Ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը
Հայկական բանակը ուժեղ է, քանի որ կազմավորվել է ռուսական, սովետական բանակի հիման վրա: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հայտնեց արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): «Ինչո՞ւ ենք ասում, որ մենք ունենք ուժեղ բանակ. մենք չենք սկսել զրոյից. հայկական բանակը կազմավորվել է ռուսական բանակի հիման վրա: Բանակ կազմավորողները ծառայել էին սովետական բանակում, զինվորական տեխնիկան, զենքն ու զինամթերքը սովետական բանակինն էր: Սակայն տեխնիկա ունենալը դեռ քիչ էր, զինվորը պետք է իմանար ինչպես կռվել: Մենք ստեղծել էինք կենտրոններ, ուր զինվորներին ռազմագիտություն էինք դասավանդում, քանի որ նրանցից շատերը անփորձ էին», ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը: Նրա խոսքերով, այսօր հայկական բանակը ավելի կարգապահ է ու կանոնակարգված: Սպաների 90 տոկոսն ունի բարձրագույն կրթություն. նրանցից շատերը ուսում են ստանում եվրոպական երկրներում` Հունաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում:
«Ամեն տարի Կենտրոնական հետախուզական վարչությունը կատարում է Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի բանակների ուսումնասիրություն` տալով իր գնահատականները, պատրա՞ստ է արդյոք տվյալ երկրի բանակը պատերազմելու: Թեեւ Ադրբեջանը անընդհատ ասում է, որ ուզում է պատերազմել, բայց վարչությունը բացասական գնահատական է տալիս Ադրբեջանի բանակին: Վրացական բանակը նույնպես ժամանակին բացասական էր գնահատվում», նշեց Կոմանդոսը:
Ասուլիսին ներկա էր նաեւ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը , որը հայկական բանակի կազմավորման գործում կարեւորեց նաեւ կանանց մասնակցությունը: «Պատերազմի առաջին օրվանից կանայք կռվի դաշտում էին: Երբ Ղարաբաղից բերեցին առաջին վիրավորներին, ես հանրային ռադիոյով ելույթ ունեցա ու դիմեցի կանանց, որ ովքեր ցանկանում են օգնել վիրավորներին, թող ներկայանան «Արցախ» կոմիտե: Հաջորդ օրը 1800 կին եկավ, ու շուրջ երկու տարի մենք հիվանդանոցներում անցկացրեցինք` խնամելով վիրավորներին», ասաց Գրետա Միրզոյանը: Նրա կարծիքով, այսօր փոխվել է թե՛ ծնողների, թե՛ զորակոչիկների վերաբերմունքը բանակի հանդեպ, եթե առաջ երիտասարդներին փողոցից կարող էին բանակ ուղարկել, այսօր նրանք կամովին են զորակոչվում: Բանակի ձեռքբերումներից նա համարում է զինվորականների տաք հանդերձանքը, նորմալ սնունդը, հասարակության համար բանակի մուտքը ազատ է: «Զինվորի մայր» կազմակերպության գլխավոր խնդիրն է օգնել բանակային ծառայությունից ազատվելու այն երիտասարդներին, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ: «Հիվանդ զինվորները թուլացնում են մեր բանակը: Այսօր զորակոչվում են 1990-1991 թվականներին ծնված երիտասարդները: Այն տարիների սոցիալական ծանր դրության հետեւանքով նրանցից շատերը տարբեր հիվանդություններով են տառապում, հիմնականում ողնաշարի խնդիրներ ունեն», նկատեց Գրետա Միրզոյանը: Նա նշեց, որ հայկական բանակում այսօր մեծ թիվ են կազմում պայմանագրային հիմունքներով ծառայողները: «Երիտասարդներից շատերը զորացրվելով չեն կարողանում աշխատանք գտնել եւ բանակում պայմանագրային հիմունքներով աշխատանքի են անցնում որպես ավագ սերժանտներ: Նրանք մեծ օգուտ են բերում բանակին, քանի որ նախօրոք երկու տարի ծառայելով սովոր են կարգապահության: Կարծում եմ, որ գնալով նրանց թիվը կավելանա», ասաց Գրետա Միրզոյանը:
ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ