«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ԱՂԵՏԻ ՍՊԱՍԵԼԻՍ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին լրատվությունը բոլոր հնարավոր ձեւերով թափվում է մարդկանց գլխին, եւ օրվա հացը մի կերպ վաստակող հասարակ մարդն անընդհատ այն գիտակցության ճնշման ներքո է, թե ճգնաժամն ամենից առաջ հարվածելու է իրեն, հետեւաբար 2009 եւ, ով գիտի, գուցե առաջիկա մի քանի տարին լինելու է հենց լինել-չլինելու, գոյատեւման ժամանակահատված: Հասարակ մարդն այդ գիտակցության ճնշման ներքո է ոչ թե այն պատճառով, որ գիտի համաշխարհային տնտեսական ճգնաժամի էությունը, այլ, ճիշտ հակառակը` բացարձակապես ոչինչ չգիտի դրա մասին, իսկ լրատվամիջոցները մեկը մյուսից առաջ ընկնելով շտապում են հուսահատեցնելու աստիճան ահաբեկել, թե ճգնաժամի առաջին զոհը լինելու է իր եւ ընտանիքի գոյությունը մի կերպ պահպանող հենց հասարակ մարդը:

Ճգնաժամի ուրվականն ավելի ահասարսուռ է դառնում, երբ «նեղ մասնագետները», երբեմն նաեւ լրագրողները, գիտունի ու գաղտնի տեղեկացվածի ինքնագոհությամբ, տնտեսագիտական չոր մեկնությունների բնագավառից անցնում են դեպի գեղարվեստական պատկերավորության ոլորտ եւ ճգնաժամը համեմատում, օրինակ, Երկիր մոլորակի գլոբալ տաքացման կամ համաշխարհային քաոսի հետ («Հայլուր», 29.01.09): Այսպիսով` հասարակ մարդը ճգնաժամի մասին կարծես թե հնարավոր չափով տեղեկացվում է (թեեւ իր արտը ցանող, իր անասունը պահող գեղջուկն այդպես էլ չի հասկանում, թե հեռավոր ամերիկաներում ու եվրոպաներում ծայր առած ֆինանսական ճգնաժամն ինչո՛ւ կամ ինչպե՛ս է ազդելու իր հողի բերքատվության, կով ու ոչխարի կաթնատվության վրա, մանավանդ որ ինքը, ամեն տեսակի ճգնաժամերին անտեղյակ, հազար տարի ապրել, հիմա էլ ապրելու է այդ կենցաղով): Սակայն երբ մեր լրատվամիջոցների ջանադրությամբ ճգնաժամի ուրվականը գլոբալ տաքացման սարսռազդու հեռանկարի համադրմամբ կենդանանում է, հասարակ մարդն իսկապես անհանգստանում է` վտանգ կա՛: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք հարկավո՞ր է հասարակ մարդուն պարբերաբար եւ հետեւողականորեն ենթարկել ճգնաժամի վերաբերյալ լրատվական գրոհին, պե՞տք է նրա մեջ շարունակաբար խորացնել տագնապալի սպասման զգացումը, որ ահագնանում է հատկապես այն հանգամանքով, որ խոսքը մի բանի մասին է, որի ինչ լինելը շատերը, ինչպես վերը նշեցինք, մի կարգին չգիտեն էլ:

Ժողովուրդն ասում է. «Սատանան ավելի սարսափելի չէ, քան իր անունը»: Այո, տնտեսական ճգնաժամի ուրվականն ահասարսուռ է նաեւ այն պատճառով, որ ո՛չ ֆինանսիստը, ո՛չ տնտեսագետը, ո՛չ լրագրողն առ այսօր մարդավարի դեռ չեն բացատրել, թե ի՛նչ է դա: Ավելին` փոխանակ մեկնաբանելու երեւույթը` լրատվամիջոցներն իրենց հակասական տեղեկատվությամբ հաճախ խորացնում են մարդկանց տարակուսանքն ու շփոթը: Օրինակը դարձյալ բերենք լրատվադաշտից: Կապի հայաստանյան օպերատորներից «Բիլայնը» («Արմենտել») օրերս հայտարարեց, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված` ընկերությունը 2009 թվականին ոլորտի զարգացման ուղղությամբ որեւէ ներդրում չի անելու: Չանցած երկու-երեք օր` կապի մեկ ուրիշ օպերատոր` «Վիվասել-ՄՏՍ»-ը, հայտարարեց 2009 թվականին իր ներդրումները ոլորտում ոչ թե սառեցնելու, այլ նույնիսկ 50 տոկոսով ավելացնելու մասին (2008-ի 60 մլն դոլարի դիմաց` 90 մլն - «Հայլուր»-ի վերը նշված օրվա թողարկումը): Ի՞նչ է ստացվում. նույն ճգնաժամը նույն ոլորտի վրա տրամագծորեն հակառակ ազդեցությո՞ւն է ունենալու: Ի՛նչ զարմանալի ճգնաժամ է:

Ճգնաժամի ազդեցության իր սեփական մեկնությունն ունի հայրենի կառավարությունը: Դեռ վերջերս նա պնդում էր, թե ճգնաժամը Հայաստանի նման փոքր երկրների տնտեսության վրա բացասաբար չի ազդի, նույնիսկ բարերար ազդեցություն կունենա: Այս հովվերգական ինքնօրորը, սակայն, չխանգարեց մարդկանց կասկածելու հարազատ ղեկավարության լավատեսությանը, մանավանդ երբ իմացվեց, որ երկրի հանքարդյունաբերության ոլորտում զանգվածային կրճատումներ են կատարվել, գրեթե կաթվածահար վիճակում է ադամանդագործությունը: Թե չէ` զարմանալի բան էր ստացվում. աշխարհի լրատվամիջոցները միաբերան խոսում-գրում են ճգնաժամի ծանր հետեւանքների մասին, Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում պետությունների առաջնորդները գերխնդիր են համարում սպառնացող տնտեսական քաոսից աշխարհը զերծ պահելն ու ճգնաժամի բացասական հետեւանքները մեղմելը, իսկ մենք անվրդով խոսում ենք մեր վիճակի յուրօրինակությունից ու բացառիկությունից: Խոսում, բայց դարձյալ չենք մոռանում հասարակ մարդուն պարբերաբար ահաբեկել:

Միջազգային ճգնաժամի տնտեսական վիթխարի վնասների կանխատեսումները եւ հաշվարկները վաղուց սկսվել են, եւ այս առումով արդեն բավականաչափ նյութ կա: Մինչդեռ անհայտ-անհաշվելի է ճգնաժամի բերած հոգեբանական ավերածության չափը: Ավելին` եթե մարդկությունը լծվել է աշխարհը տնտեսական քաոսից փրկելու գործին, նույն աշխարհն իր տեղեկատվական հզոր միջոցներով կարծես լծված է բոլորովին այլ գործի` հասարակ մարդկանց դեմ սկսված հոգեբանական հալածանքը սաստկացնելուն, հոգեբանորեն խեղելուն, ճգնաժամի անխուսափելի զոհը դառնալու նրանց սպասումը հիվանդագին կերպով խորացնելուն:

Վերստին հիշենք սատանայի ու նրա անվան մասին ասացվածքը եւ հասարակ մի հարց տանք մեր ու օտար «ճգնաժամագետներին»` ինչո՞ւ մարդկանց մատչելի լեզվով չի բացատրվում, թե, նախ, «որտեղի՞ց հանկարծ ծագեց այդ ընդհանուր աղետը մեծ», ինչպե՞ս եւ ինչքանո՞վ է վտանգավոր: Վերջապես` ամենակարեւորը. ինչո՞ւ չի բացատրվում, թե ու՛մ եւ ինչո՛ւ է հարկավոր հասարակ մարդկանց ենթարկել տեւական հոգեբանական ճնշման, պահել անգիտության ու անորոշության ծնած մշտական վախի ու մռայլ ապագայի սպասման մեջ:

Եվ այսպես, սպասում ենք: Սպասում ենք աղետի:

Ասում են` այն արդեն եկել է, բայց շուտով առավել ավերմունքով ու առավել կործանարար է գալու: Համենայն դեպս, դա են ներշնչում ճգնաժամի գծով նախանձելի համերաշխ ու մեկը մյուսից քաջատեղյակ լրատվամիջոցները:

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4