Ապրիլի 2-ին Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման հարցը, որն արդեն իսկ ընդգրկվել է բելառուսական խորհրդարանի օրակարգ: «Ազգը» տեղեկացրել է, որ այս առնչությամբ արդեն իսկ իր մտահոգությունն ու դժգոհությունն է արտահայտել Վրաստանի արտգործնախարարությունը, հույս հայտնելով, թե բելառուսական խորհրդարանը չի հետեւի Ռուսաստանի նախագահի օրինակինՙ «ճանաչելով անջատողականների անկախությունը»:
Սակայն երեկ Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Պավել Բորոդինը, «ՌԻԱ-Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է, որ Մինսկը կճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Ավելին, Բորոդինը վստահություն է հայտնել առանց որեւէ կասկածի, որ կճանաչի այս երկու տարածքների անկախությունը: Իսկ թե ինչո՞ւ մինչ օրս Բելառուսը չի ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան, Բորոդինը բացատրել է, թե ցայսօր ընթանում էին համապատասխան գործընթացներ, որոնք էլ ապրիլի 2-ին կավարտվեն ճանաչմանը կողմ քվեարկությամբ:
Թերեւս կարելի է ենթադրել, թե Բելառուսին բնավ չի մտահոգում, որ պաշտոնական Թբիլիսին այդօրինակ գործընթացի իրականացումը Բելառուսի խորհրդարանում կգնահատի որպես «ոչ բարեկամական» քայլ:
Ա. Հ.