Դավոսում ՀՀ նախագահի հետ հանդիպումից առաջ հայտարարել է վարչապետ Էրդողանը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար Դավոս էր մեկնել հունվարի 27-ին: Ուղեւորվելուց առաջ Անկարայի օդանավակայանում խուսափողական պատասխան էր տվել լրագրողների հարցին, ասելով. «Ներկա պահին խնդրո առարկա չէ մեր վարչապետի ծրագրված որեւէ հանդիպումը նախագահ Սարգսյանի հետ»: Այնուհետեւ նա նշել էր, որ ինքը հավանաբար կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանին, սակայն ժամը դեռեւս որոշված չէ:
Հունվարի 28-ին արդեն Դավոսում, պատասխանելով Անկարայում NTV-ի ներկայացուցչին, ասել էր, որ Հայաստանի հետ շփումները տարբեր մակարդակներով շարունակվում են, ինքը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Թեեւ Բաբաջանը չէր մանրամասնել, սակայն հանդիպման ավարտին CNN-turk-ին տված հարցազրույցում ասել էր. «Անձամբ չեմ զարմանա, եթե մենք կարգավորման հասնենք այս տարի: Այսինքն 2009-ը կարող է բեկումնային տարի լինել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների համար, միայն թե կողմերն ի վիճակի լինեն մինչեւ վերջ պահպանել դրսեւորվող քաղաքական կամքը: Մենք այդ կամքն ունենք, տեսնում ենք, որ Հայաստանն էլ ունի, սակայն կարեւորը դրա մինչեւ վերջ դրսեւորումն է ու վերջնակետին հասնելը»: Նալբանդյան-Բաբաջան նախորդ օրվա հանդիպումը, ինչպես NTV-ն է վկայում, տեղի է ունեցել Ցյուրիխի օդանավակայանում եւ եղել է նախնական, որովհետեւ վերջինը նշել է նոր հանդիպման մասին, որը նախատեսվում էր Թուրքիայի վարչապետի հետ ՀՀ նախագահի երեկվա հանդիպումից առաջ: Ի դեպ, նախագահ Սարգսյանը վարչապետ Էրդողանի հետ հանդիպելու էր Դավոսում Երեւանի ժամանակով 22.30-ին, ուստի արդյունքների մասին տեղյակ լինել չէինք կարող:
Պարզապես հայտնի էր, որ հունվարի 28-ին Անկարայում վարչապետ Էրդողանը չէր բացառել ՀՀ նախագահի հետ հանդիպման հնարավորությունը, այսինքնՙ լրագրողներին պատասխանելիս նա էլ զգուշավորություն էր ցուցաբերել: Մինչդեռ Ցյուրիխում հանդիպման հավանականության եւ ապրիլի 24-ի մոտեցման առնչվող հարցին ի պատասխան, նա ասել էր. «Այդ հանդիպումը խոչընդոտող որեւէ հանգամանք չկա: Հնարավոր է, որ հանդիպենք: Սակայն հանդիպումը մի հարց է, ապրիլի 24-ը` բոլորովին այլ: Ի դեպ, ապրիլի 24-ին աշխարհը չի քանդվում: Անհրաժեշտ է, որ հարցին մոտենանք նաեւ այս տեսանկյունից: Մենք ամեն կերպ դրսեւորել ենք մեր անկեղծությունը: Միշտ ասում եմ: Հայաստանի առջեւ ի սկզբանե բացել ենք Թուրքիայի օդային տարածքը: Ներկայումս մեր երկրում, առանց անձնագրի, բնակվում է շուրջ 40 հազար հայաստանցի: Մեր միջոցներով վերականգնել ենք Աղթամար կղզու հայկական եկեղեցին: Այս ամենը ժեստ է: Հակառակ դրան, հայկական սփյուռքը շարունակում է գործել: Ակնհայտ նկատում ենք, որ այդ գործունեությունը ծավալվում է: Սակայն ես տեսնում եմ, որ Հայաստանի ներկա վարչակարգը դրան հավանություն չի տալիս»:
Այնուհետեւ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հանդիպելուց հետո վարչապետ Էրդողանը անդրադարձել էր ՀՀ նախագահի հետ նախատեսվող հանդիպման օրակարգին: Թուրքիայի վարչապետը նշել էր. «Սարգսյանից առաջ հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ եղբորս հետ, ինչը չափազանց կարեւոր է: Այդ հանդիպումը որոշ իմաստով կազմելու է Սարգսյանի հետ առաջիկա հանդիպման շրջանակը: Մենք երբեւէ չենք կարող Լեռնային Ղարաբաղի հարցում միայնակ թողնել Ադրբեջանին: Այսինքն մեր խնդիրները ինչ-որ տեղ կապակցված են Ադրբեջանին: Այս հարցում պետք է որ Հայաստանը անհրաժեշտ ըմբռնում ցուցաբերի: Երեկվա հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ նախատեսվող այսօրվա հանդիպումը կարող է որոշակի ուղեգիծ հանդիսանալ, եթե Հայաստանը անկեղծություն դրսեւորի հանդիպումներում»:
Վարչապետ Էրդողանը, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, հայ լրագրողի հարցին պատասխանելիս նշել է, որ իր համար հուսադրող է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, ավելացնելով. «Սակայն չեմ կարող իմանալ, թե դա որքան է հուսադրում հայաստանյան կողմին»: Նույն աղբյուրի համաձայն, հանդիպումը դրական քայլ է համարել նախագահ Սարգսյանը:
Ինչո՞վ են պայմանավորված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն առնչվող թուրք լրագրողների հարցին արտգործնախարար Բաբաջանի Անկարայի օդանավակայանում տված խուսափողական, իսկ վարչապետ Էրդողանի զգուշավոր պատասխանները: Ըստ երեւույթին, այդ հանդիպումը շահարկելու Թուրքիայի հասարակական-քաղաքական որոշ շրջանների եւ կենտրոնական որոշ թերթերի պատրաստակամությամբ, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հնարավոր զարգացումների հավանականությամբ, ինչպես նաեւ հանդիպման շուրջը հնարավոր աղմուկը կանխելու եւ դա հակազդեցությունից զերծ պահելու մտահոգությամբ: Ակնհայտ է, որ վերոհիշյալ աղմուկն ու հակազդեցությունը դեռ չկայացած կմթագներ ՀՀ նախագահի հետ վարչապետ Էրդողանի հանդիպումը:
Իրականում այս ամենի հիմքում Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը Թուրքիայում ցուցաբերվող անհանդուրժողականությունն է: Դա ենթադրում է վարկաբեկում, իշխանություններին վարկաբեկելու համար վերոհիշյալ թերթերում օգտագործում են «թուրք ազգին ցեղասպանության մեջ մեղադրող եւ Լեռնային Ղարաբաղը օկուպացման տակ պահող Հայաստանի հետ Էրդողանի կառավարության մերձեցումը» ու մերձեցման շուրջ անախորժ աղմուկ են բարձրացնում երկրում:
Աղմուկի առումով թերթերին են միանում հասարակական-քաղաքական շրջանակները, մասնավորապես Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները, թե Հայաստանի հետ մերձեցումը ԱՄՆ-ի եւ Եվրոմիության հրահանգն է, Էրդողանի կառավարությունը անձնատուր է եղել վերջիններիս, մերձեցման նրանց հրահանգը կատարելիս դավաճանում է Թուրքիայի ազգային շահերին: Ի դեպ, վերոհիշյալ կուսակցությունները չորս թուրք մտավորականների «հայերից ներողություն խնդրելու» ստորագրահավաքի համար էլ մեղադրել էին Աբդուլլահ Գյուլին, թե Երեւան կատարած անհաշվենկատ այցով հենց նա է խրախուսել նրանց, որոնք ինքնակամ «թուրքական պետության վրա, այսպես կոչված, ցեղասպանություն իրագործողի պիտակ են կպցնում»: Եթե ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը, ապա դա կվերագրվի Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը եւ դրա համար հարձակումների թիրախ կդառնա վարչապետ Էրդողանը: Այսինքնՙ հանդիպումը որոշակի ռիսկ է պարունակում նաեւ Էրդողանի եւ նրա կուսակցության համար: