Չի կարելի ասել, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք «վաճառելու» սկանդալային իրադարձությունը գտնվում էր տեղի հասարակայնության ուշադրության կենտրոնում, սակայն հրապարակումներ եղան: Առհասարակ այս միջադեպի մեջ ապշեցնում էր ադրբեջանցիների «լայն» իրազեկվածությունը. նշում էին գործարքի գինըՙ 800 մլն դոլար, զինատեսակների քանակը, պատասխանատու զինվորականի անունը եւ այլն: Կարծես գործարքն իրականացվել էր օրը ցերեկով ու առավել եւսՙ մուսուլման եղբայրների աչքի առաջ:
Թվում էրՙ երեք նախագահների մոսկովյան հանդիպումից հետո սառույցն սկսում է հալվել, եւ Բաքուն առնվազն զսպվածության նշաններ է ցույց տալիս: Եվ հանկարծ միլիոնանոց աղմկահարույց հայտնություն եւ քարոզչական հզոր պոռթկում ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի դեմ: Նման բան Ադրբեջանը թույլ չէր տվել նույնիսկ հարավօսական իրադարձությունների ժամանակ, միգուցե նաեւ զգալով, որ ուժի զոռով միշտ չէ, որ կարելի է արդյունքի հասնել: Իսկ տվյալ դեպքում ցանկալի չէր վրացիների պատճառով փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ինչքան էլ ադրբեջանցիները գոռգոռան, ոչինչ չեն կարող հաստատել, քանզի Մոսկվան հերքում է այդ փաստը: Այդ դեպքում ո՞րն է նրանց գործողությունների ենթատեքստը, երբ բացահայտ անվստահություն է հայտնվում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ անձամբ նրա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հասցեին:
Բնականաբար, առաջին պլան է մղվում արտաքին ներգործության գործոնը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը գտնվում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերի շրջանակում ոչ միայն որպես էներգառեսուրսների աղբյուր, այլեւ որպես տարանցիկ երկիր: Եվ հազիվ թե ամերիկացիներին դուր գա Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների որեւէ ջերմացում: Գերխնդիրն է Ռուսաստանին առավելագույնս մեկուսացնել տարածաշրջանի իրողություններից, այդ թվում նաեւ Ղարաբաղի խնդրի կարգավորումից:
Եվս մի պարագա: Վերջին տարիներս Ռուսաստանը վերականգնում է իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում, ինչը նույնպես մտահոգում է Արեւմուտքին: Վերջինս հատկապես ռուս-ուկրաինական գազամարտից հետո պիտի փորձի նոր ուժով իրագործել միջինասիական ու ադրբեջանական էներգակիրները Ռուսաստանը շրջանցելով փոխադրելու իր ծրագիրը: Ի բնութագրումն Եվրոմիության բարձրաստիճան ներկայացուցչի հաճախակի դարձած այցելությունների Հարավային Կովկաս, մոսկովյան թերթերից մեկը հրապարակել էր մի հոդված. «Եվրոմիությունը թափառում է Անդրկովկասում» էկզոտիկ վերնագրով: Կարելի է թափառաշրջիկ էլ դառնալ, միայն թե կանխվի Ռուսաստանի հզորացումը:
Այնպես որ, զենքի վաճառքըՙ եղել է, թեՙ ոչ, չէր կարող զենք չդառնալ Ադրբեջանի ու նրա շեֆերի ձեռքին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա