«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2009-01-28 | #13, 2009-01-29 | #14, 2009-01-30


ԿՐՔԵՐ «ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրով, որին մեր թերթը բազմիցս է անդրադարձել, պետք է ֆինանսավորվեն արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորող հայ ուսանողները: Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրելու այդ հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացի եւ սփյուռքահայ ուսանողներին: Հիշեցնենք, որ «Լույսի» միջոցները հայթայթվում են հիմնականում մասնավոր նվիրատվություններից, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, խորհրդի կազմում է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը անցած տարվա նոյեմբերին մրցույթ էր հայտարարել հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրենի թափուր հաստիքի համար: Այդ պահից եւ դրանից էլ առաջ մեր մամուլում հիմնադրամի եւ ապագա գործադիր տնօրենի անելիքներին ուղղված նյութերի մի այնպիսի առատություն էր, այնպիսի լոբբիինգ` գործադիր տնօրենի թափուր հաստիքի համար դիմած որոշ անձամց կողմից, որ դա այլ կերպ, քան ճնշում մրցույթի ընթացակարգի վրա, չես անվանի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած տարվա նոյեմբերի 27-ին կառավարության նիստում, անդրադառնալով երկրի նախագահի այս նախաձեռնությանը, ասել էր, թե ծրագիրը փայլուն ապագա ունի, եւ նշել, որ դրա գործարկումից տարիներ հետո «մենք ձեզ հետ հիանալու ենք տաղանդաշատ երիտասարդների նվաճումներով» ու տեղեկացրել, որ «Լույսի» գործադիր տնօրենի մրցույթի մասին տեղեկությունը տեղադրված է www. careercenter.am, www. career.am, www. armeniadiaspora.com կայքերում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, նաեւ կառավարության կայքէջում. այս տեղեկությունը վարչապետը տվել էր հենց նկատի ունենալով մամուլային այն պնդումները, թե մրցույթի մասին հնարավոր չէ լրատվություն ստանալ: Բացի այդ, նա ասել էր, որ մրցույթի ժամկետը երկարաձգվել է հենց թափանցիկություն ապահովելու համար, քանի որ հարկ է ընտրել այն լավագույն մասնագետին, ով նաեւ միջազգային փորձ կունենա եւ կհամագործակցի աշխարհի հայտնի համալսարանների հետ, իսկ մրցույթին հայտ ներկայացրածների նախնական ընտրությամբ (առաջին փուլ) զբաղվելու են ոլորտի գիտակներ Վիգեն Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Սպարտակ Սեյրանյանը, Անահիտ Բախշյանը, Մեսրոպ քահանա Արամյանը, ովքեր նաեւ հանրության վստահությունն են վայելում:

Մի խոսքով, նախնական փուլի ընտրությամբ եւ երկրորդ փուլ անցած 4 թեկնածուներից վերոհիշյալ 5 հանձնաժողովականների միաձայն ընտրությամբ հիմնադրամի կրթական ծրագիրն արդեն գործադիր տնօրեն ունի` մեր սփյուռքահայ հայրենակցուհի Ժակլին Կարաասլանյանն է: Նրան ամենաբարձր բալային միավորներով ընտրել է վերը նշված հեղինակավոր խորհուրդը, իսկ մրցույթի նախնական փուլում տնօրենի թափուր հաստիքին հավակնել են 180 մարդ:

Ժակլինը ծնվել է Երեւանում, կրթություն ստացել Ֆրանսիայում` մասնագիտանալով օտար լեզուներում, եղել է Փարիզի «Մոնրիալ» կենտրոնի ծրագրերից մեկի համակարգողը` ողջ աշխարհով կրթական եւ տեխնոլոգիական ծրագրեր իրականացնելով: Այնուհետեւ դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Կրթական ապագա» խմբի հատուկ նախագծերի ղեկավարը: Ուր էլ աշխատել է` իր երկարամյա աշխատանքային պրակտիկայում մշտապես եղել է կրթական նոր, ժամանակակից մոդելների մշակման եւ ներդրման իրականացնող- քարոզող: Նա տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներին` բացի հայերենից, մասամբ` գերմաներենին, եւ փաստորեն 1981-ից մինչեւ այժմ միջազգային կրթական ծրագրերում աշխատելու մեծ փորձ ունի: Նա այժմ թողնում է իր լավ վարձատրվող աշխատանքն ամերիկյան ընկերությունում եւ տեղափոխվում Հայաստան` «Լույս» հիմնադրամի տնօրենի պաշտոնը ստանձնելու: Մի քանի օր առաջ, երբ Ժակլինի թեկնածությունը ներկայացվում էր հաստատման, մամուլում էլի տպագրվեցին այս կրթական ծրագրերի թափանցիկությունը կասկածի տակ դնող նյութեր, որոնք ենթատեքստով նաեւ ուղղված էին նոր տնօրենի թեկնածության դեմ, մինչդեռ անգամ Անահիտ Բախշյանն է վկայել, այդ թվում` մամուլի մակարդակով, որ տնօրենն ընտրվել է շատ բարձր բալերով:

Ասենք, որ ի սկզբանե հիմնադրամի գաղափարի հեղինակը եղել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը, որի նախաձեռնության հիման վրա էլ ի վերջո միս ու արյուն է ստացել այս գաղափարը` փառք ու պատիվ նրան: Սակայն դեռ գաղափարի գործարկումը չսկսած` հենց նա էլ հարցազրույցներով ու ակտիվորեն մամուլին մեկնաբանություններ տալով խաչակրաց արշավանք է սկսել նախաձեռնության իրագործման դեմ, քանի որ գաղափարն իրենը լինելու պարագայում հավանաբար նախապես հավակնել է, թե ծրագրի գործադիր տնօրենն ինքը պետք է լինի: Էլ գործունեության թափանցիկության պակաս, էլ շեղումներ նախնական ծրագրից, էլ հիմնադրամի կրթական ծրագրերի գլխավոր տնօրենի ընտրության մութ շղարշ, էլ Ջիվան Գասպարյանի 80-ամյակի վրա ծախսված հիմնադրամի միջոցներ: Մամուլային այս մեկնաբանությունները հավանաբար առանց նրա ջանքերի չեն եղել:

Արթուր Իշխանյանը, որը նույպես դիմել էր տնօրենի թափուր հաստիքի համար, վերոհիշյալ 4-ի հետ չի անցել երկրորդ փուլ, անմիջապես մամուլում սկսել է կասկածներ հայտնել այդ մրցույթի վերաբերյալ: Արթուր Իշխանյանը հայտնի եւ հարգված գիտնական է, այս ծրագիրն էլ նրա ծրագիրն է, բայց դա հո չի՞ կարող նշանակել, որ պետական նշանակության ծրագրի տնօրենի համար մրցույթ չի հայտարարվելու եւ կառավարման որակներ ու համապատասխան հմտություններ ունեցող ամենալավ թեկնածուն չի ընտրվելու: Ժակլին Կարաասլանյանն իր դիմում-հայտի հետ ներկայացրել է բազմաթիվ (մոտ 30) միջազգային կառույցների երաշխավորագրեր: Ա. Իշխանյանը եւս երաշխավորագրեր է ներկայացրել, այդ թվում` իր ուսանողների ստորագրահավաքի փաստաթուղթը հօգուտ նրա տնօրեն լինելու, սա որպես մտորելու նյութ: Բայց այսու` հենց Ա. Իշխանյանը, կարծում ենք, ուրախ կլինի, որ ծրագիրն իրականացնելու է այնպիսի հմուտ, միջազգային համալսարանների հետ աշխատելու փորձ եւ լեզուներ իմացող Ժակլին Կարաասլանյանը, ում ճանաչում են կրթության միջազգային ասպարեզում: Ժակլինն այժմ հավաքում է իրերը, որ ժամանի Հայաստան: Կգա, կաշխատի, գուցե հենց Արթուր Իշխանյանը նրան շնորհակալ լինի` իր գաղափարը լավագույնս իրագործելու համար, չէ՞ որ ժամանակին հենց ինքն էր ասում. այս ծրագրի իրականացման բոլոր օղակներում սփյուռքի ներգրավմամբ նվազեցնում ենք կոռուպցիոն ռիսկերը, եւ բացի այդ` դա մակարդակ է հաղորդում ծրագրին: Այս ընտրությամբ նաեւ իր խորհուրդն է իրականացվել, եւ ի վերջո իր երազանքն է իրականանալու` առաջադեմ երիտասարդ մասնագետներ կմղվեն առաջ, որպես երկրի գիտության եւ տնտեսության շարժիչ ուժ, կդառնան մրցունակ` համաշխարհային շուկայի մակարդակով: Բայց գործը դեռ չսկսած` չարժե խանգարել, ինչ է թե գործադիր տնօրենի ընտրության պարագան սրտովդ չէ կամ հենց ինքդ չես նախագծի տնօրենը, եւ կանխավ ոչ բարեհաճ վերաբերմունք ստեղծել: Ինչո՞ւ Ժակլինը եւ ոչ Արթուր Իշխանյանը. այսպիսի հարցադրում ընդհանրապես չէր կարող լինել, քանի որ մրցույթ է, եւ հատկապես երկրորդ փուլում նայել են ոչ թե մարդու հայտնի գիտնական լինելուն, այլ ոլորտի կառավարման փորձին ու հմտությանը, լեզուների իմացությանը, միջազգային աշխատանքի փորձին եւ բազմաթիվ այլ պարամետրերի, հարգված 5 մարդ բալեր է տվել զուտ մասնագիտական հայացքով: Այնպես որ մամուլի աժիոտաժը կոնկրետ գոնե տնօրենի ընտրության մասով լրիվ անիմաստ է եւ տարբեր հետաքրքրությունների հետեւանք: Ի վերջո Ա. Իշխանյանը, որպես հարգված գիտնական եւ նախագծի հեղինակ, իր բոլոր մտահոգությունները կարող է ներկայացնել արդեն ընտրված տնօրենին, իսկ հետագայում, երբ կրթական այս ծրագիրն աշխատի, հետեւել ընթացքին եւ ահա այդ ժամանակ մատնանշել թերությունները: Դա էլ կօգնի տնօրենին առավել ձգված աշխատել: Իսկ որ բազմաթիվ մտահոգություններ, հարցականներ, տեղեկատվության պակաս առկա են` չենք կասկածում, ու դրանք կամաց-կամաց պիտի լույս ստանան տնօրենի` աշխատանքային պարտականությունները ստանձնելուց հետո: Ի վերջո հիմնադրամ է ստեղծվել, որ լուրջ գործունեություն պետք է իրականացնի, եւ գործունեությունը չսկսած` ամիսներ շարունակ նրա հանդեպ մամուլում կասկածամտություն սերմանելը գաղափարի իրագործման լավագույն ձեւը չէ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4