Թբիլիսիում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հանդես եկան Հայաստանը ներկայացնող 7 ձյուդոյիստներ: Բոլորից հաջող հանդես եկավ Ռոբերտ Վարդանյանը: Նա մինչեւ 73 կգ քաշայինների մրցավեճում գրավեց 5-րդ տեղը: Լավագույն ութնյակում տեղ զբաղեցրեց նաեւ Հակոբ Առաքելյանը, որը մինչեւ 90 կգ քաշային կարգում 7-րդն էր:
Աղջիկների մրցաշարին մասնակցած Անուշ Հակոբյանը առաջին իսկ գոտեմարտում պարտություն կրեց: Հոլանդիա են մեկնել մեր պատանի ձյուդոյիստները` մասնակցելու հունվարի 28-ին մեկնարկող միջազգային մրցաշարի:
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ըստ քաշային կարգերի ուժեղագույն ձյուդոյիստների դասակարգման ցուցակը: Պեկինի օլիմպիադայի մասնակից Արմեն Նազարյանը մինչեւ 66 կգ քաշային կարգում զբաղեցնում է պատվավոր 4-րդ տեղը: 60 կգ քաշային կարգում մեր մյուս օլիմպիականը` Հովհաննես Դավթյանը 23-րդն է: Հակոբ Առաքելյանը (90 կգ) 70-րդն է, իսկ Ղազարոս Գրիգորյանը զբաղեցնում է 104-րդ տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ