«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2009-01-24 | #11, 2009-01-27 | #12, 2009-01-28


ԺՈՐԺ ԳԱԶԱԶՅԱՆ. «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՄԵՋ Է ՀՆՉՈՒՄ ԵՎ ԲՈԼՈՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ»

Տարիքը դեռ պատանեկան էլ չէր, երբ սկսեց երգել. երաժշտություն կար նրա մեջ ու այդ կերպ էր արտահայտվում: Գործիք ունենարՙ նաեւ կնվագեր: Հիմա, երբ արդեն կյանքի հինգերորդ տասնամյակում է, հարուստ է երաժշտական գործիքների նրա հավաքածունՙ նվագարանների քանակը չորս տասնյակն անցնում է: Վերջինը մի հին ուդ է: «Վերնիսաժից», Երեւանում ձեռք է բերել եւ տեղում էլ տվել սղոցելու. միեւնույն է, գործիքը նորոգման կարիք ուներ եւ պարտադիր կսղոցվեր Եգիպտոսում, որտեղ ծնվել ու ապրում է կոմպոզիտոր-կատարող Ժորժ Գազազյանը :

«Իմ մեջ երգիչն առավել վառ է արտահայտված, բայց ավելի ստեղծագործելու կարիք ունեմ: Երաժշտությունը գալիս է ներսիցս ու պիտի հնչի-կատարվի: Այլ կերպ անհնար է», սա Գազազյանի երեկվա ու այսօրվա կյանքն է, որ ինքը համարում է ճամփորդի կյանք: Սակայն իր ճամփորդությունները մեծապես տարբերվում են ընդունվածից` մեզ հայտնիներից: Գազազյանի բազմաբնույթ ու բազմաբովանդակ ճամփորդությունների միջոցը նվագարանն էՙ ուդը, տարածքըՙ երաժշտությունն ու մտածողությունը, ընկերակիցը ունկնդիրներն են: Նրանց ընկալումը պակաս դեր չի կատարում երաժշտի գոհունակությունը ամբողջացնելու հարցում: Այս առումով հայաստանյան ընկերակիցներիցՙ ունկնդրից Ժորժ Գազազյանը տպավորված է. «Նվագարանները, որոնցով կատարվեցին գործերս երեւանյան համերգներում, մի փոքր այլ հնչողությամբ, բայց ծանոթ է հայ ունկնդրին, եւ ամենեւին չէի մտահոգվում, թե ինչպես կընկալվի: Եվ ճիշտ դուրս եկա»:

Ինքըՙ կոմպոզիտոր-կատարողը իր ստեղծած երաժշտությանն անուն չի տալիս ու կատակով այն կոչում է իր ազգանվամբՙ «գազազյանական». «Շատ լայն է ու բազմազան իմ երաժշտության էթնիկ հիմքը եւ այդ բոլորում էլ կա սեփական ընկալումս: Բայց դա ոչ մի դեպքում էթնիկ հիմքի աղճատում չի նշանակում: Կարծում եմ, այն ինչ վերցնում ես, պիտի չշեղես իր տեսակից, բայց եւ նոր երանգներ պիտի ներկայացնես, այլապես անիմաստ կդառնա արածդ եւ հեռուՙ ստեղծագործություն կոչվելուց»:

Գազազյանը նաեւ կինոյի լեզուն է հասկանում եւ երաժշտություն է գրել արդեն մի քանի ֆիլմերի համար: Համարում է, որ երաժշտությունն ինքնին ամբողջական է, բայց կարող է լրացվել պատկերաշարով ու, միաժամանակ, այն առավել բովանդակալի դարձնել անգամ վավերագրական ֆիլմերում, որոնցում էլ նրա մասնակցությունը ծանրակշիռ է: Ֆիլմերի համար նրա երաժշտությունը ստեղծվում է որպես պատկերաշարի ամբողջացում եւ հաճախ էլ պատկերաշարն է հարմարեցվում երաժշտությանը: Սա նրա աշխատաոճն է: Գազազյանն ունի իր երաժշտությանն ու մտածողությանը հարազատ երաժիշտ գործընկերներ, բայց յուրաքանչյուր համերգ ու ալբոմ նվագում, ձայնագրում է նոր խմբի հետ, քանի որ իր ստեղծագործությունները հին ու նորի, ավանգարդի ու էթնիկի միացություն է եւ կրողըՙ համաշխարհային երաժշտական ժառանգության: Հենց դա էլ կոմպոզիտոր-կատարողի կարծիքով իր հաջողության գրավականն է: Իսկ հաջողությունըՙ հանդիսատեսի բուռն ընդունելությունը շլացուցիչ է եղել հատկապես Հնդկաստանում եւ Գերմանիայում:

«Հնդկաստանում գործիքներն ու հնչողությունը ծանոթ էին, ավելինՙ հարազատ, իսկ Գերմանիայում լիովին անհայտ ու նոր: Երկու երկրներում էլ ունկնդիրը մեծ ոգեւորություն պարգեւեց մեզՙ երաժիշտներիս այդչափ սրտառուչ ընդունելությամբ», պատմեց Ժորժ Գազազյանը: Նա հնի ու նորի համակցություն է անում ոչ միայն երաժշտական ժանրերի, այլեւ անվանման հարցում: «Դարիա ջազ» ալբոմն, օրինակՙ ջազի եւ էթնիկ տարբեր երաժշտությունների միաձույլ տարբերակ է, իսկ անվանումըՙ դարիա, որ նույնն է թե ծով, օվկիանոս եւ երաժշտական գործիքի անվանում նույնպես համակցություն է: Երաժիշտը ստեղծագործական հաճախականության մասին խոսել չի սիրում, բայց եւ գործով գիտի, որ յուրաքանչյուր գործ ներսից է բխում եւ հնչողություն ու բովանդակություն ստանում արտաքին ազդակների շնորհիվ: Նման հոգեվիճակ է ստեղծվել նրա համար Հայաստանում, ուր ամեն ինչ հարազատ ու նոր համարելով, Գազազյանը մտածում է կրկին համերգով հանդես գալու մասին եւ գուցե հենց հայաստանյան ոգեշնչման արդյունքում ծնվելիք գործերով:

«Երբ գալիս էի Երեւան, մտավախություն ունեի, որ իմ հայերենը հասկանալի չի լինի ու լսելիք հայերենն էլ իմ ականջին օտար կլինի, բայց իզուրՙ ինչպես հայկական երաժշտությունը, այդպես էլ մանկության տարիներին տանը լսած, մանկապարտեզում սովորած հայերենս հասկանալի են», ոչ գրառված սահունությամբ, բայց լիովին հասկանալի ու գեղեցիկ հնչողությամբ ասաց Ժորժ Գազազյանը երեւանյան համերգին հաջորդած զրույցում:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4