«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2009-02-04 | #18, 2009-02-05 | #19, 2009-02-06


ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻ՞Ժ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1991 թվականին ընդունված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում երեկ առաջին ընթերցմամբ փոփոխություններ էր ձեռնարկել խորհրդարանը: ԱԺ կրթության, գիտության, մշակույթի երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը , ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նկատեց, թե վերջին տարիներին բազմաթիվ փոփոխությունների էին ենթարկվել Հայաստանի քաղաքացիական ինստիտուտները, իսկ հոգեւոր ոլորտում դա տեղի չի ունեցել եւ դրա կարիքը կա:

Փոփոխություններին զուգահեռ փոխվում է նաեւ քրեական օրենսդրությունը, ըստ որի առաջարկվում է պատիժ սահմանել հոգեորսության համար: Միաժամանակ հույս հայտնեց, որ ներկայացված նախագիծն առիթ կդառնա հասարակության մեջ խնդիրն առավել լայն քննարկելու հոգեւոր ոլորտում վաղուց հասունացած արդիականության եւ բարեփոխման անհրաժեշտության, այդ թվում` ազգային անվտանգության դիտանկյունից:

Մի քանի շեշտադրում օրենքի նախագծից: Հոդված 9-ում հոգեորսություն է համարվում այլ կրոնական դավանանք կամ դավանաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք, գործադրվում է ֆիզիկական, բարոյական, հոգեբանական կամ նյութական հարկադրանք, ձեւավորվում է անվստահություն կամ ատելության այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության նկատմամբ, վիրավորանքներ են կիրառվում հանդեպ այլ դավանանքի անձանց եւ կամ անձը հետապնդվում է իր աշխատավայրում, բնակավայրում, հանգստի եւ այլ վայրերում, հեռախոսազրույցով` առանց իր նախնական ցանկության եւ խնդրանքի: Աշոտյանն ասաց, որ հասկանում է, թե այս ձեւակերպումն ընդամենը տարբերակ է քննարկման համար, հեղինակներով իրենք արդեն այս ձեւակերպման մեջ մինչեւ երկրորդ ընթերցում փոփոխություն անելու են (կարծես հասարակության արձագանքն են ստուգում-Մ.Խ.):

Նախագծի հոդված 15-ում ՀՀ-ում արգելվում է այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրականացնում են կամ փորձում են իրականացնել անդամների գիտակցության, մտածողության, անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության, սեփականության եւ վարքի վերահսկողությունը:

Կրոնական կազմակերպության սահմանման չափորոշիչ-ձեւակերպումների մեջ առաջարկվում է մի փոփոխություն, որտեղ վերանայվում է կրոնական կազմակերպության անդամների նվազագույն շեմը` 200-ից 1000 հոգի, իսկ օրենքն ընդունելուց հետո եռամսյա ժամկետում վերագրանցում է կատարվելու, ինչպես որ արվել է այլ կազմակերպությունների (հասարակական, քաղաքական, լրատվական եւ այլ) դեպքում:

Լայն քննարկում որպես այդպիսին չստացվեց, որովհետեւ դահլիճն էր դատարկ, մեր պատգամավորներն առավել կարեւոր գործերով էին զբաղված, բայց շահագրգիռ քննարկում ստացվեց: Մեջբերենք առաջարկի որոշ դրույթներ հղկելու կողմնակիցներից երկուսի տեսակետներից: Մասնագիտությամբ կրոնագետ, «Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանը մատնանշեց այնպիսի ձեւակերպումներ, որոնք խղճի ազատության խնդիրների հանդեպ միջազգային կազմակերպությունների ակնդետ ուշադրության առկայությամբ կարող են ծուղակը նետել Հայաստանը: Բարոյական ճնշումը դժվար ապացուցելի հասկացություն է, բացի այդ քրեական հետապնդումը լավագույն տարբերակը չէ, նախ, որ դատական գործընթացներով միշտ էլ կարող են հակառակն ապացուցել դատապաշտպանների օգնությամբ, բացի այդ` դա կարող է առիթ դառնալ իրավական հալածանք իրականացնելու համար: Նրան հասկանալի չէր նաեւ, թե ինչի՞ց ելնելով ենք օրենք բերում դավանաբանական այնպիսի դրույթ, որտեղ ասվում է, թե քրիստոնեական դավանանքի դեպքում դավանում են Հիսուս Քրիստոսին որպես Աստծո եւ Փրկչի, եւ ընդունում են Սուրբ Երրորդությունը, այսինքն` դավանաբանական խնդրին օրենքի ուժ ենք տալիս, որը միջազգային պրակտիկայում լավագույն արդյունքի չի բերել: Աշոտյանն էլ բերեց Ֆրանսիայի օրինակը, որտեղ Եհովայի վկաները գրանցված չեն: Ֆրանսիան խղճի ազատության օրենսդրությամբ իր խնդիրներն է լուծում, եւ մեր ազգային անվտանգության խնդիրներն էլ պետք է մենք ինքներս լուծենք: Մի խոսքով` Վ. Խաչատրյանը ծուղակը չընկնելու համար առաջարկում էր հղկել օրենքը: Իսկ Վիկտոր Դալլաքյանը օրենքի հեղինակների գաղտնիքը հայտնեց` մաքսիմալ խնդիրներ են դրել, որ հետո կոմպրոմիսների գան: Անվտանգության առումով նա գտնում էր, որ հոգեորսության դեմ պայքարի խնդիրները պետք է դիտարկել պատճառների վերացման տեսանկյունից` տնտեսական, բարոյական, օրենսդրական համալիր լուծման տեսքով, եւ աղանդների տարածմանը հակընդդեմ թերացումներում տեղ տվեց նաեւ մեր եկեղեցուն: Ապա եւ անթույլատրելի համարեց մեր խորհրդանիշներից մեկի` կաթողիկոսի անձին ուղղվող վիրավորանքները մամուլում: Այս խորհրդանիշը, ըստ նրա, պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներին խառնվելուց եւ որպես չեզոք կողմ նպաստի իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը:

Օրենսդրական առաջարկները քննարկվել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, չնայած սրան` ԱԺ դահլիճում հնչում էր այս առաջարկները լսումներում լայն քննարկման դնելու գաղափարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4