«Հո Սովետի ժամանակները չեն, երբ զուգարանի թուղթը 5 հատից ավել չէին տալիս»
ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 1-ից գործողության մեջ է մտել հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոններով վիճակահանությունը:
«Ազգը» փորձեց Երեւանի տարբեր թաղամասերում գործող մանր ու միջին խանութների տնօրեններից պարզել, թե ի՞նչն էր պատճառը, որ գնորդներին չէին տրամադրում գնված ապրանքի կտրոնը կամ էլ տալիս էին միայն պահանջելու դեպքում, եւ արդյոք նոր վիճակախաղային կտրոններով աշխատելը օգնո՞ւմ, թե վնասում է իրենց գրպանին:
Տնօրենները դժկամությամբ էին խոսում, ու երբ խոստացանք չհրապարակել անունները, հասցեները, սկսեցին իրենց հոգում կուտակված զայրույթը ներկայացնել: Մեր զրույցին միացավ տնտեսագետ, ֆինանսիստ-հաշվապահն ու դժգոհեց. «Այն հարկային օրենքները, որ ընդունում են, մասնագետս անգամ չեմ հասկանում, ինչո՞ւ պարզ ու հասկանալի ձեւով չեն գրվում օրենքները: Չէ՞ որ ոչ բոլորն են բարձրագույն կրթությամբ ու ոչ բոլորը հնարավորություն ունեն լավ հաշվապահ պահելուՙ հատկապես փոքր խանութներում: Կարդում ես օրենքները, բան չես հասկանում: Պրակտիկորեն անհնար է այդպես աշխատել: Երբ անհասկանալի հարցերի պարզաբանման համար դիմում ես հարկայինի աշխատակիցներին, նրանք էլ չեն կարողանում պարզեցված որեւէ փաստաթուղթ տրամադրել»:
Տնօրեններից մեկը կտրոններով վիճակահանության մասին այսպես արտահայտվեց. «Մենք դեռ տաք ենք ու չգիտենք, թե մեզ ինչ է սպասում: Միայն կարող եմ ասել, որ նման վիճակահանություն անցկացնելը ոչ մի քաղաքակիրթ երկրին պատիվ չի բերում: Եթե ինչ-որ երկրում կամ քաղաքում նման բան կիրառվում է, չի նշանակում, որ մենք էլ պետք է դա ընդունենք ու հավասարվենք նրանց: Խոսենք հենց նախկին կտրոններից, որոնց տրցակը շատ հաստ էր ու շատ ավելի կտրոններ էր պարունակում, դրա արժեքն էր 170-190 դրամ, իսկ հիմա կտրոնների տրցակը բարակել է, կտրոնը ավելի երկար է տպվում (գրեթե 2 անգամ) եւ դրա արժեքը 350 դրամ է: Փաստորեն այժմ ընդամենը մեկ հոգի է ներկրում դրանք եւ վաճառում բոլոր խանութներին 1/5 հարաբերությամբՙ շաh ստանալով: «Ալեքսեմ» ՍՊԸ-ն, որը ներկրում է այդ կտրոնները, արդեն պարզ է, որ դրանից ստացած գերշահույթով կլուծի նաեւ հարկերի հարցը: Իսկ ինչ վերաբերում է կտրոններ չտրամադրելուն, ապա ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չի կարող լիարժեք գործել, եթե բոլոր գնորդներին անխտիր տրամադրի կտրոն: Նման գործատուն 1-2 ամսից հետո ստիպված կլինի փակել խանութը, օբյեկտը եւ դեռ իր ունեցածը վաճառելՙ հարկային պարտքերը մարելու համար»:
Մի քանի խանութպաններ դժգոհում էին, որ հենց փոքր ու միջին խանութների կողքին սնկի պես աճում են «Սթար», «Երեւան սիթի» եւ այլ սուպերմարկետները, որոնք մեծ վնաս են հասցնում իրենց, ու կտրուկ նվազել է գնողունակությունը. այժմ 35-40 տոկոսով ապրանքաշրջանառությունը պակասել է: «Սուպերմարկետները հասարակ առեւտրով չեն զբաղվում, ավելացրեց Նոր Նորքի խանութի մի վարիչ ու պարզաբանեց, դրանց բոլոր տերերը ներմուծողներ են եւ իրենց խանութներում ապրանքը վաճառում են մեծածախ վաճառքի գներով: Այսինքն, փոքր խանութներին ինչ գնով ապրանքը բաց են թողնում, նույն գնով էլ իրենց մոտ մանրածախ վաճառք են իրականացնում: Դեռ ավելին, ժամանակ առ ժամանակ որոշ ապրանքներ ավելի ցածր գներով են վաճառում ու դրանով ստեղծում են մոնոպոլիա: Իսկ գնորդը վազում է սուպերմարկետ: Օրինակՙ 500 գր. «Սարի մածունը» («Աշտարակ կաթ») փոքր ու միջին խանութներին տրվում է 200 դրամով, իսկ ինքը վաճառում է 195 դրամով: Իսկ թե ինչպե՞ս է վերադարձնելու 5 դրամը, պարզ չէ, չկա լումա, չկա նաեւ 5 դրամի վերադարձի լուծումը, հետեւաբար կլորացնում են թիվըՙ 200 դրամ: Ստացվում է, որ գնորդը միշտ վճարում է 200 դրամ, 195-ի փոխարեն: Իսկ մանր ու միջին խանութը 200 դրամանոց մածունին ավելացնում է իր տոկոսըՙ 10 դրամ եւ վաճառում 210 դրամով: Նույնը կարող եմ ասել նաեւ «Ջերմուկի» համարՙ 130 դրամով գործարանը բաց է թողնում մեծ խանութներին, իսկ փոքրերինՙ 140, 150 դրամ...»:
Վերջապես անդրադառնալով, թե ինչո՞ւ են խանութի տերերը թաքցնում իսկական շրջանառությունը, ի՞նչն է պատճառը, 6 բաժնից բաղկացած խանութի տնօրենը պարզաբանում է. «Եթե, ասենք, մեկ ամսում միջին խանութը ունի 9 միլիոն ապրանքաշրջանառություն, ապա այդ 9 միլիոնից 315.000 դրամը պարզեցված հարկն է, 500.000 դրամըՙ աշխատավարձը (13 աշխատող), 140.000 դրամըՙ սոցվճար, 180.000 դրամըՙ հոսանքի վարձ, 50-80.000 դրամըՙ հեռախոսի, ջրի եւ մանր-մունր վճարներՙ ըստ տարվա եղանակի: Ստացվում է 1 միլիոն 205 հազար: Մնացածը գնում է ապրանքների կանխիկ վճարըՙ ժամանակին ու որակյալ ապրանք մատակարարելու համար, իսկ տակը արդեն ոչինչ չի մնում, ու տնօրենը ստիպված է կամ մախինացիայի դիմել, կամ թաքցնել կտրոններն ու շրջանառությունը հենց հարկային մարմիններից, որ չգան ու վարչական տուգանք գանձեն»:
Մեկ այլ տնօրեն առաջարկեց. «Մի շարք երկրներում գոյություն ունի «հարկ վաճառքից» հարկատեսակը, որի ընթացքում հարկային տեսչություն-հարկատու հարաբերությունները զրոյանում են, որովհետեւ պետությունը հարկ ունի տվյալ ապրանքատեսակի վրա ու նրան բացարձակապես չի հետաքրքրում, թե հարկատուները ինչպես են աշխատում, ու այդ հարկը ՀԴՄ սարքը ավտոմատ ձեւով խփում է կտրոնի վրա: Ինչո՞ւ հենց այդպիսի ծրագիր չեն դնում ՀԴՄ-ների վրա, որ հարկատուներին ավելորդ գլխացավանքից ազատեն: Չնայած մենք անցել ենք շուկայական հարաբերությունների, սակայն հարկային մարմինները դեռ մեզ վրա պլան են դնում: Դա պարզապես աբսուրդ է... Ստացվում է, որ ապրում ենք այնպիսի մի երկրում, որտեղ ֆինանսական հարաբերությունները կատարվում են հրահանգներով ու պլանային միջոցներով, այլ ոչ թե շուկայական հարաբերություններով: Մեկ էլ տեսար, խանութ կգա հարկային տեսուչն ու կստիպի արդեն մուծած գումարի չափը դարձնել կրկնակի, թե ի՞նչ կարգով, ինչի՞ համար... Եթե չվճարեսՙ ինչ ասես չեն հնարի ու հարկատուին կնեղեն, ու երկուսի միջեւ կառաջանա մի խոր անդունդ, որը հնարավոր կլինի միայն կանխիկ գումարով «ծածկել»: Այսօրվա գործող հարկային տոկոսներով, այն էլ ոչ հավասար հարկային դաշտում, հնարավոր չէ աշխատել ազնիվ, վճարումները անել ու գոյատեւել: Դա հնարավոր բան չէ: Եվ հենց դա է պատճառը, որ ամեն մեկը մի հնար է գտնում շրջանցելու օրենքը»:
Զրուցակիցներս պնդում էին, որ «յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի ղեկավար ցանկանում է հանգիստ աշխատել, գիշերը հանգիստ քնել, աշխատանքից հաճույք ստանալ ու ոչ մեկից չվախենալ, հպարտանալ, որ իր երկրի բարեխիղճ հարկատու է, սակայն չեն թողնում, որ մեր երազանքը իրականանա»:
Մեկ այլ տնօրեն, որը մոտ 3 ժամ հերթ էր կանգնել նոր կտրոնների տրցակ ստանալու համար, վիրավորված ու վրդովված ավելացրեց. «Իմ խանութին տվեցին 5 տրցակՙ 3 ՀԴՄ-ի համար, ու 10 օրից հետո կտրոնները վերջացան: Նոր կտրոնների համար ստիպված զուր ժամեր կորցրի: Ինչո՞ւ միանգամից չեն տալիս շատ, հո Սովետի ժամանակները չեն, որ զուգարանի թուղթը 5 հատից ավելի չէին տալիս: Հաճախորդներն ամեն մի ապրանքի համար առանձին կտրոն են ուզում, եւ պարզ է, որ շատ ժապավեն է օգտագործվում ու շուտ էլ վերջանում է: Դեռ մի բան էլՙ օրվա վերջում մեզանից պահանջում են վերջնահաշվարկ, որի համար վիճակախաղով ժապավենը պետք է հանենք ու հին ժապավենի վրա թիվը ֆիքսենք. մոտ 1 մետր շահումով ժապավեն (մեծ խանութներում գուցե մի քանի մետր) մնում է տնօրենի մոտ: Ստացվում է, որ 100, գուցե նաեւ 1000 գնորդ վիճակախաղի պարգեւը շահելու հնարավորությունը կորցնում է»:
Զրուցակիցներս միաբերան պնդում էին, որ «հզոր մատակարարները խանութներին ապրանք տալուց ներկայացնում են օդից վերցված փաստաթղթեր, ու եթե մենք այդ փաստաթղթերը կցենք մեր ֆինանսական հաշվետվությանը, կստացվի, որ մենք աշխատում ենք գերշահույթով, իսկ մատակարարներըՙ վնասով»: Օրինակՙ ապրանքը խանութին տալիս են 100 դրամով ըստ փաստաթղթի, իսկ գումարը վերցնումՙ 200 դրամ: Եվ այդպես էլ մի քանի խոշոր արտադրողներ, իրենց ապրանքը տարբեր անձանց անվամբ են մատակարարում նույն եղանակով, եւ խանութպանները չեն կարող մատակարարից պահանջել այն փաստաթուղթը, որի համաձայն վճարում են ապրանքն ստանալիս: «Երբ հնարավոր կլինի մատակարարից ստանալ այն փաստաթուղթը, որով մենք գնում ենք ըստ իրենց տվյալների, այլ ոչ թե ձեւական, հնարավոր կլինի փակել մի մեծ կոռուպցիոն սողանցք», ասում են նրանք:
Որքան էլ խանութպանները դժգոհում են, սակայն հայկական հնարամտությունը գործում էՙ գնված ապրանքի վերջին զրոները, չգիտես ինչու, կտրոնի վրա չեն տպում: Օրինակ, եթե գնել ես 5400 դրամի ապրանք, ապա քեզ տված կտրոնի վրա հայտնվում է 540 դրամ արժեքը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ