28 հունվար 2009թ.
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժումը, որի առաջնորդը ես հանդիսանում եմ, իր հիմնադրման պահից ստանձնեց ջավախքահայության եւ վիրահայության խնդիրների լուծման հետապնդումը:
Խնդիրները բազմաթիվ էին եւ ե’ն: Վրացական իշխանություններն իրականացնում են հետեւողական քայլեր` ուղղված ջավախքահայության արտագաղթի խրախուսմանը եւ տարածաշրջանում էթնիկական առկա պատկերի փոփոխմանը: Այսպես, Ախալքալաքում գործում է պետական ԲՈՒՀ, որի ուսանողների շուրջ 70%-ը ազգությամբ վրացի են, Նինոծմինդայում գործում է վրացական մանկատուն, կառուցվում է մեծ քրեակատարողական հիմնարկ: Շարունակական փորցեր են կատարվում վրացականացնել հայկական եկեղեցիներ, ստեղծվում են վրացական մենաստաններ: Ջավախքում պարտադրվում է վրացերեն լեզվի ոչ-այլնտրանքային օգտագործումը հանրային կյանքի բոլոր բնագավառներում, ջավախքահային չի տրվում մայրենի լեզվի հիմքի վրա տեղում համալսարան հիմնադրելու հնարավորություն եւ այլն:
2006թ. մարտի 9-ին Ծալկա քաղաքում ազգությամբ հայ Գեւորգ Գեւորգյանի սպանությունը եւ վրաց ոստիկանության կողմից սպանվածի հարազատների եւ ընկերների հավաքված ցույցի ուժով ցրումը առաջացրեց ջավախքահայության արդարացի բողոքի պոռթկում: «Միասնական Ջավախք»-ն առաջնորդեց ժողովրդական բողոքի այս ալիքը:
Ժողովրդական զանգվածային բողոքի յուրաքանչյուր դրսեւորումից հետո որպես «Միասնական Ջավախք»-ի առաջնորդ` ես հանդիպումներ էի ունենում վրացական իշխանության ներկայացուցիչների հետ: Նրանց կողմից տրվում էին հայ բնակչության խնդիրները լուծելու խոստումներ, որոնք այդպես էլ մնում էին չիրականացված: Իշխանությունների խորհուրդն էր` զերծ մնալ ժողովրդական բողոքի զանգվածային միջոցառումներից եւ ջավախքահայության նպատակները հետապնդել ընտրությունների եւ այլ ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու միջոցով:
«Միասնական Ջավախք»-ը հետեւեց այդ խորհրդին: Մասնակցեցինք 2006թ. հոկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սակայն իշխանության կողմից թույլ տված աղաղակող եւ բացահայտ խախտումները զրկեցին «Միասնական Ջավախք»-ին շրջանային կառավարման մարմիններում որեւէ նշանակալից ներկայություն ունենալու հնարավորությունից: «Միասնական Ջավախք»-ի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ցույցը սադրանքի եւ ուժի գործադրմամբ խեղդվեց ոստիկանության կողմից:
2007թ. ընթացքում վրաց իշխանությունները սկսեցին հետեւողականորեն իրականացնել «Միասնական Ջավախք»-ի կազմալուծման եւ իմ` քաղաքական մեկուսացման ու չեզոքացման ծրագիրը, որի գագաթնակետը դարձան 2008թ. հուլիսի 17-21-ի գործողությունները:
Այսօր, 6 ամիս անազատությունից հետո, վրացական իշխանություններն ինձ դատում են 2006թ. Ախալքալաքում տեղի ունեցած ցույցերի համար. ա’յն ցույցերի, որոնց միջոցով ջավախքահայերը բարձրացնում էին իրենց հուզող խնդիրները եւ վրաց իշխանություններից պահանջում` տալ դրանց լուծումները, ա’յն ցույցերի, որոնց ընթացքում ջավախքահայությունն իր խաղաղ բողոքի ձայնն էր բարձրացնում ՏԻՄ ընտրություններում տեղ գտած աղաղակող խախտումների դեմ եւ պահանջում` անվավեր ճանաչել դրանց արդյունքները:
Արդ, դատարանի դահլիճից հայտարարում եմ. այս դատարավարությունը զավեշտական բեմադրություն է, իսկ դրա անընդհատ հետաձգման պատճառը վրացական իշխանությունների իմ` որպես ջավախքահայության իրավունքների կրող քաղաքական գործչի նկատմամբ տածած վախն է: Ի դեմս ինձ դուք դատում եք Ձեր երկրի հայ փոքրամասնությանը:
Այդ վախի արդյունքն են նաեւ հունվարի 22-ին Ախալցխայի հայ գործիչներ` Գրիգոր Մինասյանի եւ Սարգիս Հակոբջանյանի ձերբակալությունները: Դա մի նոր սադրանք է, որն ընդամենը նպատակ է հետապնդում ջավախքահայությանը մղել ծայրահեղական քայլերի եւ դրանով վարկաբեկել ջավախքահայության կողմից իր լեզվական, կրթական եւ կրոնական իրավունքների համար տարվող խաղաղ պայքարը:
Արդ, պահանջել եւ պահանջում եմ վրացական իշխանություններից`
1. Կասեցնել «Միասնական Ջավախք»-ի անդամների, իմ ազգականների եւ ընկերների, ինչպես նաեւ իմ դեմ հարուցված բոլոր քրեական գործերը, դադարեցնել բոլոր քաղաքական եւ տնտեսական հալածանքները: Ազատ արցակել հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության իրենց գործունեության համար ձերբակալված բոլոր քաղաքական բանտարկյալներին, այդ թվում` Ախալցխայում վերջերս ձերբակալված անձանց:
2. Կասեցնել Սամցխե-Ջավախք նահանգի եւ Ծալկայի շրջանի ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր ծրագրերը.
3. Կատարել իմ ձերբակալությանը նախորդած դեպքերի եւ մասնավորապես, ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանության արդար եւ անկողմնակալ հետաքննություն
4. Լուծել վիրահայությանն ու ջավախքահայությանը հուզող բոլոր լեզվա-կրթական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային խնդիրները, եւ մասնավորապես.
- Գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերադարձնել խորհրդային իշխանության տարիների ընթացքում նրանից բռնագրավված բոլոր տաճարները.
- Սամցխե-Ջավախք նահանգում եւ Ծալկայի շրջանում օրեսդրորեն թույլատրել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում եւ ընդհանուր գործավարության մեջ հայոց լեզվի օգտագործումը.
- Արտոնել Ախալքալաքում հայկական համալսարանի հիմնադրումը:
Դատերի եւ հալածանքների միջոցով վրացական իշխանություններին չի’հաջողվի որեւէ հարց լուծել. դրանք միայն խորացնելու են առկա դժգոհությունը:
Ջավախքահայությունը շարունակելու է իր պայքարը: