Թուրք մտավորականների մեծ մասը հիմնականում դրական է արձագանքել եւ ողջունել իրենց հայ որոշ գործընկերների` թուրքերից ներողություն խնդրելու նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, թեմայի առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել նաեւ «Հայերից ներողություն եմ խնդրում» նախաձեռնության համահեղինակներ Ջենգիզ Աքթարը եւ Ալի Բայրամօղլուն: «Դեկտեմբերի 15-ից մինչ օրս հայերից շատ դրական արձագանքներ են եղել: Կաքավյանի նախաձեռնությունը դրանցից մեկն է», հայտարարել է Ջենգիզ Աքթարը` հույս հայտնելով, որ «ժամանակի ընթացքում կավելանան հայկական սփյուռքի նմանատիպ արձագանքները»: Թեմայի առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել նաեւ թուրք փաստաբանները: «Նման կերպ խնդիրները կլուծվեն երկխոսությամբ, այլ ոչ թե քաղաքականությամբ», ասել է թուրք փաստաբան Քեզբան Հաթեմին: Իսկ մեկ այլ փաստաբանՙ Էրեն Քեսքինը հայտարարել է. «Հայերը ներողություն խնդրելու որեւէ բան չունեն: Ըստ իս, ներողություն պետք է խնդրի հենց թուրքական պետությունը»: Հիշեցնենք, որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Մակքուարի համալսարանի դասախոս եւ հայ-թուրքական երկխոսության խմբի համանախագահ Արմեն Կաքավյանը, որին աջակցում է ամերիկահայ պրոֆեսոր Դենիս Փափազյանը, «Ռադիկալ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք հանդես են եկել թուրքերից ներողություն խնդրելու նախաձեռնությամբ, հաղորդում է «Նոյյան տապանը»: