Շնորհանդեսը չզուգահեռվեց, այլ հաջորդեց կազմակերպության գոյությանըՙ երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ներկայացվեց «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը: Այն ստեղծվել է 2008 թվականի օգոստոսին, մշակույթի նախարարության նախաձեռնությամբՙ հանրապետության երաժշտական, արվեստի եւ գեղարվեստի դպրոցների սաներին եւ ուսուցիչներին գործնական աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի գործունեությունը սահմանվում է վեց կետով ու ներառում նշյալ դպրոցների ուսուցման մասնագիտական ծրագրերի, մեթոդական ուղեցույցների ստեղծում ու մշակում, երաժշտական եւ արվեստի ոլորտներում մրցույթների եւ փառատոների իրականացում:
Բացելով շնորհանդեսըՙ հիմնադրամի նախագահ Նելլի Սարգսյանը նշեց. «Նախ աշխատեցինք, ապա միայն փորձեցինք ներկայանալ: Կարծում եմ հիմնադրամի 5 ամիսների գոյության ընթացքում հասցրել ենք բավականին աշխատանք իրականացնել, եղել ենք բոլոր մարզերումՙ կազմակերպել վարպետության դասեր ու դասալսումներ բոլոր մասնագիտությունների գծովՙ կոնսերվատորիայի շուրջ 100 պրոֆեսորների ու մայրաքաղաքի երաժշտական դպրոցների ուսուցիչների միջոցով: Պարզել ենք նաեւ խնդիրները, որոնց լուծման դժվարությունները տեսնում ենք, բայց եւ հույս ունենք միջոցներ գտնել դրանց իրականացման համար»:
Իսկ խնդիրներից ամենաակնառուն ու հրատապը մարզերում մասնագետների պակասն է, որի լուծումն, ըստ հիմնադրամի նախագահի, համապատասխան բուհերի ուսանողներին որոշակի ժամանակով պայմանագրային կարգով մարզերում աշխատանքի ուղարկելն է, իհարկե կեցության ու մնացյալ խնդիրների լուծմամբ: Մարզեր այցելած երաժիշտներից է նաեւ թավջութակահար Արամ Թալալյանը , որը վստահեցրեց. «Կատարվող աշխատանքն իրոք շատ անհրաժեշտ է ու նպատակը ամենեւին էլ աստղերի ու բացառիկ կարողությունների տեր երեխաներին բացահայտելը չէ, չնայած, որ պատահի, իհարկե, աչք չենք փակի, բայց կարեւորում ենք երաժշտական լավ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել ու պատրաստել այն մակարդակի երաժիշտներ, որոնք կարողանան հետագայում դասավանդել: Այդ առումով թավջութակի դասարաններում խնդիր կա: Ողջ Լոռու մարզում այդ գործիքը նվագում է մի պատանի, Արցախում երեքն ենՙ բոլորն էլ Ստեփանակերտում, բացի այդ, տարբեր պատճառներով Հայաստանում չէ այն սերունդը, որը կարող էր ապահովել մասնագիտական միջին շերտն ու դասավանդողների պակաս չէր լինի: Այս պակասն է, որ փորձում ենք լրացնել եւ մարզերում ակտիվ աշխատանքը կվերսկսենք գարնանը»:
Ի թիվս թվարկված աշխատանքների, իրականացվել է նաեւ 18 անուն մեթոդական գրականության, երաժշտության դասագրքերի ու նոտաների տպագրություն եւ ամբողջը տրամադրվել է հանրապետության երաժշտական ու արվեստի դպրոցներին, մարզային գրադարաններին: Հիմնադրամի 5 ամիսների բյուջեն կազմել է 38 միլիոն դրամ:
Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը նշեց. «Խորհրդային տարիներին գործած մեթոդ կաբինետների փլուզումից հետո տարանջատվել ու տեղյակ չէինք նույն ոլորտում աշխատողներից ով ինչ է անում: Հիմա կա միավորող ու արդյունավետ աշխատելուն ամենայնս նպաստող օղակՙ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը: Հարկ է համախումբ աշխատել»:
Ն. Պ.