Մեկօրյա հանգստից հետո Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը` անցկացնելով 9-րդ տուրի հանդիպումները: Ուշադրության կենտրոնում հայ շախմատիստների մասնակցությամբ հանդիպումներն էին: Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր Գատա Կամսկու հետ: Հիանալի խաղի շնորհիվ Արոնյանը 2 անցողիկ զինվորի առավելություն ստացավ: Կամսկին ամեն կերպ փորձում էր դիմագրավել այդ զինվորների առաջխաղացումը եւ ձգձգում պարտիայի հանգուցալուծումը: Դրա հետեւանքով նրանց մրցավեճը տեւեց ուղիղ 6 ժամ եւ ավարտվեց վերջինը: Արոնյանը հստակ քայլերով կարողացավ իրացնել առավելությունը եւ ստիպեց Կամսկուն ի վերջո հանձնվել 80-րդ քայլում: Այսպիսով, Արոնյանը մրցաշարում իր երկրորդ հաղթանակը տոնեց ու 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր:
Ցավոք անհաջող խաղաց Սերգեյ Մովսիսյանը, որը սեւերով ուժերն էր չափում ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ: Թեեւ Մովսիսյանը մեկ զինվոր ավելի ուներ, սակայն չկարողացավ պայքարել մրցակցի անցողիկ զինվորի դեմ: Ի վերջո, 68-րդ քայլում Մովսիսյանը ստիպված էր ընդունել պարտությունը, որը երկրորդն էր մրցաշարում: Հիշեցնենք, որ անդրանիկ պարտությունը Սլովակիայում բնակվող հայ գրոսմայստերը կրել էր Լեւոն Արոնյանից: Հերթական պարտությունից հետո Մովսիսյանն առաջատարի իր տեղը զիջեց Լեւոն Արոնյանին, Սերգեյ Կարյակինին եւ Լենիեր Դոմինգուեսին, որոնք 9 հնարավորից ունեն 5,5 միավոր: Մովսիսյանը Ռաջաբովի հետ 5 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը:
Դոմինգուեսը սպիտակներով առավելության հասավ Դանիել Սթելվագենի նկատմամբ: Տուրի մյուս մրցախաղերն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Լյուկ վան Վելին ու Վասիլի Իվանչուկը, Մայքլ Ադամսն ու Մագնուս Կառլսենը, Յան Սմիթսն ու Վանգ Յուեն, Ալեքսանդր Մորոզեւիչն ու Թեյմուր Ռաջաբովը: Կառլսենը, Ադամսը, Սմիթսն ու վան Վելին վաստակել են 4,5-ական միավոր: 4-ական միավոր ունեն Կամսկին, Վանգ Յուեն ու Իվանչուկը, որոնց հաջորդում է Սթելվագենը (3,5 միավոր): Աղյուսակը 3 միավորով եզրափակում է Մորոզեւիչը:
10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Մայքլ Ադամսի հետ: Մովսիսյանի մրցակիցը կլինի Վանգ Յուեն: Կկայանան նաեւ Կառլսեն-Դոմինգուես, Կարյակին-վան Վելի, Ռաջաբով-Սմիթս, Իվանչուկ-Կամսկի, Սթելվագեն-Մորոզեւիչ պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ