«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2009-01-27 | #12, 2009-01-28 | #13, 2009-01-29


ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ-ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԿԱՐԳ

«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների եւ աշակերտների համար անցկացվող` «Իմ հեռու, իմ մոտիկ, իմ սուրբ Հայաստան» թեմայով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթի

1. Ընդհանուր դրույթներ.

1.1 Ներկա դրույթները որոշում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով «Իմ հեռու, իմ մոտիկ, իմ սուրբ Հայաստան» թեմայով անցկացվող ամենամյա միջազգային գրական մրցույթի կարգավիճակը, նպատակները, խնդիրներն ու անցկացման կարգը:

1.2 Մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողներին ու աշակերտներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին, հավատ սերմանել նրա ապագայի հանդեպ: Մրցույթը կնպաստի Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացմանը, ազգային միասնության ապահովմանը, խթան կհանդիսանա հայապահպանման գործին, կօժանդակի հայ մշակույթի, հայոց լեզվի եւ հայ ժողովրդի պատմության ճանաչմանն ու տարածմանը:

1.3 Մրցույթն անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմիցՙ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:

1.4 Մրցույթն անցկացվում է 2009 թվականի փետրվարի 15-ից մինչեւ հունիսի 1-ը:

2. Մրցույթի պայմանները.

2.1 Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողներն ու բարձր դասարանների աշակերտները:

2.2 Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբՙ շարադրությամբ, բանաստեղծությամբ, պատմվածքով, ակնարկով, հրապարակախոսությամբ եւ այլն:

2.3 Մրցույթին մասնակցելու իրավունք են ստանում միայն նշված ժամկետում ուղարկված, թեմային ներկայացվող պահանջներին համապատասխանող, համակարգչով հավաքված աշխատանքները:

2.4. Մրցույթին ներկայացված աշխատանքները պետք է բացահայտեն առաջարկվող թեմայի` «Իմ հեռու, իմ մոտիկ, իմ սուրբ Հայաստան » կարեւորությունը հայերիս համար, այն, որ այս գաղափարի շուրջն էլ պետք է միավորվեն աշխարհով մեկ սփռված հայերը:

Ցանկալի է, որ մրցույթի մասնակիցներն իրենց աշխատանքներում կարողանան ներկայացնել` ինչպես են պատկերացնում իրենց ներդրումը մեր հայրենիքի բարգավաճման, միասնական պետականության պահպանման գործընթացում:

3. Մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգը.

3.1 Մրցույթն անցկացնելու նպատակով ձեւավորվում է կազմկոմիտե:

3.2 Կազմկոմիտեն ձեւավորում է աշխատանքային հանձնախումբ, հաստատում կազմը, ամփոփում մրցույթի արդյունքները:

3.3 Աշխատանքային հանձնախումբը.

- մշակում է աշխատանքների գնահատման չափանիշները,

- սահմանում է մրցանակային տեղերը եւ անվանակարգերը,

- ստուգում եւ գնահատում է աշխատանքները,

- որոշում է հաղթողներին եւ ներկայացնում կազմկոմիտեի քննարկմանը:

3.4 Ուղարկված աշխատանքները չեն գրախոսվում եւ չեն վերադարձվում:

3.5 Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել մրցույթի անցկացման կարգում:

3.6 Մրցույթի արդյունքները ուսանողների եւ աշակերտների համար կամփոփվեն առանձին-առանձին:

4. Հաղթողների պարգեւատրումը.

4.1 Մրցույթում առաջին երեք տեղերը շահած ուսանողները եւ աշակերտները կպարգեւատրվեն համակարգիչներով, իսկ առանձին անվանակարգերում հաղթողներըՙ արժեքավոր նվերներով, պատվոգրերով: Լավագույն աշխատանքները կհրապարակվեն առանձին ժողովածուով:

4.2 Մրցույթի արդյունքների ամփոփման եւ հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Երեւանում, 2009 թվականի հոկտեմբերին` «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում» ծրագրի շրջանակներում:

5. Մրցութային աշխատանքին ներկայացվող պահանջները.

5.1 Ներկայացվող աշխատանքները պետք է լինեն գրագետ, հստակ, տրված թեմային համապատասխան:

5.2 Մրցութային աշխատանքները կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, մինչեւ 2009 թվականի հունիսի 1-ը /Հայաստանից, Արցախից եւ ԱՊՀ երկրներից ներկայացված աշխատանքներն ընդունվում են միայն հայերեն եւ ռուսերեն, անգլերեն աշխատանքներ ընդունվում են միայն հեռավոր արտերկրից/:

5.3 Ներկայացված աշխատանքների ծավալը չպետք է գերազանցի 4 համակարգչային էջը:

5.4 Աշխատանքները կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային տարբերակով (Word ֆորմատով (*.doc, *.rtf) Windows-ի համար), վերին եւ ստորին լուսանցքներըՙ 2սմ, աջ եւ ձախ լուսանցքներըՙ 2.5սմ, կարմիր տողըՙ 1.25սմ, տպատառի չափըՙ 14 pt, ինտերվալըՙ 1: Աշխատանքները կարող են ներկայացվել նաեւ անձամբ կամ ուղարկվել փոստով:

5.5 Պարտադիր է ունենալ տիտղոսաթերթ, որտեղ պետք է նշված լինի.

- Ազգանուն

- Անուն

- Հայրանուն

- Ծննդյան թիվը

- Հասցեն

- Հեռախոսը

- Էլեկտրոնային փոստի հասցեն

- Ուսումնական հաստատության անվանումը եւ վայրը

6. Աշխատանքները կարող եք ուղարկել հետեւյալ հասցեներով.

Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Տերյան 69, 4 հարկ

Հեռ. +(37410) 510442

Ֆաքս (37410) 510441

E-mail: vladis @ netsys.am

Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Գլխավոր պողոտա, Կառավարության III շենք,

ՀՀ ԿԳ նախարարություն, հանրակրթության վարչություն, 611 սենյակ:

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4