«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Երեկ դրամատուրգ Կարինե Խոդիկյանն ու ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Ուրբաթ» ակումբ էին հրավիրվել առաջին հերթին որպես քաղաքացիական դիրքորոշում ունեցող մտավորականներՙ խոսելու Հայաստանի քաղաքական-հասարակական խնդիրներից: Առանձնացվեցին դրանցից երկուսըՙ ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքի լինել-չլինելու երկրիս համար շահեկանության չափի, քաղաքական-հասարակական իրավիճակի փոփոխություն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի ինչպիսին լինելու հարցերը:

«Չեմ վախենում հայրենասիրության պակասում մեղադրվելուց»

ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հարցն էլ եղավ մտավորականության բաժանարար գիծՙ Կարինե Խոդիկյանի կարծիքովՙ եղան զրկելու կողմնակիցներ եւ դրան դեմ մտածողներ, իսկ Տիգրան Խզմալյանի կարծիքովՙ կա նաեւ երրորդ խումբըՙ ի սրտե ձայնազրկում ակնկալողներ: Վերջին խմբում է ռեժիսորը, իսկ գրողըՙ երկրորդում:

«Չեմ վախենում հայրենասիրության պակասում մեղադրվելուց եւ ի սրտե ցանկանում եմ որ ԵԽԽՎ-ում Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից, քանի որ Հայաստանի պատվիրակություն դեռ չի նշանակում Հայաստան ու հայ ժողովուրդՙ զրկված ենք ընտրելու իրավունքից եւ եթե ներսի ճնշումը բավական չէ ժողովրդավարության հասնելու համար, ապա արտաքին ճնշումը գումարել է պետք», կարծիք հայտնեց Տիգրան Խզմալյանը: Կարինե Խոդիկյանը ձայնազրկման դեմ արտահայտվեց. «Մեր մշակույթով քրիստոնեական արժեքներ կրողն ենք, իսկ դրանք տանում են դեպի Եվրոպա, եւ ես չէի ուզենա, որ մեզ որպես կարգազանց աշակերտի ԵԽԽՎ դռան տեղը ցույց տային»:

«Սերժ Սարգսյան մարդը ամենից շատ դժգոհություն ունի»

Հայաստանը զարգացումներից ու առաջընթացից հեռու համարեցին երկու բանախոսներն էլ ու անգամ դոփելու հեռանկարըՙ բարձրյալին փառք տալու հիմք, քանի որ համոզված են երկրի հետընթացում: «Չեմ կարող հավատալ, թե Սերժ Սարգսյանի մանկության երազանքն էր երկրի հետընթացը: Կարծում եմՙ Սերժ Սարգսյան մարդն ամենից շատ դժգոհություն ունի: Մարտի 1-ից հետո ավելի ընդգծված եմ ասում ի՛մ երկիրը, չէ՞ որ ծնողն ամենից հոգատար հենց հիվանդ զավակի հանդեպ է լինում, իսկ իմ երկիրը այսօր հիվանդ է: Մարտի 1-ի զոհերի արյունը գին ունի ու պետության համար մեկը պետք է լինիՙ պատժելը: Հայաստանը քաղաքացու կեցվածքով ու մտածողությամբ մտավորականների կարիք ունի», վստահեցրեց Կարինե Խոդիկյանը:

Տիգրան Խզմալյանն ընդգծեց. «Անպատժելիությունը, զորքը ժողովրդի դեմ հանելը, ապօրինությունները արմատներ գցեցին դեռեւս Հայաստանի առաջին նախագահի օրոք, եղան երկրորդ ու ներկայիս նախագահների օրոք, բայց զոհերըՙ միայն երրորդի: Երկրիս հիվանդության բուժման սկիզբը ապաշխարանքն է: Առեւտրական դասը պատերազմից հետո դարձավ թելադրող, վճռող, արժեքներ ձեւավորող: Ու քանի որ հիվանդ լինելու գիտակցումը կա, ուրեմն ինչպես հայտնի փիլիսոփան է պնդում, բուժումը սկսված կարելի է համարել: Բայց եւ անհրաժեշտ է, որ մտավորականը ժամանակ առ ժամանակ լինի մտավոր ական, քայլող ական, պայթուցիկ նյութ, որպեսզի շիտակ ընթացք ունենա հասարակությունը: Հայաստանում ճշմարտության պահանջ կա, արդարության պահանջ կա, սոցիալական արդարություն է պետք», գտնում է Տիգրան Խզմալյանը:

«Քննադատում ենք մեր գործով զբաղվելու փոխարեն»

«Չշրջանառվելուց ստեղծագործությունը ժանգոտվում է: 5 ֆիլմերիցս երեքն արգելված են: Այդ դեպքում մտածում եսՙ ինչո՞ւ նկարահանել: Չնայած տարբեր ակումբներում հենց այդ արգելված ֆիլմերը ցուցադրելու հրավերներ եմ ստանում: Անգամ Կույրերի միությունում ցուցադրելու հրավեր կա: Ուղղակի շարունակում եմ աշխատել: Երկրում շատերն իրենց գործը չեն անում ու մենք էլՙ անտարբեր կամ լռությունը չնախընտրողներս ստիպված ստեղծագործելու փոխարեն զբաղված ենք սոցիալական, քաղաքական քննադատություններով», վերջին ամիսների իր զբաղվածության մասին տեղեկացրեց Տիգրան Խզմալյանը: Կարինե Խոդիկյանն էլ փաստեց, որ մարտի 1-ին հաջորդած հայաստանյան իրադարձություններն իր համար անհնար են դարձնում ստեղծագործելը. «Վերջին տարում չեմ գրել: Եվ նախորդ Պենելոպեի հետ կռիվն էլ կիսատ է մնացել, չնայած նախորդ ասուլիսում ասել եմ, որ հենց այդ գործը ավարտելու հոգեվիճակում եմ: Չեմ կարող անտարբեր լինել»:

Իրավիճակի փոփոխության համար բանախոսները կարեւոր համարեցին դիմադրությունը ազնիվ հոդվածի, հրապարակման, ստեղծագործության ու քաղաքացիական դիրքորոշման լինելիությունը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4