Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանի բացմանը վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը քննարկվելիք հարցերից որպես կարեւորագույններ առանձնացրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եվրոպական արձագանքների, Գազայի եւ Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետեւանքների վերացման խնդիրները:
Հետաքրքրական էր, որ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների կտրվածքով օգոստոսյան պատերազմի հետեւանքների քննարկումը, որ նախապես վեհաժողովի օրակարգ էր մտել Ռուսաստանի համար տհաճ ձեւակերպումներով, այդպես էլ հաջորդ նստաշրջան տեղափոխվեց մի նոր բանաձեւով:
Այս նոր տարբերակում արդեն Եվրոպայի խորհուրդը «մեղմացրել» էր Ռուսաստանին ներկայացվող իր պահանջները, իսկ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման ՌԴ որոշման առնչությամբ էլ արդեն լոկ անհամաձայնություն էր հայտնվում, երբ դեռեւս աշնանը ԵԽԽՎ-ն բանաձեւով Ռուսաստանից պահանջում էր վերանայել այդ որոշումը:
Սակայն, ինչպես ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչները հայտարարեցին հենց վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որոշումը չի վերանայվելու, Ռուսաստանը նման հարց չի էլ պատրաստվում քննարկել, թեկուզ այդ առնչությամբ պահանջ-խնդրանք ներկայացնեն բոլոր եվրոպական կառույցները: Եվ, քանի որ աբխազ-հարավօսական գործընթացներն ամբողջ թափով առաջ են գնում, կարելի է վստահ լինել, որ եվրոկառույցներն իրենք կփոխեն իրենց մոտեցումը ավելի շուտ, քան «ռուսական արջը» հետքայլ կանի:
Ամեն դեպքում, կարծես թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման որոշում կայացնելուն մոտ է եւս մեկ երկիր, որի առնչությամբ, սակայն, ի մասնավորի ԵԽԽՎ-ն դժվար թե որեւէ բանաձեւով հանդես գա, քանի որ այդ երկիրը դուրս է Եվրոպայի խորհրդից: Խոսքը Բելառուսի մասին է, որի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման որոշման կայացումը հավանական է դիտվում, այլապես նույն պաշտոնական Թբիլիսին անհանգստություն չէր հայտնի այս առնչությամբ:
Վրաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Բելառուսի խորհրդարանում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման հարցի քննարկման կապակցությամբ: Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վրաստանի ԱԳՆ-ն նաեւ զգուշացրել է, որ եթե Մինսկը ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, Վրաստանը դա կդիտարկի որպես «ոչ բարեկամական քայլ»: Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան ընդգծել է, որ բելառուսական խորհրդարանի դրական որոշման դեպքում Վրաստանը պաշտոնապես դա կգնահատի որպես «ոչ բարեկամական քայլ»:
Միեւնույն ժամանակ, բելառուսական խորհրդարանում ապրիլի 2-ին քննարկվելիք այդ հարցի առնչությամբ Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ քննարկումը դեռեւս չի նշանակում ճանաչում, ուստի վրացական կողմը դեռեւս հույս ունի, թե «բելառուսական խորհրդարանը չի ճանաչի անջատողական տարածքների անկախությունը»: Ամեն դեպքում, առավել կարեւոր է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն իսկ հայտարարել է, որ խորհրդարանի կողմից ճանաչման որոշում կայացվելու դեպքում ինքը պատրաստ է ստորագրել համապատասխան փաստաթուղթը:
Որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը հաջորդող գործընթացներով հանդերձ ավելի շուտ անդառնալի է, քան փոփոխման ենթակա, լիովին համապատասխանում է մեր տարածաշրջանում գերտերությունների շահերի ներկայիս հաստատված հավասարակշռությանը: Բայց այդ գործընթացները շարունակվելու միտում ունեն, թեկուզ, ասենք, ռուսական այն առաջարկության տեսքով, որ անհրաժեշտ է ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրել Աբխազիայի ու Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ:
Թբիլիսի-Ցխինվալ եւ Թբիլիսի-Սուխում այսօրինակ համաձայնագրի ստորագրման առնչությամբ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երեկ հայտարարել է, որ Վրաստանը նման քայլ կատարելու չի պատրաստվում: «Վրաստանը չի պատրաստվում ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրել անջատողականների հետ, քանի որ չի ցանկանում այդ քայլով լեգիտիմացնել «մարիոնետային ռեժիմները», ըստ Ciivil.ge կայքէջի, նշել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ