»ՙ 4,5 մլրդ դրամով, ապա գալիս է Հրանտ Վարդանյանին պատկանող մյուս ընկերությունըՙ «Ինտերնեյշընլ Մասիս տաբակը»ՙ 3,7 մլրդ դրամ: Նույն գործարարին պատկանող «Գրանդ քենդին» վճարել է 1,9 մլրդ դրամ: Այս գործարարին պատկանող ընկերությունների ընդհանուր վճարած հարկերը կազմում են ավելի քան 10 մլրդ դրամ, որը մոտ 1 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Իսկ եթե դրան ավելացնենք «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող այլ ձեռնարկությունները եւս, ապա 2008-ին նրանց ընդհանուր վճարած հարկերը կկազմեն միասին 11 մլրդ 426 մլն դրամ:
Մեկ այլ խոշոր գործարարիՙ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» վճարել է 1,6 մլրդ դրամ եւ 48-րդ տեղում է: Անցյալ տարի այս ընկերությունը վճարել էր 1,3 մլրդ դրամ: Ցեմենտ արտադրող երկրորդ ընկերությունը ՙ«Միկա ցեմենտը», որը պատկանում է Միխայիլ Բաղդասարովին, վճարել է 493 մլն դրամ եւ 156-րդն է: Անցյալ տարվա նրա ցուցանիշը կազմել էր 218 մլն դրամ, զբաղեցնելով 277-րդ հորիզոնականը: Նույն գործարարին պատկանող «Արմավիան» 2008-ին վճարել է 824 մլն դրամ եւ 96-րդն է: Նախորդ տարվա «Արմավիայի» վճարած հարկերը ընդամենը 205 մլն դրամ էին: Հարկային վճարումներն այս ընկերություններում ավելացել են, բայց դեռ վաղ է ասել, թե դրանք հիմնականում ստվերից դուրս են եկել:
Այս տարվա ցանկի հայտնությունը «ՖՏԱ տելեկոմն» էր, որը զբաղեցնում է 25-րդ տեղըՙ 2,3 մլրդ դրամ ցուցանիշով: Հիշեցնենք, որ բջջային կապի 3-րդ օպերատորը դեռ չի սկսել գործել բջջային կապի շուկայում:
Խոշոր հարկատուների ցանկի այլ մանրամասներին կանդրադառնանք հաջորդ հրապարակմամբ: Այս անգամ ներկայացրինք առաջին հորիզոնականներում գտնվող եւ հասարակությանն առավել հայտնի գործարարներին պատկանող ընկերությունների վճարած հարկերը: Մինչդեռ ոչ պակաս հետաքրքրական են նաեւ 300 խոշորների մեջ գտնվող այլ ընկերությունների ցուցանիշները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ