«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը դժգոհ է վարչակազմերի ղեկավարների ու գյուղապետների գործունեությունից, որոնք բնակչությանը ճիշտ եւ ժամանակին չեն մատուցում պետական ծրագրերը: Մասնավորապես, գյուղացիների մեծ մասն անտեղյակ է պետության կողմից իրականացվող ծրագրերից, ցածր է հողամշակների տեղեկացվածության մակարդակը, ինչը խոչընդոտում է գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը: Նրանք հրաժարվում են հող մշակելուց, խուսափում գյուղատնտեսական աշխատանքներից, չնայած պետությունը շոշափելի օժանդակություն է ցուցաբերում: Այդ նպատակով նա հանձնարարել է կառավարության անդամներին` մասնակցել փետրվար ամսում նախատեսվող համայնքային հաշվետու ժողովներին, որպեսզի տեղերում մանրամասն պարզաբանումներ տան պետության կողմից իրականացվող միջոցառումների մասին:

Խնդրո առարկայի կապակցությամբ հրավիրված խորհրդակցությունում, ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շեշտվել է, որ հացահատիկի արտադրությունը խթանելու նպատակով պետությունը 350 միլիոն դրամ է հատկացնելու սեւ ցելի աշխատանքներն իրականացնելու համար: Աջակցություն կցուցաբերվի նաեւ եգիպտացորեն մշակողներին ու պետական պահուստային հողերիՙ սեւ ցել կատարող վարձակալներին: Անտոկոս վարկի տեսքով հողօգտագործողներին կտրամադրվեն 3 հազար տոննա ազոտական պարարտանյութ եւ շուրջ 300 տոննա կարտոֆիլի տնկանյութ: Բացի այդ, անասնապահության զարգացման համար կհատկացվեն վարկային միջոցներ, կշարունակվի լիզինգի կարգով նոր գյուղտեխնիկայի տրամադրումը: Վարկային միջոցներ են նախատեսվում գյուղմթերքի մթերման, վերամշակման, արտադրական ենթակառուցվածքների զարգացման համար: Ստեփանակերտի կաթի կոմբինատի վերագործարկումից հետո կստեղծվեն կաթի ընդունման եւ սառեցման կետեր: Նախատեսվում է ոռոգովի դարձնել մինչեւ 12 հազար հեկտար հողատարածություն:

Պետությունը չի կարող մեծածավալ ծրագրերի հետ զբաղվել նաեւ համայնքային խնդիրներով, ընդգծել է վարչապետը, հավելելով, որ բնակարանների ու ճանապարհների վերանորոգումն ու հարակից աշխատանքները համայնքները պետք է իրականացնեն սեփական ուժերով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4