«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-01-28 | #13, 2009-01-29 | #14, 2009-01-30


ԻԻՀ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Ուղիղ 30 տարի առաջ Իրանի ժողովուրդը Իմամ Խոմեյնու առաջնորդությամբ իրականացրեց հեղափոխություն, տապալելով 2500 տարվա թագավորական իշխանությունը ու ստեղծեց ժողովրդական իսլամական հանրապետություն: Հեղափոխությամբ մի նոր դարաշրջան սկսվեց Իրանի ժողովրդի համար: Երկրի զարգացման գործընթացին ներգրավվեցին հասարակության տարբեր շերտեր եւ կամաց-կամաց պակասեց գյուղի ու քաղաքի բնակչության անգրագիտության տոկոսը, բարելավվեց երկրի սանիտարական եւ առողջապահական վիճակը, բարձրացավ մարդկանց բարեկեցության աստիճանը: Հեղափոխության հաղթանակի 30-րդ տարեդարձի առիթով անցկացվող «Այգաբացի տասնօրյակի» շրջանակներում երեկ Երեւանի «Կապույտ մզկիթում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդատու Մուհամադ Շաքիբան մանրամասնեց անցկացվող միջոցառումները ու բարձր գնահատեց հայ-իրանական դարավոր բարեկամական ու բարիդրացիական կապերը:

Հունվարի 30-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն երեք գեղանկարիչների կերպարվեստի նմուշներ: Հաջորդ օրը Քանաքեռ-Զեյթուն համայնքի մանկատանը երեխաներին այցի ընթացքում կտրամադրվի առաջին անհրաժեշտության եւ սննդի հիմնական պարագաներ: Փետրվարի 2-ին ՀԱ գրադարանում կբացվի Իրանում վերջին տարիներին հրատարակված մոտ 1000 կտոր գրքերի ցուցահանդես, իսկ հաջորդ օրը ԱՕԿՍ-ում նախատեսվում է մի խումբ իրանահայերի հետ քննարկում «Ժամանակակից Իրանի եւ հեղափոխության ձեռքբերումները» թեմայով: Փետրվարի 4-ին կամփոփվի «Իրանը իմ աչքերով» մրցույթի արդյունքները, որին մասնակցել են հանրապետության այն դպրոցների աշակերտները, որոնք ուսումնասիրում են պարսկերեն լեզուն: Փետրվարի 5-ին ՀԳ միությունում կայանալիք միջոցառումը նվիրվելու է իրանական պոեզիային` Ռուդաքիից մինչեւ Ղեյսար: Նաեւ գրքի ցուցահանդես կբացվի ցերեկույթի ընթացքում: Միջոցառումների շարքը կամփոփվի Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահում` իրանական ժողովրդական ու ավանդական երաժշտության համերգով, որին մասնակցելու համար հատուկ Հայաստան կժամանեն իրանցի 15 կին երաժիշտներ, երգչուհիներ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4