«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-01-28 | #13, 2009-01-29 | #14, 2009-01-30


Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼ

Չէի ուզենա, որ ձայնից չզրկվելը եւ ԵԽԽՎ-ի նոր բանաձեւով տրված ժամանակը իշխանությունն օգտագործեր որպես հաղթաթուղթ, իսկ ընդդիմությունը, հակառակը, փնովեր եվրոչինովնիկներին` սեփական երկիրը ձայնից չզրկելու համար: Հակառակը, նոր բանաձեւը ձեռքերում երկուստեք թափահարելու փոխարեն` ճիշտ կլիներ, որ թեկուզ մեր իրավական համակարգի մեկ-երկու անգրագետ պատժվեին, քան թե երկիրը, որն ապրիլին, ընդամենը երկու ամիս հետո, նույն դիլեմայի առաջ է կանգնելու:

Ո՞նց հասանք այն սահմանագծին, որ հայ մարդն ամեն ինչ անում է երկրի վիճակը միջազգային կառույցում վատացնելու համար` տարբեր սահմանային մասնագետների հմտությունը համադրելու դեպքում եւս դժվար պարզվի:

Ընդհանրապես` ուշադիր դիտողը կարող է տպավորություն ունենալ, թե ԵԽԽՎ-ն մի անհայտ խաղ է խաղում Հայաստանի հետ. հա ժամանակ է տալիս, հետո խստանում, կարծես սպասելով, թե ի վերջո ներսում ո՞վ ո՞ւմ է խժռելու ու այդպիսով ակամա, կամ գուցե հենց կամա, մի թեթեւ ուղղորդում է գործընթացները: Այ հիմա էլ եւս երկու ամիս սպասելու է, թե արդյոք իշխանությունն իր վերջին հնարավորությունն օգտագործելով ու ներքին խնդիրները լուծելով` ավելի կուժեղանա՞, թե տարատեսակ ներքին թել քաշողներն ավելի են թուլացնելու նրան ու գուցե... Եվ «ժողովրդավարության» ու «քաղաքական կամքի» ֆիքսումը ապրիլին հենց այս բոլորի արդյունքում եւ համապատասխան է լինելու...

Դե, իսկ մերոնք մերոնք չէին լինի, եթե իսկական ենթատեքստերն ըմբռնելու եւ իրապես հարկավոր քայլերն անելու գոնե ձեւ անեին ու համաշխարհային աղմուկը դեռ Ստրասբուրգից չդնեին:

Մի ամիս դեռ խոսելու են հաղթանակից կամ պարտությունից: Ընդդիմությունն արդեն արդարանում է (երեւի իր կողմնակիցների առաջ). ընդդիմությո՞ւնն է հասցրել այս վիճակին, ընդդիմությո՞ւնն է ընտրությունները կեղծել, հարցնում են ու Եվրոպային էլ ուղերձներ են անում, թե Եվրոպան պետք է մտածի իր միջազգային քաղաքական վարկի մասին ու ոչ թե երկդիմի պահվածք որդեգրի, ապատեղեկատվության հիման վրա բանաձեւ ընդունի: Եվ թե` իշխանության ձայնից չզրկվելու ջանքերը խաբեություն են, կերակրատաշտից զրկվելու վախի արդյունք, աչքակապություն: Այո, կերակրատաշտը մեծ դեր ունի մեր իշխանավորների գործելակերպում, բայց այդպես ասողը շատ լավ էլ գիտի, որ հենց իր դեպքում եւ ողջ ներկա ընդդիմության դեպքում եւս ամեն ինչ կերակրատաշտով է պայմանավորված, իրե՛նց դեպքում էլ դա նշանակություն ունի հիմա, եւ ունեցել է, եւ ինչպե՜ս է ունեցել իրենց իշխանավոր լինելու ժամանակ: Այնպես որ` թողեք, հա՞:

Այ, ժողովուրդը պիտի մտածի, թե ինչո՞ւ վատ չինովնիկի կամ ամբիցիոզ ընդդիմության պատճառով ինքն ու իր երկիրը պիտի տուժեին, պիտի մտածի, թե ինչո՞ւ միամտաբար հավատաց ընդդիմադիր կատարը տաքացրած մի քանի մարդու եւ գնաց ոչնչի չբերող մարտիմեկյան սրացումներին. որ «ժողովուրդը 20 տարի գին է տվել, հիմա վերջնական հետեւություն անելու պահն է եւ կանի, ու, որ սրա վերջը վատ է լինելու», ինչպես մեր կարկառուն ընդդիմադիրներից մեկն է ասումՙ էդ ճիշտ է, բայց միաժամանակ վատ է լինելու ե՛ւ իշխանավորի, ե՛ւ նավթալինահոտ ընդդիմության համար, քանի որ նաՙ Հայաստանի քաղաքացին, հոգնել է ամեն օր էս մի քանի ընդդիմադիր նշանակվածների փտած զառանցանքները լսելուց, թե` «մենք հաղթել ենք», հոգնել է իշխանական չինովնիկների խոսքի ու գործի 101 տոկոսանոց հակադրությունից, հոգնել է իր իրավունքների համար ամեն օր անարդյունք կռիվ տալուց` բազմաթիվ իշխանական աստիճանավորների անհաղթահարելի բյուրոկրատիայի դեմ. վարչապետը վերեւում խոսում է գիտելիք ունեցողին գերադասելուց` գիտելիքով օժտված մեր երեխաները դրսում, ներսում` այսուայն հզորի փսլնքոտներն են, նախագահը խոսում է արդար կառավարումից, ամենուր անարդարությունը ելել-ուտում է մեզ: Ահա ինչից է զզվել ՀՀ քաղաքացին, ու արդեն աջուձախ, հարեւաններից, ազգականներից ու տնեցիներից անգամ լսում ես, թե քո պաշտպանած պետությունն ապրելու տեղ չէ, իշխանություն եւ ընդդիմություն արժանի են իրար, գնում ենք: Իշխանությունը կամ ընդդիմությունը, իրենց այս գործելակերպով «ավերակա՞ց են թագավորելու»: Ես ո՞նց հավատամ Հովհաննես Հովհաննիսյանին, որը հենց զրկվեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնից` ընդդիմություն դարձավ, Տիգրան Թորոսյանին, որ կուրծք էր ծեծում իշխանության ամենաանհեթեթ նախաձեռնություններն անգամ որպես վերջին ճշմարտություն ներկայացնելով, բայց պաշտոնից զրկվելով` հինգ պակաս ընդդիմություն է: Կամ` որ պաշտոն ստացողն անմիջապես մոռանում է իր ընդդիմադիր հայացքները` արդյոք խիստ գաղափարական մեր քաղաքականների բարձր գաղափարների արդյո՞ւնք է (Ստեփան Զաքարյանը ձեզ օրինակ): Եվ ինձՙ քաղաքական անցքերի հերթագայությունը 88-ից արմատապես իմացողիս խնդրում եմ դեմ չտալ «այս իշխանությունները կեղծել են ընտրությունները» մերկաբանությունը, քանի որ 1990-ից սկսած բոլոր, խնդրում եմ բերանները չբացել, բոլոր ընտրություններն այս կամ այն չափով եւ ամենատարբեր մեթոդներով, մասամբ կամ առարկայորեն կեղծվել են: Եվ անգամ` ամենաառաջին, անկախական ժամանակի Գերագույն խորհրդի ընտրություններին, երբ առաջին ՀՀՇ-ական թեկնածուները մեծ ժողովրդականություն էին վայելում, սովորույթի համաձայն էլի տրցակներով բյուլետեններ լցրեցին` այնուամենայնիվ ապահով լինելու համար, որ իրենք են ընտրվել, իսկ 1995-ի եւ 1996-ի ընտրությունների ողջ կեղծիքը կազմակերպած գործիչների երեսպաշտությունը պարզապես զավեշտալի է:

Թողնենք վերջապես այս տրորված, չարչրկված խոսակցությունը: Խնդիրը հիմա ազգովին արմատապես փոխվելու մեջ է. կամ վերցնում եւ բոլորս` իշխանություն եւ ընդդիմություն, խոստովանում ենք, թե սխալվել ենք բոլո՛րս, ամեն մեկն իր մասով, գծենք սահմանն ու ասենք, որ այս պահից իսկապես կատարելու ենք մեր ստորագրած բոլոր պայմանագրերը: Բոլորս` իշխանություն եւ ընդդիմություն երկրի ոչ վատ օրենքներն էլ չենք խախտելու ու այդպես երկուստեք ենք երկիրը դուրս բերելու դրսից ու ներսից անխոցելի հարթություն, կամ էլի շարունակում ենք ստել ու կեղծել. մի կողմից կուրծք ծեծել, թե «այս իշխանությունը հանցագործ է, մենք` սրբեր», եւ հակառակը, իշխանությունը ջայլամություն անի, որ ինքն է միակ ճշմարիտը, ու իր բոլոր իրավական ու վարչական լծակներով պետք է ճզմի ընդդիմությանը, դա էլ ոչինչ, երկրի հասարակ քաղաքացուն, առանց որի իշխանություն եւ ընդդիմություն ոչինչ չարժեն:

Հիմա ո՞րն ենք ընտրելու ԵԽԽՎ-ի տված այս նոր ժամանակի ընթացքում. վերը մեր ասածի տրամաբանությամբ` ընդդիմությունը, որի կողմնակիցները ոչ թե ավելացել, այլ ակնհայտորեն պակասել են նրա քաջնազարական հայտարարություններից, հե՞տ է կանգնում իր մեծապաշտական նկրտումներից, խոստովանում, որ չափազանցում էր, թե հաղթել է ընտրություններում եւ այլեւս չի սպառնում նոր մարտիմեկյան սրացումներով: Իշխանությունն էլ (եւ հատկապես երկրի նախագահը) ընդունում է, որ իշխանությունը (իրեն նախորդած) գերազանցել է իր լիազորությունները մարտի 1-ին, ուրիշի սխալի համար ներողություն է խնդրում զոհվածների հարազատներից, հայտարարում, որ թեեւ ընդդիմությունը բարի պտուղ չէ, բայց ներում է իր մոլորյալ զավակին ու բաց թողնում բանտարկյալների մեծ մասին, ու դա էլ ընկալվում է բոլորովին էլ ոչ պարտություն կամ հետքայլ, այլ իմաստուն եւ հեռատես ընտանիքի ղեկավարի պահվածք: Կամ էլ ազգովին` ընդդիմություն եւ իշխանություն, ուժ չենք գտնում մեր մեջ մեր սխալներն ու գրագիտության պակասը խոստովանելու եւ շարունակում ենք գլխով հարվածել պատին, որից ի վերջո ոչ թե պատը, այլ մեր սեփական գլուխն է տուժելու: Այս դեպքում կարելի է եւ ԵԽԽՎ-ի, նրա որոշումների ու Ղարաբաղի խնդրի լուծման վրա դրանց անդրադարձի, եւ բազմաթիվ այլ անդրադարձերի վրա թքած ունենալ:

Իսկ հատկապես ԵԽԽՎ-ին, Եվրոխորհրդին եւ մնացած եվրոպաներին «թասիբի» գցող մեր «ընտրյալ» ընդդիմության խոսակցությունները կխնդրեինք մի կողմ թողնել` Եվրոպան առանց ձեր խորհուրդների էլ յոլա կգնա իր վարկը չկորցնելու համար` ուրիշի աչքի մազի մասին խոսելուց առաջ սեփական աչքի գերանի մասին մտածեք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4