«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2009-02-04 | #18, 2009-02-05 | #19, 2009-02-06


25 ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱՆ

26-ամյա Գեւորգ Հարությունյանը երիտասարդ տարիքում հասցրել է նկատելի հաջողությունների հասնել գիտության ոլորտում: Գեւորգը աշխատում է ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում: Նա նշում է, որ դեռեւս ուսանողական տարիներին իր մտահղացումները կյանքի կոչելու համար մասնակցել է տարբեր մրցույթների, քանի որ երիտասարդ գիտաշխատողը պետական աջակցություն չի ստանում: Գեւորգը ստանում է ընդամենը 30000 դրամ աշխատավարձ, մինչդեռ նրա խոսքերով, գիտնականի աշխատավարձը պետք է այնքան շատ լինի, որ նա չմտածի ուրիշ աշխատանք փնտրելու մասին: Գեւորգ Հարությունյանն ամենաերիտասարդն է այն 25 գիտնականների շարքում, որոնց ներկայացրած գիտական թեմաները հաղթող են ճանաչվել Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի գիտական մրցույթում: «Թեմաս ակուստիկ ալիքների մթնոլորտի վերին շերտերի փոխազդեցությունն է, որը հնարավորություն կտա պարզելու շատ հարցեր էկոլոգիային եւ ֆիզիկային վերաբերող, մասնավորապես ծրագրի իրագործումը հնարավորություն կտա կանխագուշակելու երկրաշարժերը: Շահած գումարը կբավականացնի ծրագրի մեկնարկի համար, շարունակության համար ունեմ նոր գաղափարներ: Հուսով եմ, դրանք եւս կհաջողվի իրականացնել», ասում է գիտնականը:

Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը ստեղծվել է ինը տարի առաջ Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո: Հիմնադրամն այն բացառիկ կազմակերպություններից է, որը գործելով Նյու Յորքում, նպատակ է հետապնդում կասեցնելու գիտական մտքի արտահոսքը Հայաստանից` դրամական աջակցություն ցուցաբերելով թե՛ երիտասարդ, թե՛ վաստակաշատ գիտնականներին: Մեկ տարվա գիտահետազոտական աշխատանքի համար նրանք ստանում են 5000 դոլար դրամաշնորհ, որն այս տարի տրամադրել է Նյու Յորքում ապրող հայ գիտնական Արմեն Ավանեսյանցը : Անցած ինը տարիներին ՀՕՖ-ի այս ծրագրում ընդգրկվել են 208 գիտական խմբեր` մոտ 900 գիտնականների մասնակցությամբ, դրամաշնորհային գումարը կազմում է արդեն 1 մլն 40 հազար դրամ: «Գիտնականների շրջանում այս մրցույթը մեծ հեղինակություն է վայելում: 2008 թվականին մասնակցության համար ստացել էինք 125 առաջարկ, որից հաղթող ճանաչված 25 թեմաները կիրագործվեն այս տարի: Հաղթողները ԳԱԱ ճյուղային ինստիտուտների եւ բուհերի գիտաշխատողներ են: Ցավոք, ամեն տարի ամենաքիչ հայտերը լինում են հայագիտության բնագավառից: Հուսով ենք, որ ԵՊՀ-ում բացված հայագիտության ամբիոնի միջոցով հնարավոր կլինի մրցույթի մասին տեղեկացնել ավելի մեծ թվով գիտնական հայագետների», երեկ դրամաշնորհների հանձնման արարողության ժամանակ նշեց ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը : Այս մրցույթի առանձնահատկությունը այն է, որ դիմել կարող են գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, իսկ մեկ անգամ հաղթող ճանաչված գիտնականը շարունակաբար կարող է մասնակցել մրցույթին: Այս տարի ֆիզիկան, նախորդ տարվա նման, շարունակում է մնալ թվով ամենաշատ շահած գիտական բնագավառը` 12 թեմա, երկրորդ տեղում կենսաբանությունն է` 4 թեմա, այնուհետեւ քիմիա եւ աստղագիտություն` 2-ական, մեխանիկա, ռադիոֆիզիկա, կենդանաբանություն, բնապահպանություն եւ արվեստաբանություն ` 1-ական թեմաներ:

ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Բեքարյանի ներկայացրած «Բայրոնը եւ հայ իրականությունը» թեման այս տարի միակն էր, որ ներկայացնում էր հայագիտության բնագավառը: «Մասնակցել եմ տարբեր գիտաժողովների Ճապոնիայում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ամենուր ներկայացրել եմ, թե ինչպես է Բայրոնը հայոց լեզուն սովորել եւ ինչ աշխատանքներ է տարել հայագիտության ասպարեզում: Հայաստանում այս թեմայի հանդեպ հետաքրքրություն չկա, երբ դիմում էի այս մրցույթին, հույս չունեի, որ կհաղթեմ», ասաց Անահիտ Բեքարյանը:

ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4