«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2009-01-27 | #12, 2009-01-28 | #13, 2009-01-29


ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՆՈՐ ՊԱՏՐԻԱՐՔՆ Է ՄԵՏՐՈՊՈԼԻՏ ԿԻՐԻԼԸ

Մոսկվայում անցկացված եկեղեցական ժողովի լիագումար նիստում գաղտնի քվեարկությամբ Մոսկվայի եւ համայն Ռուսիո նոր պատրիարք է ընտրվել Սմոլենսկի եւ Կալինինգրադի մետրոպոլիտ Կիրիլը: Նա հայրապետական գահապահի պարտականություններն էր կատարում Ալեքսեյ Բ պատրիարքի մահիցՙ 2008-ի դեկտեմբերի 6-ից ի վեր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ մետրոպոլիտ Կիրիլը Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք է ընտրվել ստանալով եկեղեցական ժողովի մասնակիցների 697 վավերական քվեներից 508-ը:

Նոր պատրիարքի ընտրության օրը ժողովի մասնակիցների տանջալի սպասումը մեղմացվել է Քրիստոս փրկչի տաճարում բարի խորհրդանշանի հայտնվելով. Մայր տաճարի մասը կազմող ստորինՙ Պայծառակերպության տաճարում մյուռոն է հայտնվել «Չար սրտերը փափկեցնող» Աստվածամոր սրբապատկերի ստորին մասում եւ զգացվել է ուժեղ անուշահոտություն: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել է ժողովի մասնակիցներից մեկը:

Տաճարի սպասավորները պարզաբանել են, որ այդ սրբապատկերից անցյալում մի քանի անգամ մյուռոն էր արտազատվել, բայց այս անգամ մյուռոնային ցողը «շատ ավելի զգալի է»:

Եկեղեցական ժողովի վերջինՙ 3-րդ լիագումար նիստից առաջ մետրոպոլիտ Կիրիլի միակ մրցակիցը Մոսկվայի պատրիարքարանի գործերի կառավարիչ, Կալուգայի եւ Բորովի պատրիարք Կլիմենտն էր: Երրորդ թեկնածունՙ Մինսկի եւ Սլուցկի մետրոպոլիտ Ֆիլարետը վերջին նիստից առաջ ինքնաբացարկ էր հայտարարելՙ խնդրելով իր ստացած քվեները փոխանցել Կիրիլին:

Երեկ նորընտիր պատրիարքին իր շնորհավորանքի խոսքն է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4