«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


«ԿԱՐԻՆԵ» ՕՊԵՐԵՏԻ ՇՌՆԴԱԼԻՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ «ԲՈՒՖ ԴՅՈՒ ՆՈՐ» ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ֆրանսիայում «Տիգրան Չուխաջյան» հիմնադրամը մոտ 1 տասնամյակ է, ինչ անվանի կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությունները վերծանում ու բնօրինակով երաժշտասերներին է ներկայացնում: Հիմնադրամի նախագահ, ֆրանսահայ բեմադրիչ եւ դերասան Ժիրայր Փափազյան (Բաբազյանը) «Ազգին» տեղեկացրեց, որ հունվարի 21-ին Փարիզի «Բուֆ դյու Նոր» թատրոնում ներկայացրել է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի ֆրանսերեն ընթերցում-համերգ տարբերակը: Ներկայացմանը մասնակցել են 6 մեներգիչ, 12 խմբերգիչ եւ 3 երաժիշտ: Ֆրանսերեն լիբրետոյի հեղինակ Ժիրայր Փափազյան եռյակի գործիքավորման խնդրանքով դիմել էր Վենսան Բոնզոմին, որը ներկայումս աշխատում է օպերետի սիմֆոնիկ տարբերակի վրա: Նշանավոր բեմադրիչ Իրինա Բրուկի բարեհաճ հայացքի ներքո «Բուֆ դյու Նոր» թատրոնի լեփ-լեցուն դահլիճը ջերմությամբ դիմավորել է թատերախմբին: Օպերետի մասին տեղի մամուլը գրել է. «Բեմադրության մեջ մինիմալիզմը հանգավորված է արեւելյան ոճի հետ: Տպավորիչ բեմադրությունը զուգորդվում է գործիքավորման եւ արեւելյան պարերի յուրօրինակության, կատարողների եռանդի, պոեզիայի եւ հմայքի հետ»:

Ներկայացմանը մասնակցում են ֆրանսիացի հայտնի կատակերգուներ Օլիվյե Պոդեստան, Նոել Ժինեֆին եւ Իրինա Բրուկի թատերախմբի դերասանները: Ի դեպ, Ժիրայր Փափազյանը Իրինա Բրուկի թատերախմբի գլխավոր դերակատարներից մեկն է: Վերջինս նշեց. «200 տեղանոց դահլիճի մոտ 10 տոկոսն էին զբաղեցնում հայերը: Ըստ երեւույթին, հայերը չեն ֆինանսավորում բավական առաջադիմած այս նախագիծը: Մինչդեռ Տիգրան Չուխաջյանի «Կարինեն» հայ մշակույթի կարեւոր արժեքներից է, որը մինչեւ օրս անհայտ է Ֆրանսիայում»: Ժիրայր Փափազյան եւ համապրոդյուսեր Ալեքսանդր Մարտեն-Վարուան աշխատում են կամավոր հիմունքներով եւ դիմել են ֆինանսական ռիսկի: Նույնը վերաբերում է մոտ 10 ամսում բեմադրության վրա 3000 ժամից ավելի աշխատած 22 արվեստագետներին:

Փափազյանին անհրաժեշտ է հայրենակիցների խանդավառությունը եւ ֆինանսական աջակցությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ բեմադրությունն արժանացել է Փարիզի մշակույթի գործերի վարչության, ինչպես նաեւ Իսի լե Մուլինոյի, Մյոդոնի, Ալֆորվիլի համայնքային հաստատությունների բարձր գնահատականին:

Շնորհավորելով Ժիրայր Փափազյանին նմանօրինակ հաջողության համար, ավելացնենքՙ ովքեր կցանկանան այդ նախագծին աջակցել, կարող են դիմել հետեւյալ հասցեով. Centre de Recherche Dikran Tchouhadjian 4, rue Baudelique 75018 Paris.

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4