Երեկ, կառավարության հերթական նիստը սկսվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի խիստ հորդորով. «Մեր քաղաքացիներից ահազանգեր ենք ստանում, որ շատ պաշտոնատար անձինք իրենց պաշտոնը չարաշահում են: Մենք շուտով ընդունելու ենք էթիկայի կանոնագիրք եւ այդ կանոնակարգով սահմանված նորմերը պետք է լինեն պարտադիր բոլորի համար: Ովքեր իրենց չեն պատկերացնում այդ կանոնների ներքո որպես պետական ծառայող, պետք է դիմում գրեն եւ ազատվեն աշխատանքից: Կոպտությունը, բռիությունը, լկտիությունը ուժեղ ղեկավարի հատկանիշներ չեն, այլ թույլինն են: Այդպիսի վարքագիծը մեզ համար պետք է լինի անընդունելի», ասաց վարչապետը:
Ավելի ուշՙ կառավարության մամուլի ծառայությունից ստացվեց հաղորդագրություն, որում նշված է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին հայտարարվել է խիստ նկատողությունՙ պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար: Իսկ թե ի՞նչ էր պատահել, դեռ անցած դեկտեմբերի 27-ին, «Կակտուս» ռեստորանում, օրեր առաջ «Հայկական ժամանակին» տեղեկացրել էին, որ այդ օրը ռեստորանում, հարեւանությամբ ընտանիքներով ժամանակ էին անցկացնում էներգետիկայի նախկին նախարար Մելս Հակոբյանը, փեսան իր ընտանիքով: Հարեւան սեղանի մոտ եղել են առողջապահության երկու փոխնախարարներըՙ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը: Վերջիններս գինովցած սկսել են բարձրաձայն հայհոյել: Մ. Հակոբյանը մոտեցել է եւ խնդրել չհայհոյել: Հենց այդ պահին էլ ծագել է վեճ, որը հետո տեղափոխվել է փողոց ու վերածվել ծեծկռտուքի: Արդյունքում Մելս Հակոբյանը եւ իր փեսան ստանում են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվում հիվանդանոց: Իսկ երկու փոխնախարարներին տանում են ոստիկանության կենտրոնի բաժանմունք: Որոշ պարզաբանումներից հետո փոխնախարարներին բաց են թողնում: 2009-ի հունվարի 2-ին ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ