«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-01-28 | #13, 2009-01-29 | #14, 2009-01-30


ՀԱՐՐԻ ՔՈՒՆԴԱԿՉՅԱՆ. ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Նյու Յորքի «Սիթի» համալսարանի շրջանավարտների կենտրոնում հունվարի 30-ին բացվելու է միջազգային ճանաչման արժանացած ֆոտոլրագրող Հարրի Քունդակչյանի լուսանկարների հետահայաց ցուցահանդեսը, որը բաց է մնալու մինչեւ ապրիլի 3-ը:

Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի տեղեկատվության, արվեստագետին ներկայացնելու է համալսարանի արվեստի պատմության բաժնի շրջանավարտներից իր դոկտորական թեզի վրա աշխատող Միտրա Աբբասփուրը:

Քունդակչյանը ծնվել էր Բեյրութում (Լիբանան) եւ սկսել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ զբաղվել 1952-ից, երբ աշխատում էր ֆրանսերեն լեզվով հրատարակվող «Լ՚Օրիան» եւ նրա արաբերեն տարբերակ «Ժարիդա» թերթերում: 1966-ին միանում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը եւ իր տաղանդի շնորհիվ 1974-ին դառնում Մերձավոր Արեւելքի լրատվության գլխավոր լուսանկարիչ-խմբագիրը: Միջազգային այդ հեղինակավոր կազմակերպությունում նա աշխատել է ավելի քան 40 տարիՙ հազվադեպ լուսանկարներով հարստացնելով ամենաթեժ տարածքներից ստացված լրատվությունները: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվումՙ «Ուորլդ պրես ֆոտո» եւ «Մենեջինգ էդիտորզ» մրցանակները: Լուսաբանել է պատերազմներ, երկրաշարժեր, ջրհեղեղներ եւ այլ բնական եւ արհեստական աղետներ աշխարհի 22 երկրներից: Նրան հաճախ կարելի էր տեսնել Լիբանանում եւ Նյու Յորքում իր լուսանկարչական ապարատով:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4