«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2009-02-05 | #19, 2009-02-06 | #20, 2009-02-07


ՏԻԿԻՆ ՌԱՔԵԼ ԴԻՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄՈՒՍՆՈՒ ԳՈՐԾԸ

Հաղթահարելով անձնական վիշտը Հրանտ Դինքի այրինՙ Ռաքելը, խիզախաբար եւ հաստատակամորեն շարունակում է ամուսնու գործը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առնչությամբ: Վերջերս նա Քեմբրիջում (ԱՄՆ) «Հրանտ Դինքի բարեկամները» նորաստեղծ խմբավորման հրավերով Մասաչուսեթս նահանգն է այցելելՙ մասնակցելու Դինքի ժառանգությանը նվիրված քննարկմանը, որին մասնակցել ենՙ «ճակատագրի սեւ շունը» եւ «Այրվող Տիգրիսը» հատորների հեղինակ Պիտեր Բալաքյանը, Հարվարդի բժշկական կրթօջախի դասախոս, դոկտ. Ռոբերտ Ջեյ Լիֆտոնը, «Դեմ առ դեմ պատմությանը եւ ինքներս մեզ հետ» կրթական կազմակերպության մենեջեր Էնդրոլ Տարսին («Հակավարկաբեկման լիգայի Նյու Ինգլենդի մասնաճյուղի նախկին գործադիր տնօրեն), «Էկոնոմիստ» հանդեսի Թուրքիայի թղթակից Ամբերին Զամանը եւ թուրք պրոֆեսոր Օքթայ Օզալը:

Քեմբրիջի «Կրեսք» հանդիսասրահում փետրվարի 1-ին կայացած քննարկումը վարել է «Արմինյն ուիքլի» շաբաթաթերթի խմբագիր Խաչիկ Մուրադյանը: «Մենք տեղ չենք տալիս ատելությանը», նշել է իր խոսքում Ռաքել Դինքը, հույս հայտնելով, որ ինչպես Օբամայի նախագահ ընտրվելով իրականություն դարձավ դոկտ. Մարթին Լյութեր Քինգի երազանքը, այնպես էլ Հրանտի երազանքըՙ Թուրքիայում հավասարություն եւ արդարություն տեսնելու, մի օր կիրականանա:

Տկն Ռաքել Դինքը նախօրեին (հունվարի 31-ին) մասնակցել է նաեւ «Հայ կանանց միջազգային ասոցիացիայի» կազմակերպած գիտաժողովին, որը տեղի է ունեցել Առլինգտոնի «Հայ մշակույթի» կենտրոնում: Նա խոսել է սիրիական սահմանի մոտ քրդական մի գյուղում ապրած իր կյանքի, այնուհետեւ Ստամբուլ տեղափոխվելու եւ Հրանտի հետ հանդիպելու մասին: Նշել է նաեւ, որ ամուսնու մահը փոխել է որոշ թուրքերի մտայնությունը, նրանք սկսել են խոսել այնպիսի թեմաներից, որ մի ժամանակ տաբու էին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4