«Ես քեզ շատ եմ սիրում, Վերժինե». սիրո այս անկեղծ խոստովանությունը կարելի է կարդալ Քանաքեռի բարձրահարկ շենքերից մեկի պատին. խենթ սիրահարը, անտեսելով բարձրությունը, շենքի ողջ երկայնքով գրել է իր սիրո մասին: Եթե դուք, այնուամենայնիվ, վախենում եք բարձրությունից կամ գերադասում եք սեր խոստովանելու փոխարեն ձեր սիրեցյալին ուրախացնել նվերներով, ապա զինվեք կլորիկ գումարով եւ շրջեք Երեւանի խանութներով:
Հայ սիրահարները, ի տարբերություն մյուս երկրներում ապրող իրենց բախտակիցների, սիրո տոնը նշում են երկու անգամ` Սուրբ Սարգսի եւ Սուրբ Վալենտինի օրը, սակայն նվերներ գերադասում են փոխանակել Սուրբ Վալենտինի օրը: «Մեզ մոտ ավելի մեծ աշխուժություն է տիրում Սուրբ Վալենտինի նախօրեին: Երիտասարդների համար մեր հայկական տոնը, տարօրինակ մի մտայնությամբ, դեռեւս այնքան էլ հոգեհարազատ չէ, այն ավելի շատ կապված է աղաբլիթի ավանդության հետ: Սակայն պետք է նշեմ նաեւ, որ նվերների վրա հիմնականում գրված են Վալենտինի անունը ու անգլերեն բարեմաղթանքներ, դա էլ է նպաստում եվրոպական տոնի տարածմանը», նկատեց բացիկներ ու հուշանվերներ առաջարկող խանութներից մեկի վաճառողը: Իհարկե, քիչ չեն նաեւ նրանք, որ սիրո տոնը գերադասում են նշել հայոց սրբի հովանու ներքո:
Եվ այսպես, ի՞նչ են նվիրում միմյանց հայ երիտասարդները: Նվերների հիթ շքերթը գլխավորում են շոկոլադե եւ մոմե սրտիկները, որոնք կարող եք գնել 1000-3000 դրամով, սրտիկների հետ կարող եք ընտրել գեղեցիկ սիրային բացիկներ` 300-3000 դրամ արժողությամբ: Բացիկներում սիրո խոստովանությունները գրված են անգլերեն եւ ռուսերեն տառերով, քանի որ մեր երիտասարդներից շատերին թվում է, որ հայերենը սիրո լեզու չէ... Զարմանալի է, բայց աղջիկներից շատերը նախընտրում են իրենց ընտրյալին նվիրել փափուկ արջուկներ, իսկ տղաներըՙ ոչ այնքան ռոմանտիկ կենդանի, ասենք, վագր կամ սեւ հովազ: Փափուկ խաղալիքների ինքնարժեքը 1500-15 000 եւ ավելի դրամ է: Ավանդական կարմիր վարդ սիրահար տղաները աղջիկներին գերադասում են նվիրել Սուրբ Վալենտինի տոնին, նկատում է ծաղկավաճառներից մեկը, իսկ Սուրբ Սարգսի տոնին վաճառում են փոքրիկ ծաղկեփնջեր` 2500-4000 դրամ արժողությամբ: Նա խոստովանեց, որ փետրվարի 14-ին ծաղիկների գինը բարձրանում է, մասնավորապես մեկ վարդի արժեքըՙ կախված չափից, տատանվում է 500-ից 3000 դրամի սահմաններում, իսկ մեծ ծաղկեփնջերըՙ 10 000-15 000 դրամ են: Իսկ ձնծաղիկներն օգնության են հասնում ոչ այնքան հարուստ երիտասարդներին: Այս օրերին լավ են վաճառվում նաեւ սրտիկաձեւ փուչիկները, տորթերը, նկարների շրջանակները, նշում են վաճառողները, կան նաեւ օծանելիք եւ կոսմետիկ պարագաներ գերադասողներ:
Անկախ ձեր ընտրած նվերի չափից եւ գնից, մի մոռացեք հանձնելիս արտասանել կախարդական բառերը, առանց որոնց ամենաթանկարժեք նվերը կկորցնի իր գրավչությունը` ես քեզ սիրում եմ:
ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ