«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2009-02-05 | #19, 2009-02-06 | #20, 2009-02-07


ՎԻԿՏՈՐ ԳԱՐԴՈՆ (1903-1973)

Ֆրանսահայ գրող, որ քչերին է հայտնի

Կանադայում լույս տեսնող «Ապագայ» ազգային-հասարակական շաբաթաթերթի հունվարի 19-ի համարը հիշեցնում է, որ անցած տարին հոբելյանական էր նաեւ ֆրանսահայ գրող Վիկտոր Գարդոնի համար: Ի դեպ, ոչ միայն նրա մահվան 35-րդ տարելիցն էր, ինչպես թերթն էր նշում, այլեւ նրա ծննդյան 105-ամյակը:

Վիկտոր Գարդոնը գրական ծածկանունն է Վահրամ Կաքավյանի: Ծնվել է Վանում 1903-ի մայիսի 25-ին: Եղեռնից հետո ապագա գրողը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որտեղ փայլուն հաջողությամբ ավարտում է Կեդրոնական վարժարանը: Նրա դասընկերներն են եղել Զավեն Սյուրմելյանը եւ Նիկողոս Սարաֆյանը, իսկ դասախոսներըՙ Հակոբ Օշականն ու Վահան Թեքեյանը: Վերջինիս խմբագրած «Ժողովուրդի Ձայն» օրաթերթում լույս է տեսնում նրա առաջին գրությունըՙ «Հավիտենական թափառականը» խորագրով (1920): 1922-ի դեկտեմբերին նա հեռանում է Պոլսից եւ հաստատվում Փարիզում, որտեղ շարունակում է ուսումը Բլանկֆորի երկրագործական վարժարանում: Ձեռք է բերում զանազան արհեստներ, դառնում Հայաստանի օգնության կոմիտեի քարտուղարը: Աշխատակցում է «Երեւան» օրաթերթին, որտեղ հրատարակում է երեք գրություններ «Լենա» խորագրի ներքո: Ապա 1926-ին հետեւում է Սորբոնի համալսարանի դասընթացներին: 1929-ին հրատարակում է իր առաջին եւ միակ հայերեն հատորըՙ «Պողպատե սերմեր» խորագրով, որտեղ ամփոփված են 1927-ին գրված 3 պատմվածքներ, որոնք նախապես հրատարակված էին «Ցոլք» պարբերականի մեջ: Աշխատակցում է զանազան հայկական թերթերի, ինչպես «Պայքար» (ԱՄՆ), «Արեւմուտք» եւ «Յառաջ» (Ֆրանսիա):

Ամուսնանում է 1929-ին, իսկ 10 տարի անցՙ զինվորագրվում: Մեկ տարի ծառայելուց եւ կռիվների մասնակցելուց հետո գերի է ընկնում Գերմանիայում, բայց նրան հաջողվում է փախչել եւ միանալ Նիմի շրջանի դիմադրական շարժմանըՙ զորավոր Զելլերի հրամանատարության տակ: Այստեղ է, որ ստանում է իր Վիկտոր Գարդոն անունը: Կազմակերպում է Վերմախտի հայկական զորագնդի ամրապնդումը, մասնակցում Մենդի ազատագրմանը: Նշանակվում է խորհրդային քաղաքացիների սպայակույտի պետ, արժանանում Պատվո լեգեոնի ասպետ շքանշանին:

Պատերազմի ավարտից հետո ձեռնարկում է գրել իր առաջին վեպը, սակայն հիվանդանում է եւ երկար ժամանակ անգործության մատնվում: 1957-ին սկսում է եւ 2 տարի անց լույս ընծայում «Կյանքի կանաչ արեւը» վեպը, որին հաջորդում է «Զմրուխտակիր ասպետը»: Այս երկու հատորները հայերեն է թարգմանել Կահիրեում լույս տեսնող «Արեւ» օրաթերթի նախկին երկարամյա խմբագիր Ավետիս Յափուջյանը, որն այժմ ապրում է Ավստրալիայում եւ խմբագրում «Միություն» ամսագիրը:

Գարդոնի 3-րդՙ «Բոսորագույն հայտնություն» հատորը լույս է տեսել 1970-ին: Բոլոր երեք վեպերն էլ արծարծում են հայ ժողովրդի անասելի ողբերգությունը:

Գարդոնը մահացել է Փարիզում 1973-ին սրտի տագնապից:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


Նկար 2. «Կյանքի կանաչ արեւը» գրքի շապիկը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4