«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2009-02-05 | #19, 2009-02-06 | #20, 2009-02-07


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

«Եգիպտահայ հայացքներ պատմության, քաղաքականության ու մշակութային ժառանգության մասին»

Հեղինակ` Պերճ Թերզյան

Կահիրեում 2008-ին լույս է տեսել եգիպտահայ հասարակական գործիչ, տեղի ՀԲԸՄ-ի ղեկավարներից Պերճ Թերզյանի «Րուաա արմանիյա մսրիյա ֆի ալթարիխ ուալսիյասա ուալթուրաս» («Եգիպտահայ hայացքներ պատմության, քաղաքականության ու մշակութային ժառանգության մասին») արաբերեն գիրքը: Գիրքը տպագրվել է Կահիրեի Նուբար հրատարակչատանը:

Պերճ Թերզյանը ծանոթ անուն է ոչ միայն եգիպտահայ, այլեւ սփյուռքահայ մտավորական շրջանակներում ընդհանրապես: Նա ՀԲԸՄ-ի Եգիպտոսի մասնաճյուղի ատենապետն է 1988-ից ի վեր, ինչպես նաեւ խորհրդատու անդամ է ՀԲԸՄ-ի Կահիրեի «Տեղեկատու» պաշտոնաթերթի ու «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելվածի խմբագրակազմերի: Պերճ Թերզյանը երկար տարիներ ծառայել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմական ժողովում: Զբաղվում է հրատարակչական ու տպագրական գործունեությամբ:

Գիրքը կազմված է 1998-2008 թթ.. Կահիրեի «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելվածներում լույս տեսած հեղինակի 40 առաջնորդող հոդվածներից: Պերճ Թերզյանի հոդվածները շոշափում են պատմության, քաղաքականության ու մշակութային ժառանգության ամենատարբեր հարցեր: Հեղինակի հետաքրքրությունների ծիրում են Եղեռնն ու նրա հետեւանքները, հայ ժողովրդի պատմության նորագույն էջերը, հայության դիմագրաված մարտահրավերները` Հայաստանում թե սփյուռքում, Հայաստանում ու Արցախում տիրող քաղաքական իրավիճակը, Հայոց եկեղեցու հարցերը, արաբա-իսրայելյան հակամարտությունը, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային խնդիրները, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայ-արաբական հարաբերությունները, սփյուռքահայ համայնքների ու նրանցում ստեղծագործող հայտնի մշակութային գործիչների կյանքը: Հեղինակը գիրքը ձոնել է ասպնջական Եգիպտոսին ու նրա ժողովրդին:

ՀԲԸՄ-ի ու Հայ ազգային հիմնադրամի համատեղ ջանքերով լույս տեսած գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել հունվարի 18-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում, ներկա են եղել եգիպտացի պետական դեմքեր, նախարարներ, մտավորականներ ու հայ համայնքի ներկայացուցիչներ: Գրքի մասին խոսել են Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, գրքի խմբագիր ու «Արեւի» արաբերեն հավելվածի պատասխանատու խմբագիր Մոհամմեդ Ռեֆֆադ էլ Իմամն ու հեղինակ Պերճ Թերզյանը, որոնք շեշտել են հայկական տեսակետները արաբական հանրային կարծիքին հասցնելու եւ արաբ ընթերցողներին մեր ազգային խնդիրներին ծանոթացնելու գործում գրքի նշանակությունը:

Հ. Ե.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4