«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2009-02-05 | #19, 2009-02-06 | #20, 2009-02-07


ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԳՈՐԾԵԼ Է ՍԱՌՆԱՍՐՏՈՐԵՆ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Այո, սառնասրտորեն, քանզի նա այնքան ինքնավստահ է եղել իր կանխամտածված սպանությունն իրագործելիս, որ հրազենից 8 կրակոց է արձակել ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ուղղությամբ: Գնդակներից 3-ը գլխի հատվածում, մեկըՙ կրծքավանդակի, իսկ մյուս 4-ըՙ Գեւորգ Մհերյանի բնակարանի աստիճանահարթակի առաստաղին: Այստեղ մտորելու առիթ է առաջանում, թե արդյոք այդ 4-ը եղել են նախազգուշացնո՞ղ կրակոցներ, քանի որ մյուս 4 գնդակները եղել են մահացու: Եթե այո, ապա ինչո՞ւ չի փորձել պաշտպանվել Գ. Մհերյանը, կամ որտե՞ղ է եղել Մհերյանի վարորդ-թիկնապահը, ինչո՞ւ մինչեւ տան դուռը չի ուղեկցել փոխոստիկանապետին, որով գուցե կկանխեր սպանությունը: Վարկած կա նաեւ այն մասին, որ կրծքավանդակին ստացած հարվածը առաջին կրակոցից է եղել, որից հետո Գ. Մհերյանը կարողացել է բռնել մարդասպանի ձեռքը, եւ այդ ընթացքում է, որ 4 կրակոցները դիպել են առաստաղին, որից հետո հետզհետե թուլանալով 3 գնդակները «ընդունել է» գլխին:

Ասենք, որ Բարբյուսի 65 շենքում գտնվող 9 հարկանի շենքը (որի 7-րդ հարկի թիվ 26 բնակարանը Գեւորգ Մհերյանը մի քանի տարի առաջ էր գնել հայտնի արվեստագետների ընտանիքից ու հիմնովին վերանորոգել) ուներ երկու մուտքՙ աստիճաններով եւ վերելակով ու ամեն հարկում կա մուտքն ու ելքը կապող բաց պատշգամբ, որտեղից էլ հավանաբար օգտվել է մարդասպանը, հետեւելով թե երբ է շենք մտել Մհերյանը: Պտտվող խոսակցություններում հանդիպում ենք մի փաստի, որ դեպքից երեք օր առաջ, այդ նույն շենքի 8-րդ հարկի պատշգամբում երեք երիտասարդներ երեկոյան սպորտային գլխարկներով ու կաշվե բաճկոններով երկար զրուցել են, նույնիսկ ծխել... Գուցե այդ օրն էին նախատեսել մահափորձը, որը չէր հաջողվել... պարզ չէ:

Բայց մի բան պարզ է, որ մարդասպանը մենակ չի գործել ու ոտնաձայների արագ թփթփոց լսել են շենքի մարդիկ, որոնք վախից չեն ցանկացել արձագանքել: Սպանությունը այնքան մանրակրկիտ է մշակված եղել, որ իրավապահները դժվարանում են հետքեր գտնել ու ճիշտ վարկածներով տանել նախաքննությունը: Ենթադրվում է, որ փոխոստիկանապետին հետեւել են շենքի որեւէ հարկից ու ձեռքի լապտերիկով նշան արել, քանի որ դեպքի հաջորդ օրը բակում «Sony» ֆիրմայի մեկ մարտկոց կար ընկած մուտքից մոտ 20-25 մետր հեռավորության վրա: Գուցե այդ ազդանշանը փոխանցվել է 8-րդ հարկում դարանակալած մարդասպանին ու 1-ին հարկում վերելակի մոտ գտնվող մի մութ թաքստոցում գտնվողին, որն էլ կրակոցների առաջին ձայնից անմիջապես վերելակը բարձրացրել է 7-րդ հարկ ու մարդասպանին ապահով փախցրել դեպքի վայրից: Ենթադրվում է, որ հանցագործները դեպքի վայրի անմիջապես մեքենայով չեն դիմել փախուստի, այլ շենքի ձախ մասում եղած շատ նեղ ու մութ մի կածանով, որը դուրս է գալիս Կիեւյան փողոց ու հենց այդ շենքի բակում էլ նստել են մեքենաներ ու հեռացել: Կամարակապ այդ շենքի բնակիչները մինչեւ դեպքը մոտ 2 ժամից ավելի իրենց բակում նկատել են անծանոթ 2 մեքենաներ տարբեր մակնիշի, որոնց աղմուկով հեռանալը ուշադրություն է գրավել:

Կատարվածը նման է տարիներ առաջ իր տան շքամուտքի մոտ սպանված եւս երկու ղեկավար անձանց սպանությանը եւ կարծում ենք, որ այս աղմկահարույց սպանությունները ուղղորդվում են մեկ կենտրոնից, քանզի սպանության ձեռագիրը գրեթե նույնն է: Նախկին նախագահ Ռ. Քոչարյանի վստահելի մարդըՙ աջ ձեռքը հանդիսացող Գեւորգ Մհերյանը, կարծիք կա, որ մեծ դերակատարություն ուներ մարտի 1-ի դեպքերի ժամանակ եւ խոսվում էր, որ հենց Մհերյանը պետք է նշանակվեր ՀՀ ոստիկանապետ: Սակայն ինչ-ինչ պատճառներով վերջինս նշանակվեց փոխոստիկանապետ, հետագայում ակնկալելով ոստիկանապետի պաշտոնը: Առայժմ շատ ինչուների պատասխանները իրավապահները չեն կարողանում հստակ տալ: Բայց մի բան պարզ է դառնում, որ վախի ու անվստահության մթնոլորտը շիկանում է ու դա որեւէ լավ բանի չի կարող հասցնել: Ուստի անհրաժեշտ է շուտափույթ միջոցներ ձեռնարկել:

Փետրվարի 6-ին «Առավոտ» օրաթերթը տպագրել էր մարդասպանի ֆոտոռոբոտը: «Ազգը» փորձեց ՀՀ քննչական հատուկ ծառայության եւ ՀՀ ոստիկանության մամուլի կենտրոններից ճշտել, որքանո՞վ է հավաստի տպագրված ֆոտոռոբոտը: Երկու ծառայություններից էլ պատասխանեցին, որ նման ֆոտոռոբոտ չկա, լինելու դեպքում պաշտոնապես այդ մասին կտեղեկացվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4