«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2009-01-27 | #12, 2009-01-28 | #13, 2009-01-29


ՓԱՌՔԻ ՍՐԱՀ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Երեկ Բանակի օրվա կապակցությամբ Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքում բացվեց Փառքի սրահ, որը մեր նորագույն պատմության հերոսական էջերից է: Միջոցառումը մեկնարկեց Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի օրհնությամբ: Թանգարանի բացմանը ներկա էին երկրապահներ Հայաստանի տարբեր մարզերից, անվանի մտավորականներ, դերասաններ: Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը իր ելույթում կարեւորեց բանակի դերն ու հավելեց, որ երիտասարդ սերունդը պարտավոր է հիշել մերօրյա հաղթանակը կերտած բոլոր քաջերին:

Թանգարանում ներկայացված էին ոչ միայն 1989-1994թթ. երկրապահ տարբեր ջոկատների սխրագործությունների լուսանկարները, նամակներն ու անձնական իրերը, այլեւ 20-րդ դարասկզբին թուրքերի դեմ մարտնչած հայ ֆիդայիների նկարներ, 2-րդ աշխարհամարտին հայերի մասնակցությունը փաստող վավերագրեր:

«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ԵԿՄ հիմնարար սկզբունքներից է: Թանգարանում կտեսնեք Արցախի ազատագրմանը մասնակցած տղաների անձնական իրերը: Զոհված տղաներից շատերի ընկերներն այս զենքերը, նամակներն ու իրերը որպես սրբազան մասունք պահում էին իրենց տներում: Վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր արժանվույն տեղն է գտել թանգարանում: Սա փոքրիկ թանգարան է, որի նմուշները առաջիկայում կշատանան», «Ազգ» -ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը :

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4