«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-01-28 | #13, 2009-01-29 | #14, 2009-01-30


ՊԵՏՔ ՉԷ ՀԱՍԿԱՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ, ՈՐ ՀԱՍԿԱՆԱՍ, ԹԵ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ «ԵՐԳՈՒՄ»

20:26 հարաբերակցությամբ հայտարարություններ ԵԽԽՎ-ում

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

Ադրբեջանական պատվիրակությունը, որ մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին, այս անգամ Ստրասբուրգ էր գալիս մի քանի նախաձեռնություններով, որոնց ծանոթանալու դեպքում կարելի է հասկանալ, թե ադրբեջանական իրականության մեջ ինչպիսի հակահայկական նախագծեր կարող են ծնվել:

Այդպիսիք ավելի հաճախ կարելի է անհեթեթություն համարել, բայց կան նախաձեռնություններ, որոնց դեպքում անհեթեթությունը մեղմագույն մոտեցում կլինի` որոշ հարցերում Ադրբեջանի դիրքորոշումն արտահայտող դրույթները որեւէ կերպ, քան ցնդաբանություն, չես անվանի:

Մասնավորապես, հունվարի 28-ին վեհաժողովի պատվիրակներից 20 ներկայացուցիչ ստորագրել է մի դեկլարացիա, որին ծանոթացրել են ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները: Հայտարարությունը, որ քարոզչական բնույթ ունի, վերնագրված է «1948-53 եւ 1988 թթ. ադրբեջանցիների զանգվածային արտաքսումը Հայաստանից» ու պարունակում է մի շարք դրույթներ, մասնավորապես, ասենք, որ իբր 60 տարի առաջ Ստալինը 150000 ադրբեջանցիների զանգվածային արտաքսում է իրականացրել Ադրբեջան Հայաստանից` «տարածքներից, որ պատմականորեն բնակեցված են եղել ադրբեջանցիներով»:

Ադրբեջանցիների կարծիքով, «պաշտոնական Երեւանի կողմից ղեկավարված էթնիկ զտումների հետեւանքով զանգվածային արտաքսում է տեղի ունեցել 20 տարի առաջ» ու կրկին նույն ձեւակերպմամբՙ «տարածքներից, որ պատմականորեն բնակեցված են եղել ադրբեջանցիներով»:

Այս հայտարարությունը ստորագրած պատվիրակները «դատապարտում են այս հանցանքները եւ կոչ անում Եվրոպայի խորհրդին ու անդամ երկրներին համապատասխան ճնշման մեխանիզմներ կիրառել Հայաստանի հանդեպ` ճանաչելու նշված արտաքսյալներին իրենց հայրենիքում»: Վերջինի առնչությամբ նկատի ունեն Հայաստանը: Ի դեպ, ստորագրությունների աշխարհագրությունն էլ է բավականին հետաքրքրական. 9 պատգամավորՙ Թուրքիայից, 2-ականՙ Ադրբեջանից, Բուլղարիայից եւ Ալբանիայից, 1-ականՙ բալթյան երկրներից, Գերմանիայից եւ Միացյալ Թագավորությունից:

Ատելությանը վերջ տալու կոչ Ադրբեջանին

«Անհանդուրժող եւ ատելությամբ լի ելույթներ Ադրբեջանում» հայտարարությունը երեկ հրապարակվեց ԵԽԽՎ-ում արդեն որպես հայկական պատվիրակության նախաձեռնություն, որը ստորագրել էր 26 ԵԽԽՎ-ական պատվիրակ: Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը չլուծված հակամարտությունների հարցում շարունակում է կողմ լինել հաշտեցմանը եւ քաղաքական լուծումներին, միջազգային հանրությունն էլ շարունակում է զգալի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ ու բանակցված խաղաղության ու հաշտեցման հասնելու համար:

Որոշակի բնակչության դեմ ուղղված ատելությամբ լի արտահայտությունների գերակշռությամբ ելույթները սրընթաց գործոն են, բռնության պայման` ոճրագործությունների, այդ թվում նաեւ ցեղասպանության իրականացման համար:

«...Ադրբեջանական իշխանությունները շարունակաբար դրդում, քաջալերում եւ հանդուրժում են Հայաստանի, հայ ժողովրդի ու հայկական ծագում ունեցող անձանց դեմ անհանդուրժող ու ատելությամբ լի ելույթները` նաեւ լրատվամիջոցների ակտիվ ներդրմամբ», նշվում է հայտարարության մեջ, հավելմամբ, որ այդ ամենը տեղի ունի, չնայած բազմաթիվ միջազգային հեղինակավոր կառույցներ իրենց լուրջ մտահոգությունն են արտահայտել Ադրբեջանում անհանդուրժողականության եւ ատելության դրդող նման ելույթների առնչությամբ:

Հայտարարությունը ստորագրած պատվիրակները քաջալերում են Ադրբեջանի կառավարությանը առանց հետաձգման վերջ տալ իրենց` Հայաստանի, հայ ժողովրդի ու հայկական ծագում ունեցող անձանց դեմ անհանդուրժողականության ցույցերի ու ատելության ելույթների քաղաքականությանն ու գործողություններին: «Մենք կոչ ենք անում վեհաժողովի շրջանակներում մոնիտորինգի մեխանիզմներով հատուկ ուշադրություն դարձնել այս հարցին եւ հայտնաբերումները ներառել հաջորդող զեկույցներում»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախաձեռնած հայտարարությունը ստորագրել են 26 պատվիրակ, որոնցից 6-ըՙ Հայաստանից, 5-ը` Ֆրանսիայից, 3-ը` Իտալիայից եւ մեկականՙ Միացյալ Թագավորությունից, Լյուքսեմբուրգից, Հունգարիայից, Նորվեգիայից, Էստոնիայից, Չեխիայից, Կիպրոսից, Մոնակոյից, Շվեյցարիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Ուկրաինայից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4