Համագործակցություն հանուն Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման. սա էր ամենագլխավոր մոտեցումը, որով առաջնորդվում էին եվրոպացի պաշտոնյաները 16 43 բանաձեւը ընդունելիս: Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: «ԵԽԽՎ-ն, հաշվի առնելով հայաստանյան ներքին կյանքում տեղ գտած լուրջ խնդիրները, արձանագրեց, որ դրանց հաջող լուծումն ավելի երաշխավորված կլինի եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցության պարագայում: Այս բանաձեւով ԵԽԽՎ-ն փաստեց իր վստահությունը Հայաստանի իշխանությունների ու քաղաքական ուժերի հանդեպ, որ նրանք պատրաստ են ու ունեն քաղաքական կամք լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները», ասաց Խոսրով Հարությունյանը: ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին դիտում է որպես վստահելի քաղաքական գործընկերոջ: «Բանաձեւը զերծ է անորոշ ձեւակերպումներից, հստակեցված են ժամկետները: Եվրոպական կառույցները հասկանում են, որ եթե հստակ ձեւակերպված իրավական պահանջներ չներկայացնեն, դրանց կատարումը շահարկումների պատճառ կդառնա: ԵԽԽՎ-ն ներքին համոզմունք ունի, որ Հայաստանի քաղաքական ուժերին կհաջողվի բանաձեւի պահանջները իրականացնել», նշեց Խոսրով Հարությունյանը: Նա նկատեց, որ այդ վստահությունը դեռ պետք է արդարացվի, այս առումով գնդակը գտնվում է հայաստանյան քաղաքական ուժերի, մասնավորապես իշխանության եւ ընդդիմության դաշտում:
ԵԽԽՎ-ն շահագրգիռ է Հայաստանում քաղաքական երկխոսությունը խթանելու, երկխոսություն, որ պետք է ծավալվի իշխանության եւ այլ քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ ընդդիմության միջեւ: «Սրանով եվրոպական կառույցները նպատակ ունեն բարենպաստ պայմաններ ստեղծելու հանրային կյանքը իր բնականոն զարգացման հուն տեղափոխելու համար: Այս հնարավորությունը քաղաքական ուժերը չպետք է բաց թողնեն, քանի որ դա բխում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության քաղաքական հետաքրքրություններից», նկատեց Խոսրով Հարությունյանը: Նա ավելացրեց, որ քաղաքական երկխոսությունը բխում է ընդդիմության շահերից, քանի որ դա ընդդիմությանը հնարավորություն կտա ավելի արդյունավետ ազդելու քաղաքական զարգացումների վրա: Խոսրով Հարությունյանի խոսքերով, անկախ մարտիմեկյան դեպքերից, Հայաստանը իր ներքին կյանքի ժողովրդավարացման աստիճանով չի զիջում տարածաշրջանի իր հարեւաններին: Հետեւաբար, Հայաստանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցների կիրառումը կնշանակեր ոչ այլ ինչ, քան երկակի ստանդարտների կիրառում: «Չեմ կարծում, թե այս բանաձեւի ընդունումը որեւէ մեկը պիտի համարի սեփական հաղթանակ: Սա ուղղակի եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության նոր փուլ է, ընդ որում` որակապես այլ փուլ, այլ պահանջներ ենթադրող եւ նոր արդյունքներ ակնկալող», նշեց Խոսրով Հարությունյանը:
ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ