Երեկ Իրանը հայտարարեց, որ արձակել է իր առաջին արբանյակը, որը կրում է «Օմիդ» («Հույս») անվանումը: Արբանյակը երկրաշուրջ ուղեծիր է դուրս բերվել երեքշաբթի առավոտյան: Այդ մասին հաղորդել է Իրանի հեռուստատեսությունը:
Նաեւ հաղորդվում է, որ արբանյակն ուղեծիր է դուրս բերվել իրանական «Սաֆիր» («Դեսպանորդ») մղիչ հրթիռով:
Արբանյակի արձակումը հարմարեցված էր Իսլամական հեղափոխության 30-ամյակին: Իրանի հեռուստատեսության տեղեկությունների համաձայն, արբանյակն արձակվել է անձամբ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կարգադրությամբ:
«Օմիդը» իրանցի մասնագետների մշակած եւ իրանական մղիչ հրթիռով ուղեծիր դուրս բերված առաջին արբանյակն է: Բայց պաշտոնապես իրանական առաջին արբանյակ է համարվում Ռուսաստանում մշակված եւ 2005-ին Պլեսեցկի տիեզերադաշտից «Կոսմոս-3Մ» մղիչ հրթիռով արձակված «Շահ-1» արբանյակը:
2008-ի օգոստոսի 16-ին լրատվական գործակալություններն արդեն հաղորդել էին «Սաֆիր» մղիչ հրթիռով «Օմիդ» արբանյակի արձակման մասին, բայց մի քանի ժամ անց Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի թիկունքային ապահովման նախարարությունը հայտարարել էր, որ ուղեծիր է դուրս բերվել ոչ թե բուն արբանյակը, այլ դրա մակետը: Դրանից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ասել էին, որ արբանյակի մակետը ուղեծիր դուրս բերելու իրանցիների փորձը ձախողվել է: